Այսօր Արցախի շրջափակման 51-րդ օրն է։ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ Aravot.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է Արցախի գրական ընտանիքի անդամների հետ։
«Ապրում եմ բլոկադայում գտնվող բոլոր քաղաքացիների պես` կրելով այն անհարմարություններն ու զրկանքները, որոնք ծառացել են մեր առջեւ։ Շրջափակումը չի տարբերակում մարդկանց, եւ քո գրող լինելը առավելություն չի տալիս, չի թեթեւացնում քո հոգսը, ընդհակառակը` շատացնում է քո մտածմունքը այն մարդկանց համար, ովքեր մանկահասակ երեխաներ ունեն եւ պիտի դիմակայեն ներկա պայմաններում։ Ինչ ասեմ, դժվար օրեր ենք ապրում, բայց պարտավոր ենք դիմանալ». արձակագիր, դերասան Համլետ Մարտիրոսյան։
«44-օրյա պատերազմից հետո, ճիշտն ասած, իմ անցյալն ու ներկան արդեն աղերսներ չունեին իրար հետ։ Բոլոր անելիքները, նպատակներն ու հեռահար ծրագրերը մնացել են անցյալում։ Ներկան օրվա հրամայականով է պայմանավորված. անել անհրաժեշտը, չմոռանալ ամենակարևորը և վերջում ամփոփել օրը։ Շրջափակումն ինձ համար նորություն չէր, 90-ականների իմ օրիորդական միտքը հաճախ էր տագնապում ճանապարհ չկա, հացը վերջանում է, դեղորայք չկա, էսպես որ շարունակվի արտահայտություններով։ Այսօր ես դժվարանում եմ պատասխանել իմ երեխաների հարցերին: Ամենամտահոգիչը հոգեբանական ճնշումն է, դպրոցների, մանկապարտեզների, աշխատավայրերի փակումը և, իհարկե անորոշությունը։ Երբևէ չեմ ընկրկել ֆիզիկական դժվարությունների առաջ։ Բոլորիս հուսահատեցնում է անորոշությունը սեփական արյամբ պահած հողի վրա ապրելու անկարողությունը։ Հայրենիքը դարձել է փորձադաշտ։ «Ով ավելի երկար կդիմանա, նա ավելի լավ հայ է». սա չպիտի դառնա կարգախոս, որովհետև սեփական երկրում ապրելը հերոսություն չէ։
Կարդացեք նաև
Սա փորձություն է, որ ավելի շատ սիրենք երկիրը, մշակենք հողը, գնահատենք եղածը և ամրանանք։ Ուրիշ ճանապարհները Տուն չեն տանում և ուրիշը այդ ճանապարհով Տուն չի գնա». բանաստեղծուհի, ԱրՊՀ-ի դասախոս, բ.գ.թ. Տաթև Սողոմոնյան։
Պատրաստեց ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
Մաս 1` այստեղ
Մաս 2` այստեղ