Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

5 տարում ՝ 5 մարզպետ․ նախարար Գնել Սանոսյանը սա արտառոց չի համարում

Հունվար 30,2023 17:09

Այսօր Շիրակի նորանշանակ մարզպետ Մուշեղ Մուրադյանին ներկայացնելիս՝ լրագրողները ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կբացատրի ամեն տարի մարզպետ փոխելու փաստը․ թավշյա հեղափոխության 5 տարում Շիրակի մարզում 5 մարզպետ է փոխվել։

Նախարարը դա բնական երևույթ համարեց՝ վկայակոչելով տարբեր երկրներում հաճախակի պաշտոնյաներ փոխելը։

«Մեծ հաշվով հեղափոխությունից հետո բոլոր ոլորտներում, բոլոր երկրներում էդպես է, հաճախ են տեղի ունենում պաշտոնների փոփոխություններ։ Բնական պրոցես է, որևէ արտառոց բան չեմ տեսնում, մյուս մարզերում էլ փոփոխություններ են եղել»,- ասաց նախարարը։
Նա նշեց, որ Շիրակի մարզում մարզպետի փոփոխությունը տեղի է ունենում հանգամանքների բերումով։

Թե ինչ պաշտոնի կնշանակեն Նազելի Բաղդասարյանին, նախարարն ասաց․ «Տիկին Բաղդասարյանն առանց աշխատանք չի մնա, որոշակի քննարկումներ կան, իմ տիրույթում չէ, որ մանրամասն մեկնաբանեմ»։

Մարզպետարանում սպասվելիք կառուցվածքային փոփոխության մասին էլ նախարարն ասաց, որ այդ ծրագիրը դեռ 2019 թվականից էր սկսվել, սակայն չէին շտապում իրականացնել։ Համայնքների խոշորացումից հետո նոր փոխելու են մարզպետարանի կառուցվածքը։

«Մարզային գործընկերները գիտեին, որ այս պրոցեսը լինելու է, հաստիքները հիմնականում թափուր էին մնացել և մարզպետարաններում տեղեր կան, որոնք ոչ մեկը չի ազատում, տեղեր կան, որտեղ 2-3-4 հոգի են, այսինքն` պրոցեսը քանի որ սպասված էր, այնպես է կազմակերպվել, որ որևէ կադրային ջարդ չի լինելու»,-ասաց Գնել Սանոսյանը։

Մենք հարց ուղղեցինք Անիում սպասվելիք ՏԻՄ ընտրություններից՝ հետաքրքրվելով, թե որքանո՞վ է արդարամիտ ՔՊ-ի թեկնածուին համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելը, երբ վերջինս, ըստ մեզ հասցեագրված բողոքների, ազատվել է վարչական ղեկավարներից, համայնքապետարանի մեծ թվով աշխատակիցներից, նույնիսկ մանկապարտեզի տնօրեն է աշխատանքից ազատել, այսինքն՝ ով իր հետ չէ, պիտի ազատվի աշխատանքից։

Հարցրեցինք՝ արդյոք հավասար մրցակցությունը պահպանվո՞ւմ է այս դեպքում թեկնածուների միջև, որին ի պատասխան՝ նախարարն ասաց․ «Մրցակցության խնդիր չկա, համայնքը պետք է ինչ-որ մեկը ղեկավարի մինչև ընտրությունները, հիմա ում էլ նշանակեն, կարող եք այդ նույն միտքն ասել, բայց քաղաքն առանց կառավարման չի կարող մնալ։

Ինչ վերաբերում է որոշ մարդկանցից ազատվել-չազատվելուն, մարդիկ ազատվում են օրենքի պահանջներով, եթե գիտեք մարդ, որ ապօրինի է ազատվել, բարձրաձայնեք, եթե մարդիկ դիմում են գրել, դուրս են եկել, որևէ մեկը, կարծում եմ, մեղավոր չէ, իրենց ընտրությունն է, իրենց հաջողություն։ Ես հույս ունեմ ընտրությունները նորմալ, պատշաճ կկազմակերպենք, այդտեղ մարզպետարանը նույնպես դեր ունի, նորմալ ընտրություն կլինի, մեր բնակիչները կգնան, կընտրեն, կունենանք ավագանի։

Ցավոք սրտի, հիմա ավագանի չունենալու պարագայում համայնքը շատ տուժում է, բազմաթիվ ծրագրեր չեն կարողանում առաջ տալ, այնպես որ լիահույս եմ՝ ընտրությունները նորմալ կանցկացնենք, ավագանի կունենանք, և համայնքը իր բնականոն հունով կաշխատի»։
Մանրամասները տեսանյութում՝

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031