Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զոհված զինվորի ծնողի դեմ հայց ներկայացրած ոստիկանությունը դատարան չի եկել

Հունվար 30,2023 16:58

ՀՀ վարչական դատարանում այսօր (դատավոր Մհեր Պետրոսյան) ՆԳՆ ոստիկանության ներկայացրած՝ 44-օրյա պատերազմում անմահացած զինծառայող Դավիթ Ուզունյանի հորը՝ Բագրատ Ուզունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հայցի քննությունն էր։ Միջադեպը, հիշեցնենք, տեղի է ունեցել 2022թ․ սեպտեմբերի 21-ին, երբ Եռաբլուրում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքն ապահովելու համար ոստիկանները բռնի, քարշ տալով եւ մարմնական վնասվածքներ հասցնելով բերման էին ենթարկել մոտ 4 տասնյակ ծնողների։ Հայցվոր կողմը՝ ոստիկանությունը, չէր ներկայացրել այսօրվա նիստին, թեեւ, ինչպես դատական նիստերի քարտուղարը նշեց, պատշաճ կարգով ծանուցվել էր նիստի օրվա եւ ժամի մասին։

Ոստիկանությունը 21.11.2022թ․-ին հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Բագրատ Ուզունյանի` վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջի մասին: Այդ հոդվածը վերաբերում է ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելուն եւ ենթադրում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով։

Դատավոր Մհեր Պետրոսյանը լրագրողների կողմից նիստի տեսանկարահանման առնչությամբ կարծիք հարցրեց պատասխանող կողմից։ Վարչական գործերով ծնողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ներսես Հարությունյանը պնդեց՝ կարեւոր է այս հայցի լուսաբանումը, քանի որ գործն առանձնահատկություն ունի եւ վերաբերում է զոհված զինծառայողի ծնողին, որին ոստիկանները բռնի ուժով որդու շիրիմից տարել էին ոստիկանություն։

Ներսես Հարությունյանը նաեւ կարծիք հայտնեց, որ հայցվորի բացակայությունը խոչընդոտ չէ նիստը հետաձգելու համար, իսկ հայցի դեմ ամբողջությամբ առարկում են, որովհետեւ ոստիկանության գործողություններն իրավաչափ չեն եղել։

Մանրամասն՝ առաջիկայում։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031