ՀՀ վարչական դատարանում այսօր(դատավոր Մհեր Պետրոսյան) ՆԳՆ ոստիկանության ներկայացրած՝ 44-օրյա պատերազմում անմահացած զինծառայող Դավիթ Ուզունյանի հորը՝ Բագրատ Ուզունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցի քննությունն էր։ Միջադեպը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2022թ․ սեպտեմբերի 21-ին, երբ Եռաբլուրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքն ապահովելու համար ոստիկանները բռնի, քարշ տալով եւ մարմնական վնասվածքներ հասցնելով բերման էին ենթարկել մոտ 4 տասնյակ ծնողների։
Ոստիկանությունը 21.11.2022թ․-ին հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Բագրատ Ուզունյանի` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին: Այդ հոդվածը վերաբերում է ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն եւ ենթադրում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով։
«Կարծում եմ՝ դատարանի որոշումն ի օգուտ ծնողների կլինի։ Միայն այն, որ ոստիկանությունը ներկայացուցիչ չի ուղարկել նիստին, որ տեր կանգնեն իրենց հայցին, ամեն ինչ ասում է։ Իմ գործով նույնպես դատարան չէին եկել։ Առերեսման ժամանակ Երեւանի փոխոստիկանապետ Խուդինյանն ասել է, որ օրինական պահանջ չեն ներկայացրել մեզ»,-լրագրողների հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը։ Նա այլ ծնողների հետ միասին եկել էր սատարելու Բագրատ Ուզունյանին։
Անդրադառնալով այն փաստին, որ հունվարի 28-ին ոստիկանությունը փակել էր Եռաբլուրի մուտքերը՝ Փաշինյանի այցի համար, Գարիկ Գալեյանը նշեց՝ չէր պատկերացնում, որ ՀՀ-ում այդքան ոստիկան կա․ «Որքան շիրիմ կար Եռաբլուրում, այդքան ոստիկան էին բերել ու պատ կազմել։ Եթե 2022թ․ սեպտեմբերի 21-ին դիպուկահարները 3-ն էին, հունվարի 28-ին 6-ն էին դարձել։ Ինչո՞ւ։ Երեւի պատրաստ էին հրահանգ ստանալ ու ծնողների վրա կրակե՞լ։ Մեզ ոստիկաններ չմոտեցան։ Անգամ կին ոստիկանների էին բերել։ Այս անգամ բավականին պատրաստված էին եկել։ Բայց իշխանությունը վախ ունի իր դավաճանական արարքների համար»։
Կարդացեք նաև
Գարիկ Գալեյանը վստահեցրեց, որ ծնողները պայքարը չեն դադարեցնելու․ «Մենք պնդում ենք, որ դավաճանները պետք է պատասխան տան։ Մենք մեր տղաներին հայրենիք ու վրեժ ենք պարտք։ Ուզում ենք բարձր ճակատով մոտենալ նրանց շիրիմներին, ոչ թե գլուխներս կախ ասենք՝ կներեք մեզ, տղերք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ