Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ հայտնի է, որ Արամ Գասպարյանին առանց որեւէ բանի բռնել, տարել են». Հովհաննես Սարգսյան

Հունվար 30,2023 22:45

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի անվտանգության դեպարտամենտի նախկին ղեկավար Արամ Գասպարյանի գործով դատական նիստին այսօր հարցաքննվեց գործով վկա , կոմբինատի նախկին աշխատակից Հովհաննես Սարգսյանը: Վերջինս պատմեց, որ Գասպարյանն իր վերադասն է եղել, ընկերն է:

«Ինձ հայտնի է, որ Արամ Գասպարյանին առանց որեւէ բանի բռնել, տարել են, էսօրվա դրությամբ դատում են, որեւէ քրեական հանցագործություն չկա»,-այսպես պատասխանեց նիստը նախագահող դատավորի հարցին վկան, թե ինչ է իրեն հայտնի քրեական վարույթով:

Մեղադրող դատախազը հետաքրքրվեց, թե վկան վերջին արտահերթ խորհրդարանական ընտրություններին արդյոք որեւէ քաղաքական ուժի սատարել է, ի պատասխան վկան ասաց՝ «Հայաստան» դաշինքին։

Դատախազը նաեւ հարցրեց, թե արդյոք սատարելուց բացի ներգրավվել է քարոզարշավում կամ ղեկավարությունից հանձնարարություն ստացե՞լ է ենթականերին ցուցակագրելու, նրանց քաղաքական կողմնորոշումները պարզելու համար, ինչին ի պատասխան վկան ասաց՝ ոչ։

Դատախազը հարցրեց, թե այդ դեպքում անձնակազմի  ցուցակները Գասպարյանին ուղարկելը ինչով է պայմանավորված:

«Ո՛չ ուղարկել եմ, ո՛չ հիշում եմ», – պարզաբանեց վկան: Իսկ դատախազը պնդեց, որ  WհatsApp- հավելվածով  ամրագրված ցուցակների ուղարկումը:

Դատախազը խնդրեց վկային նաեւ, որ վերջինս անդրադառնա  իր աշխատակից Էդգար Առաքելյանի մոր հարցազրույցին, ինչպես նաեւ իր ու Գասպարյանի նամակագրությանը:

«Մի տեսահոլովակ կար, որտեղ իր մայրն էր խոսում ստելով, ինչ ասում էր, ամբողջը սուտ, այսինքն՝ «Հայաստան» դաշինքին սատարողների վերաբերյալ: Այդ պատճառով բարկացել եմ, ասել եմ՝ իմ շրջապատից կհեռացնեմ: Իրավասու չեմ աշխատանքից հանել »,- պարզաբանեց վկան:

Մեղադրող դատախազը նկատեց, որ վկայի նախաքննական ու դատարանում տված ցուցմունքներում հակասություններ կան ու միջնորդեց հրապարակել նախաքննական ցուցմունքը:

Ըստ վկայի նախաքննական ցուցմունքի՝ «Ընտրությունների ժամանակ հավակնել եմ «Հայաստան» դաշինքին, եւ այդ մասին բազմիցս ասել եմ։ Չեմ համակրել կուսակցություններից մեկին, հաշվի առնելով մեր երկրում 2020 թվականից սկսված հայտնի դեպքերը, իմ շրջապատից, այսպես ասած՝ հանել եմ այն անձանց, որոնք եղել են այդ կուսակցության համակիրը»։ Ինչպես նաեւ նախաքննության ժամանակ ասել է, որ որպես քաղաքացի իր հարազատների կամ ընկերների շրջապատում կոնկրետ դաշինքների կամ կուսակցությունների վերաբերյալ արտահայտել է իր կարծիքը, բայց որեւէ աշխատակցի հետ նախընտրական շտաբների գործունեության հետ կապված խոսակցություն չի ունեցել։

Վկան պնդեց իր նախաքննական ցուցմունքը:

Ամբաստանյալի պաշտպան Արամ Վարդեւանյանն էլ հետաքրքրվեց՝ արդյոք վկան իր աշխատանքի վայրում հիշում է աշխատակիցների, որոնք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն էին սատարում, ինչին ի պատասխան վկան ասաց՝ իհարկե։

Վարդեւանյանը նաեւ հարցրեց՝ արդյոք վկան եւ Գասպարյանը կարո՞ղ էին իրար հետ աշխատակիցների տվյալներ քննարկել, ի պատասխան վկան ասաց՝ այո:

Հաջորդ հարցին՝ կարո՞ղ էին քննարկել տվյալ անձին՝ Էդգար Առաքելյանին, հերթափոխից հանելու հարցը, վկան պատասխանեց, որ կարող էին։

Վարդեւանյանը նկատեց, մեղադրողը այդ տարբերակը չի դիտարկում: Հիշեցնենք, որ Արամ Գասպարյանը մեղադրվում է ինքնությունները դեռեւս չպարզված անձանց հետ  նախնական համաձայնության գալով, մի շարք անձանց կողմից իրենց ընտրական իրավունքների ազատ իրականացման խոչընդոտելը նախապատրաստելու համար: Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Արամ Գասպարյանը ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզանների վարչության պետի անվտանգության գծով տեղակալ Հայկ Եղիազարյանին համոզել է եւ այլ եղանակներով դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունները:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031