Վերջերս կառավարության նիստում մի երևույթ տեղի ունեցավ, որն աննախադեպ է ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի պրակտիկայում։ Խնդիրն այն է, որ նիստի ժամանակ գլխավոր դատախազը, խոսելով Ազատ գյուղի դեպքերի և հարուցված քրեական գործի մասին, հայտարարեց, թե վարչապետին պարբերաբար զեկուցել է և հիմա էլ զեկուցում է։ Իրականում Սահմանադրության և օրենքների համաձայն, գլխավոր դատախազը չի կարող զեկուցել վարչապետին։
Այլ կերպ ասած՝ ո՛չ ՀՀ Սահմանադրության 8-րդ գլխում, որը վերաբերում է դատախազությանը և քննչական մարմիններին, ո՛չ էլ «Դատախազության մասին» ՀՀ օրենքում գլխավոր դատախազին նման գործառույթ վերապահված չէ, ավելին՝ նա նույնիսկ կառավարության անդամ չի հանդիսանում։ Գլխավոր դատախազն ընտրվում է Ազգային ժողովի կողմից, հաշվետու է խորհրդարանին և յուրաքանչյուր տարի նա խորհրդարանին հաղորդում է ներկայացնում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին: Գլխավոր դատախազի կողմից նույնիսկ խորհրդարանին զեկուցելու լիազորություն վերապահված չէ։ Գլխավոր դատախազը ոչ միայն պարտավոր չէ, այլև իրավունք չունի վարչապետին զեկուցել այս կամ այն քրեական գործի ընթացքի և ձեռնարկվող միջոցառումների մասին։
Բացի այդ, դատախազի գործունեությանը օրենքով չնախատեսված միջամտությունն արգելվում է և առաջացնում օրենքով սահմանված պատասխանատվություն: Ամենաշատը գլխավոր դատախազը կարող է միայն թույլատրելիի սահմաններում ինչ-որ իրադարձությունների մասին որոշակի տեղեկություններ հաղորդել երկրի վարչապետին: Բայց «զեկուցելը», առավել ևս այնպիսի մանրամասներով, որ, «նախաքննության շահերից ելնելով՝ այս պահին ուղղակի չեմ բարձրաձայնի», այսինքն՝ հրապարակային բարձրաձայնման ենթակա չեն, արդեն իսկ վկայում է լուրջ համակարգային խնդրի առկայության մասին։
Տարբեր փորձագետներ բազմիցս ընդգծել են, որ քաղաքական թիմի անդամը չպետք է դառնա անկախ մարմնի ղեկավար։ Իսկ հիմա ունենք այնպիսի մի իրավիճակ, երբ գլխավոր դատախազ է քաղաքական թիմի անդամը։ Շատերի կարծիքով, նորանշանակ գլխավոր դատախազի՝ Փաշինյանին զեկուցելու պատճառներից մեկն այն է, որ նա դեռևս իրեն զգում է որպես վարչապետի օգնական, որը պետք է պարբերաբար զեկուցի աշխատանքների մասին, իսկ վարչապետն էլ դրանց հիման վրա հանձնարարություններ տա։
Կարդացեք նաև
Հնարավոր է՝ նա գլխավոր դատախազ նշանակվել է հենց այդ կարգավիճակով: Այստեղ գալիս ենք մեկ այլ եզրահանգման. եթե կա զեկուցում, ապա դա ենթադրում է, որ կա նաև հանձնարարություն: Այսինքն, դատախազությանը վարչապետի կողմից ուղիղ հանձնարարության առկայության դեպքում ակնկալել արդար քննություն պարզապես միամտություն է:
ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում