Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի յուրաքանչյուր իշխանություն փորձում է իր օրինակարգությունը կառուցել նախորդին մերժելու հաշվին․ «Հայացք Երեւանից»

Հունվար 31,2023 09:00

Հայաստանի յուրաքանչյուր իշխանություն փորձում է իր օրինակարգությունը կառուցել նախորդին մերժելու հաշվին: Ինչո՞ւ է այդպես ստացվում, որո՞նք է դրա պատճառն ու բացասական հետեւանքները: Բայց նախ՝ մի փոքր ժամանակագրություն:

Սկսած 1988 թվականից՝ արցախյան շարժումը, ի դեմս «Ղարաբաղ» կոմիտեի, իր ողջ քարոզչությունը կառուցում էր կոմունիստական իշխանությանը քննադատելու վրա, ինչի համար կային ե՛ւ օբյեկտիվ, ե՛ւ սուբյեկտիվ պատճառներ: Եթե դիտարկենք բուն Արցախի հիմնահարցը, որի վրա էր խարսխված 3-րդ Հանրապետության գաղափարախոսությունը, ապա ստացվում է, որ Արցախի հանձնումն Ադրբեջանին՝ խորհրդային իշխանության անարդար ազգային քաղաքականության հետեւանք էր, ինչն ուղղելու համար էլ ստեղծվել էր այդ կոմիտեն:

Մյուս գաղափարական հենասյունը անկախությունն էր, որը պետք է նվաճել խորհրդային կարգից ձերբազատվելու համար, երրորդը ազատության գաղափարն էր՝ ազատ շուկա, ազատ կամարտահայտություն եւ այլն: Մի խոսքով՝ պետք է ընտրեինք «Ազատ աշխարհի» արժեքները: Չորրորդ կետը կոմունիստական կոռուպցիոն վարչակարգից ազատագրվելն էր, այսինքն՝ դա պայքար էր նաեւ ընդդեմ խորհրդային կուսակցական ղեկավարների սոցիալական անարդարությունների: Սա իր մեջ կրում էր ե՛ւ օբյեկտիվ հանգամանքներ, ինչը բնորոշ էր հետխորհրդային բոլոր երկրներին, ե՛ւ սուբյեկտիվ, քանի որ հիմքում իշխանության հարցն էր, եւ նախորդներին մերժելով էր հնարավոր գալ իշխանության ու ձեւավորել նոր իշխող ընտրանի՝ էլիտա:

Հետագայում այս մոտեցումը շարունակվում էր՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմը մերժվեց՝ որպես ընտրակեղծարար եւ «թալանչի»: Նրան փոխարինելու էր եկել Ռոբերտ Քոչարյանի թիմը՝ ի դեմս նախկին իշխանության ու նախկին ընդդիմության խառնամբոխի, որի գաղափարական հենքը Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածի թեզերին չհամաձայնելն էր: Ակնհայտ էր, որ հետխորհրդային նորաթուխ ընտրախավը կիսվել է, Հայաստանի պաշարամիջոցները բոլորին չէին բավականացնում, եւ «ավելորդները» պետք է մի կողմ քաշվեին: Խաղից դուրս մնացածների ռեւանշը՝ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, 2008-ին անհաջողության մատնվեց: Արդյունքում բոլորը բոլորին սկսեցին մերժել:

2018-ին իշխանության եկան «փողոցի» տղաներն ու աղջիկները, որոնց հիմնական քաղաքական թեզը նորից նախորդներին մերժելն էր՝ թե՛ նախկին իշխանությանը, թե՛ նախկին ընդդիմությանը, ինչի վրա էլ կառուցեցին իրենց իշխանության օրինակարգության միակ հայեցակարգը: Ապագային միտված դրական, կառուցողական որեւէ այլ թեզ նրանք չունեին: Եվ, ինչպես ցույց տվեց կյանքը, առանց ծրագրի ու ապագայի հստակ տեսլականի, առանց պատասխանատվության՝ իշխանության ստանձնումը աղետ բերեց ազգի գլխին: Հանրության մի զգալի հատված՝ թերեւս արդեն ճնշող մեծամասնությունը, այժմ կարծես թե նոր, ավելի արդյունավետ «մերժողներ» է փնտրում: Սա է այսօր հանրության սոցիալական հարաճուն պահանջը:

Հիմա փորձենք հասկանալ այս երեւույթի մյուս բացասական կողմերը: Կայուն երկրներում քաղաքական պայքարն ընթանում է ապագայի պատկերացումների շուրջը՝ ով ինչ առաջարկ ունի հանրությանը եւ ինչպես կարող է այն հիմնավորել հանրությանը մատչելի լեզվով: Սա է ընտրությունների միջոցով իշխանության ձեւավորման ամբողջ իմաստը: Ընտրել ոչ թե ապագային միտված խոստումնալից հայեցակարգերը, այլ նախկիններին ու ներկաներին մերժողներին՝ նշանակում է ինքնաբերաբար քանդել նաեւ անցյալի դրական ձեռքբերումները՝ առանց ունենալու ապագայի որեւէ նախագիծ:

2018-ի «մերժողների» ծանր ժառանգությունը պետք է դաս լինի մեզ համար՝ չգնալու սոսկ «մերժման» ճանապարհով, այլ ընտրելու ապագայի հեռանկար՝ այնպիսին, ինչպիսին գոնե այս փուլում ոչ ոք հանրությանը չի առաջարկել:

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) ACNIS reView Հայացք Երեւանից կայքէջի acnis.am 2023թ.-ի 3-րդ համարից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031