ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են Ադրբեջանի դեմ ՀՀ-ի ներկայացրած հայցի վերաբերյալ լսումները։ ՄԱԿ-ի դատարանում Ադրբեջանի ներկայացուցիչ Փիթեր Գոլդսմիթը, հանդես գալով Ադրբեջանի շահերի օգտին, կարծիք հայտնեց, որ Լաչինի միջանցքում շարունակվող «բնապահպանական ցույցերը» ռասայական խտրականության տարրեր չունեն, հետեւաբար՝ դատարանը չի կարող միջանկյալ միջոցներ կիրառել․ «Պատշաճ չէ ՀՀ-ի պահանջը։ Համոզի՞չ է ռասայական խտրականության հանգամանքը, որը կարող է մեղսագրվել Ադրբեջանին։ Ոչ։ Ադրբեջանցիները խաղաղ հավաքների եւ բողոքների իրավունքն են իրականացնում եւ քանի դեռ դրանք չեն կարող որակվել որպես ռասայական խտրականություն, ՀՀ-ն չունի միջանկյալ միջոց կիրառելու հիմնավորում։ Բողոքավորները մեծամասամբ քաղհասարակության կազմակերպություններն են ներկայացնում Ադրբեջանի։ Փաստորեն, դա ՀՀ-ի կողմից էլ է ընդունվում։ Հարյուրից ավելի հկ/ներ են մասնակցել բողոքներին»։
Ուշագրավ է, որ Ադրբեջանի օգտին խոսող պրոֆեսորն էկրանին ցույց տվեց ադրբեջանցի «բնապահպանների» լուսանկարները, բայց ոչ այն «բնապահպանների», որոնք «գորշ գայլեր» ծայրահեղական կառույցի անդամներ են եւ վերջիններիս հայտնի նշանն են ձեռքով ցույց տալիս, սպառնալիքներ հնչեցնում։ Փիթեր Գոլդսմիթն այնուհետեւ նշեց, որ Ադրբեջանը միջպետական գանգատ է ներկայացնելու ՀՀ-ի դեմ, քանի որ փաստեր ունի «իր ազատագրած տարածքներում» ապօրինի եւ խախտումներով իրականացված հանքարդյունաբերության հետեւանքների մասին։
Ավելի ուշ Գոլդսմիթն, այնուամենայնիվ, հիշատակեց, որ ՀՀ-ն փաստեր է ներկայացրել «բնապահպանների»՝ ծայրահեղական կառույցներում ներգրավվածության մասին, սակայն կոնկրետ կառույցի անուն չտվեց եւ դատավորներին կոչ արեց ստուգել ՀՀ-ի փաստերը, որովհետեւ դրանք, իր գնահատմամբ, հիմնավոր չեն։ Նա նաեւ ցույց տվեց տեսանյութեր, թե ինչպես են բողոքի ցույցի վայրով ՌԴ խաղաղապահների եւ կարմիր խաչի մեքենաներն անցնում եւ բեռներ փոխադրում՝ որպես ապացույց, թե շրջափակում իրականում չկա։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ-ի շահերը ներկայացնող պրոֆեսոր Լինոս Ալեքսանդր Սիսիլիանոսը հիմնավորեց, որ ԼՂ-ի շրջափակումը համապատասխանում է էթնիկ զտումների երկարատեւ քաղաքականությանը։ Հիշեցնենք նաեւ, որ ՀՀ-ն պահանջում է, որ Ադրբեջանը պետք է դադարի իր օժանդակությունը և կազմակերպումն այսպես կոչված բողոքի ցույցերի, որոնք խոչընդոտում են Լաչինի միջանցքի անխափան աշխատանքին․ Ադրբեջանը պետք է երաշխավորի անձանց, բեռների, մեքենաների անխաթար շարժը Լաչինի միջանցքի ողջ երկայնքով, երկու կողմով, անմիջապես պետք է վերականգնի և ձեռնպահ մնա խաթարելուց բնական գազի կամ այլ հանրային ծառայությունների մատուցումը ԼՂ-ին։
Կարդացեք նաև
Բանավոր լսումների փուլն այսքանով ավարտվեց։ Կողմերը կտեղեկացվեն որոշման հրապարակման մասին։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ