Անցյալ տարի առաջին ընթերցմամբ ընդունվել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը: Նախատեսվում է լուծել ֆինանսաբանկային ոլորտի մի շարք հարցեր` կատարելով բարելավումներ, լրացնելով առկա բացերը: Սակայն բանկերում գրավադրված անշարժ գույքերին վերաբերող դրույթում կադաստրային արժեքների փոփոխության հետեւանքով ի հայտ են եկել խնդիրներ` բանկերի համար առաջացնելով լրացուցիչ հարկային պարտավորություններ: Այս մասին ասել է Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
Հունվարի 30-ին Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծի փաթեթի վերաբերյալ երկրորդ ընթերցումից առաջ քննարկում էր կազմակերպել ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը, որին մասնակցել են ներկայացուցիչներ գործադիրից եւ Հայաստանում գործող բանկերից:
Վերջին շրջանում անշարժ գույքի շուկայում տեղի ունեցած նկատելի փոփոխությունների եւ գնային աճի համատեքստում հարցի քննարկումը կարեւորել են ե’ւ Բաբկեն Թունյանը, ե’ւ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:
Ներկայացնելով օրենսդրական փաթեթով նախատեսվող փոփոխություններն ու լրացումները` Արման Պողոսյանը նշել է, որ առաջարկվում է անշարժ գույքի օտարման գործարքների ԱԱՀ եւ շահութահարկով հարկման բազաների նվազագույն կանոնների որոշմամբ` ընդհանուր մոտեցումից երկու դեպքերում բացառություն սահմանել բանկերի եւ վարկային կազմակերպությունների համար:
Կարդացեք նաև
Բանկերի ներկայացուցիչները ներկայացրել են դաշտում ստեղծված իրավիճակը` նշելով, որ անշարժ գույքի շուկայական արժեքն էականորեն տարբերվում է կադաստրային արժեքից: Ըստ նրանց` օրենքի նախագծերի փաթեթի ընդունմամբ կհստակեցվեն առկա անհարթությունները:
Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել օտարման գործարքներին, առկա ռիսկերին եւ դրանց կառավարմանը:
Ամփոփելով` Բաբկեն Թունյանը շնորհակալություն է հայտնել մասնակիցներին արդյունավետ քննարկում ծավալելու համար` նշելով, որ նպատակը հավասարակշռված լուծում գտնելն է:
Բանկային ոլորտում առաջացած մի շարք այլ խնդիրների քննարկման նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել եւս մեկ աշխատանքային քննարկում:
ԱԺ