Լեռնային Ղարաբաղի շուրջ երկրորդ պատերազմից երկու տարի անց Հայաստանն ու Ադրբեջանը չափազանց մոտ են երրորդին: Նման կանխատեսում են անում Միջազգային ճգնաժամային խմբի մասնագետները իրենց նոր՝ «Կանխելու նոր պատերազմը Հայաստանի և Ադրբեջանի միջև» վերտառությամբ զեկույցում:
«2022թ. ընթացքում, նույնիսկ երբ միջնորդները ձգտում էին հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի, երեք խոշոր մարտական գործողությունները՝ ամենավերջինը սեպտեմբերին, ցույց տվեցին իրավիճակի անկայունությունը: Մինչ Լեռնային Ղարաբաղ լեռնային անկլավի ապագան մնում է հարևանների հակամարտության առանցքում, սեպտեմբերյան մարտերը, որոնք տեղի ունեցան երկրների սահմանի երկայնքով և Հայաստանի ներսում, ընդլայնեցին մարտադաշտը։ Քանի որ Ադրբեջանը ավելի մեծ ռազմական առավելություն ունի, իսկ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում պատերազմով, քիչ բան կարող է հետ պահել Բաքվին իր առավելությունը այս նոր ճակատում պարտադրելու համար, եթե նա կորցնի համբերությունը բանակցություններում: Դա կարող է երկու երկրներին կրկին պատերազմի մեջ ներքաշել՝ մարդկային զգալի կորուստներով և ի վնաս ողջ Հարավային Կովկասի: Եվրամիության նոր քաղաքացիական մոնիտորինգի առաքելությունը Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանին համարձակ և խրախուսող քայլ է, որը կօգնի նվազեցնել ռիսկերը։ Առաքելությանը պետք է տրվեն միջոցներ և մանդատ հաջողության հասնելու համար»,- ասվում է զեկույցում:
Ըստ զեկույցի հեղինակների՝ պատերազմից հետո ստեղծված իրավիճակի ֆոնին Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերջին մեկուկես տարին նշանավորվել է երկու շատ տարբեր ուղղություններով ընթացքով։ Մի ուղղությամբ կողմերը հետամուտ են եղել խաղաղության գործընթացին, որտեղ ոգևորված Բաքուն տենչում է զիջումներ, իսկ զգուշավոր Երևանն անհանգստացած է, որ այն կարող է սառեցվել, բայց նաև հույս ունի օգուտներ ստանալ իր զարգացման օրակարգի համար: Հայաբնակ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը մնում է կողմերին բաժանող ամենաէական հարցը. Երևանը պահանջում է հատուկ իրավունքներ և պաշտպանություն անկլավի բնակիչների համար, մինչդեռ Բաքուն պնդում է, որ նրանց կարգավիճակը ներքաղաքական հարց է, որը տեղին չէ երկկողմ քննարկումների համար, ասվում է զեկույցում:
«Բայց կան նաև այլ կարևոր խնդիրներ: Դրանք ներառում են վեճ միջպետական սահմանի մի քանի հատվածների շուրջ, որոնք երբեք ամբողջությամբ չեն սահմանազատվել Սառը պատերազմի ավարտին, և վեճ տրանսպորտային միջանցքի ստեղծման շուրջ, որը կանցնի Հայաստանի հարավով և Հայաստանի արևմուտքով կկապի Ադրբեջանը իր էքսկլավի՝ Նախիջևանի հետ։ Այնուամենայնիվ, կողմերը առաջընթաց գրանցել են՝ ինչ-որ մի պահ պարտավորվելով համաձայնության գալ մինչև 2022թ. ավատը գործարք կնքելու վերաբերյալ, թեև նրանք չկարողացան պահպանել վերջնաժամկետը»,- նկատում են զեկույցի հեղինակները:
Կարդացեք նաև
Այնուամենայնիվ, ըստ զեկույցի, նույնիսկ բանակցությունների ընթացքում հարևանների հարաբերությունները միաժամանակ բախվում էին առավել կոնֆրոնտացիոն գծի: «Անցած օրացուցային տարում ականատես եղանք կողմերի միջև երեք խոշոր մարտերի, որոնցից հերթականն ավելի արյունալի էր, քան նախորդը: Բախումների շարքից առաջին երկուսը՝ մարտին և օգոստոսին, հնարավորություն տվեցին ավելի վստահ Ադրբեջանին բարելավել իր ռազմական դիրքերը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։ Սակայն ամենամահաբեր և, հավանաբար, ամենածանրակշիռ փուլը տեղի ունեցավ սեպտեմբերին երկու երկրների սահմանի երկայնքով: Այս ռազմական գործողությունների արդյունքում Ադրբեջանը զորքերը տեղափոխեց Հայաստանի ներսում գտնվող ռազմավարական դիրքեր, որոնք մինչ այժմ նրանց վերահսկողության տակ են: Բրյուսելի, Վաշինգտոնի, Մոսկվայի և այլ երկրների բարձր մակարդակի դիվանագիտությունը ԵՄ-ի, ԵԱՀԿ-ի և Ռուսաստանի գլխավորած ՀԱՊԿ-ի առանձին կարճաժամկետ դիտորդական և գնահատման առաքելությունների աջակցությամբ օգնեց դադարեցնել մարտերը։ Բայց այդ առաքելությունների ժամկետները սպառվեցին: Ավելին, դիվանագիտական ուղին կանգ առավ, մասամբ այն պատճառով, որ Բաքուն աջակցում է Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող ճանապարհն արգելափակած ակտիվիստներին»,- կարդում ենք զեկույցում:
Կարելի է գուշակություններ անել՝ արդյոք հետագա բռնկումներ տեղի կունենան և որտեղ, բայց սեպտեմբերյան ռազմական գործողությունների կրկնության ռիսկը, մոտավորապես նույն ուղղություններով, զգալիորեն մեծ է, շարունակում են զեկույցի հեղինակները: «Իր էներգետիկ ռեսուրսներով հարստացած Բաքուն շարունակում է կուտակել ռազմական ուժ և վստահություն: Հայաստանը, ընդհակառակը, 2020թ. հակամարտությունից ի վեր ամբողջ ուժով փորձում է համալրել իր զինանոցը, այն դեպքում, երբ անվտանգության իր ավանդական գործընկերը՝ Ռուսաստանը, սպառազինություն է կուտակում Ուկրաինայում իր պատերազմի համար: Ռուս խաղաղապահներն ու սահմանապահներն իրենց չեն արդարացրել որպես արդյունավետ զսպող ուժ. նրանք չկարողացան կասեցնել ադրբեջանական առաջխաղացումը 2022թ. մարտերում, և Մոսկվան ակնարկեց, որ չի ցանկանում իրենից հեռացնել Բաքվին կամ նրա դաշնակից Անկարային: Այժմ Հայաստանի ներսում իրենց վերահսկողության տակ գտնվող բարձունքներից ադրբեջանական ուժերը կարող են ներքև իջնել՝ ավելի շատ տարածքներ գրավելու համար, ինչը կկտրի Հայաստանի հարավը երկրի մնացած հատվածից և կստիպի Երևանին գնալ ավելի շատ զիջումների: Ոմանք մտահոգություն ունեն, որ եթե Բաքուն հիասթափվի բանակցությունների տեմպերից, նա կարող է իր բախտը փորձել հենց այս քայլով»,- ասվում է զեկույցում:
Այս ֆոնին ԵՄ-ի հունվարի 23-ի հայտարարությունը սահմանային գոտում նոր դիտորդական առաքելություն տեղակայելու մասին ողջունելի նորություն է, կարծում են զեկույցի հեղինակները։ Այս առաքելությունը կարող է լինել լավագույն միջոցը՝ կողմերին հետ պահելու ռազմական գործողությունների վերսկսումից սահմանին և Հայաստանի ներսում։ Տեսականորեն ՀԱՊԿ-ը կամ ԵԱՀԿ-ն նույնպես կարող էին այդ գործն անել, բայց նրանից ոչ մեկ ընդունելի չէր երկու կողմերի համար։ Երևանը խորը վերապահումներ է հայտնել ՀԱՊԿ-ի առաջարկի վերաբերյալ. չնայած դաշինքին իր անդամակցությանը՝ Հայաստանը լիովին չի վստահում, որ դաշինքի գործընկերն իր կողքին կլինեն ընդդեմ Բաքվի: Բաքուն էլ մերժել է ԵԱՀԿ գաղափարները, որը հովանավորել է տասնամյակների ձախողված միջնորդությունը՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահությամբ գործող այսպես կոչված Մինսկի խմբի հովանու ներքո, որին Ադրբեջանը վերաբերվում է որպես չգործող:
«Հայաստանի աջակցությամբ և հաղթահարելով անդամ երկրների թերահավատությունը՝ ԵՄ-ն առաջ շարժվեց՝ հունվարի 23-ին հայտարարելով նոր երկամյա առաքելության մասին: Այժմ, երբ Բրյուսելը պատրաստվում է դիտորդներ տեղակայել, նա պետք է շատ օպերատիվ մանրամասներ մշակի, ինչպես նաև ուշադրություն դարձնի Բաքվի հետ համագործակցություն ձևավորելու վրա, առանց որի առաքելությունը չի կարողանա մուտք գործել ինչպես ադրբեջանական տարածք, այնպես էլ սահմանային գոտու որոշ տարածքներ, որոնք չափազանց վտանգավոր կլինի մշտադիտարկել՝ առանց երկու կողմերի հետ պայմանավորվածությունների: Բրյուսելը նաև պետք է ուղիներ փնտրի սահմանին ռուսական ներկայության հետ արդյունավետ գոյակցելու համար: Անձնակազմը պետք է լիազորված լինի տեղեկատվություն կիսելու ոչ միայն ԵՄ միջնորդների հետ, այլև հաղորդակցության ուղիներ կառուցելու երկու կողմերի միջև և, հնարավորության դեպքում, տեղեկատվություն փոխանակելու ռուս սահմանապահների հետ: Չնայած Մոսկվան, անշուշտ, դեմ կլինի առաքելությանը՝ Հարավային Կովկասում դեէսկալացիայի հասնելու նրա շահերը համընկնում են ԵՄ-ի հետ, և նա լավ կաներ, եթե հունվարի 23-ի հայտարարությունը դիտարկեր որպես հնարավորություն»,- ասվում է զեկույցում:
«Եվս մեկ պատերազմի սպառնալիքը մայրցամաքում, որն արդեն պայքարում է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմին դիմակայելու համար, չափազանց իրատեսական է: Շուտով գարունը կհասնի Հարավային Կովկաս, հալչող ձյունը ճանապարհ կբացի նոր գործողությունների համար: Բրյուսելը պետք է արագ քայլեր ձեռնարկի իր առաքելությունը տեղում իրականացնելու համար՝ նախքան նոր մարտերի բռնկումը. դիվանագիտություն՝ ապահովելու իր անձնակազմի ազատ տեղաշարժը, համագործակցություն տեղական դերակատարների հետ, և մանդատ, որը լավագույնս կօգնի նրան կանխել առավել լայնածավալ պատերազմի վերածվելու ներուժ ունեցող բախումները»,- ասվում է զեկույցում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ