ՀՀ վարչական դատարանում այսօր(դատավոր Մհեր Պետրոսյան) ՆԳՆ ոստիկանության ներկայացրած՝ 44-օրյա պատերազմում անմահացած զինծառայող Դավիթ Ուզունյանի հորը՝ Բագրատ Ուզունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցի քննությունն էր։ Միջադեպը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2022թ․ սեպտեմբերի 21-ին, երբ Եռաբլուրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքն ապահովելու համար ոստիկանները բռնի, քարշ տալով եւ մարմնական վնասվածքներ հասցնելով բերման էին ենթարկել մոտ 4 տասնյակ ծնողների։ Հայցվոր կողմը՝ ոստիկանությունը, չէր ներկայացրել այսօրվա նիստին, թեեւ, ինչպես դատական նիստերի քարտուղարը նշեց, պատշաճ կարգով ծանուցվել էր նիստի օրվա եւ ժամի մասին։
«Այդ օրը ես եւ իմ նման շատ ծնողներ գնացել էինք մեր երեխաների տուն՝ Եռաբլուր, որտեղից մեզ շատ բիրտ ձեւով, առանց զգուշացման, եկան ու բերման ենթարկեցին։ Ինչի՞ համար, ի՞նչ էինք արել, ի՞նչ օրենք էինք խախտել»,-լրագրողների հետ զրույցում հարցադրում արեց Բագրատ Ուզունյանը եւ հավելեց,-«Ու այդ օրը Եռաբլուր էր ուզում գալ նա, ով մեղավոր էր այդքան զոհի համար։ Ասել եմ ու հիմա էլ եմ կրկնում, որ մեղավորն իրավունք չունի Եռաբլուր մտնելու։ Դեմ եմ, որ մեղավորներից որեւէ մեկը մտնի Եռաբլուր։ Առաջինը Նիկոլ անունով մեկին նկատի ունեմ»։
Ծնողը նշեց, որ իրենց օրինական պահանջ չեն ներկայացրել, ուղղակի եկել են, շրջապատել ու տարել․ «Ինչի՞ հիման վրա մեզ բերման ենթարկեցին, այն էլ շատ բիրտ, կեղտոտ ձեւով»։
Ոստիկանությունը 21.11.2022թ․-ին հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Բագրատ Ուզունյանի` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին: Այդ հոդվածը վերաբերում է ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն եւ ենթադրում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով։ Դատարանի որոշումը հրապարակվելու է փետրվարի 20-ին։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Ոստիկանի հագուստով այդ ենիչերիները բարձր աշխատավարձից խենթացած չեն էլ հասկանում, որ մեր սուրբ նահատակների սուրբ ծնողների նկատմամբ բիրտ ուժ գործադրելու կադրերում իրենք հիշվելու են որպես վարձու ստահակներ և ժամանակը կգա ու ժողովուրդը հատ-հատ թքելու է դրանց բոլորի ու իրենց հրաման տվողների երեսներին։