Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագիծ. արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողները կամավոր ատեստավորմամբ 80 -138 հազար դրամ հավելավճար կստանան

Հունվար 30,2023 16:50

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել արտադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական  աշխատողների  կամավոր ատեստավորման և ատեստավորման արդյունքում ՀՀ պետական բյուջեից  լրավճարի  տրամադրման կարգի նախագիծը:

Ներդրված կամավոր ատեստավորման համակարգի փորձնական ծրագիրը շարունակաբար  կխրախուսի մանկավարժական աշխատողների մասնագիտական զարգացումը և  լրավճարի տրամադրման  միջոցով  կնպաստի դասավանդման որակի և արդյունավետության բարձրացմանը։

Նախագծով սահմանվել է.

  • 2023 թվականից սկսած՝ ատեստավորմանը կմասնակցեն պետական և համայնքային մարզադպրոցներում ուսումնամարզական գործընթաց իրականացնող ազատ ոճի և հունահռոմեական ըմբշամարտ, սամբո, ձյուդո մարզաձևերի, ինչպես նաև արվեստի և երաժշտական դպրոցների դաշնամուրի և երաժշտության տեսություն (սոլֆեջո և երաժշտական գրականություն) դասավանդող մանկավարժական աշխատողները:
  • 2024 թվականից սկսած՝ ատեստավորմանը կմասնակցեն նաև պետական և համայնքային մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոններում, մշակույթի տներում դասավանդող մանկավարժական աշխատողները։
  • 2023 թվականից սկսած՝ ատեստավորմանը կարող է մասնակցել նաև որևէ հաստատությունում չաշխատող և մանկավարժական աշխատողի պահանջները բավարարող անձը, որը լրավճար կարող է ստանալ որևէ հաստատությունում աշխատանքի ընդունվելու օրվանից։

Համաձայն նախագծի՝ ատեստավորումն անցկացվում է յուրաքանչյուր տարի՝ առնվազն մեկ անգամ: Մանկավարժական աշխատողի ատեստավորման գործընթացի ժամանակացույցը՝ ըստ ուղղության  և քննական կենտրոնների, հաստատվում է ԿԳՄՍ նախարարի հրամանով և հրապարակվում նախարարության և Գնահատման և թեստավորման կենտրոնի կայքերում՝ ժամանակացույցով հաստատված առաջին ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ: Ատեստավորումն անցած մանկավարժական աշխատողներին լրավճար տրվում է 5 տարի ժամկետով, որը հաշվարկվում է ատեստավորումից սկսված։

 Հայտերի ընդունում

Ատեստավորմանը մասնակցելու համար հայտերի ընդունման մասին հայտարարությունը հրապարակվում է նախարարության և ԳԹԿ-ի կայքերում: Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ներկայացվում են այն ուղղությունների ցանկը, որոնցով դասավանդող մանկավարժական աշխատողները  կարող են հայտ ներկայացնել, ինչպես նաև տվյալ ուղղության ատեստավորմանը հատկացվող ժամանակահատվածը:

Մանկավարժական աշխատողները  հայտերը կարող են ներկայացնել յուրաքանչյուր տարվա մարտի 15-ից մինչև առաջին ատեստավորմանը նախորդող 20-րդ օրը: Հայտերը ներկայացվում են էլեկտրոնային եղանակով՝  Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կայքում՝ կցելով սահմանված փաստաթղթերն ու տեղեկատվությունը։ Անկախ դասավանդած ուղղությունների քանակից՝ մանկավարժական աշխատողը տվյալ տարում կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ ուղղությամբ՝ իր ընտրությամբ։

 Ատեստավորման կազմակերպում և անցկացում

Տվյալ ուղղությամբ ոլորտային մասնագետներից կազմված հանձնաժողովը ձևավորվում է  ԳԹԿ տնօրենի հրամանով։ Թեստերը, մեթոդական ուղեցույցները, առաջադրանքներում ընդգրկվող նյութը և առաջադրանքների նմուշները, ըստ ուղղությունների, մշակվում են ԳԹԿ-ում՝ տվյալ ուղղությամբ ոլորտային և առնվազն 7 տարվա գիտամանկավարժական գործունեության փորձ ունեցող մասնագետներից կազմված հանձնաժողովի կողմից՝ տվյալ որակավորմամբ մասնագիտական կրթություն տրամադրող բուհում և տրամադրվում ԳԹԿ-ին։

ԳԹԿ-ն յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ հրապարակում է մեթոդական ուղեցույց, որում ներկայացվում  են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ։ Հայտ ներկայացրած մանկավարժական աշխատողների ցուցակների հիման վրա ԳԹԿ-ն Երևան քաղաքում և մարզկենտրոններում ընտրում է ատեստավորման կենտրոններ, որտեղ գործընթացը կազմակերպում են կենտրոնի ղեկավարը և ներկայացուցիչները:

Ատեստավորումն անցկացվում է գրավոր՝ թեստերի միջոցով։ Թեստերը բաղկացած են ընտրովի կամ կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից:  

Ատեստավորման արդյունքների ամփոփում և բողոքարկում

Պատասխանների ձևաթղթերը ստուգվում են ԳԹԿ-ում` համակարգչային սարքավորումների ու ծրագրերի միջոցով: Ատեստավորման արդյունքները հրապարակվում են ատեստավորման օրվանից հետո հինգերորդ օրը՝ ԳԹԿ-ի կայքում։ Ատեստավորման արդյունքի հետ անհամաձայնության դեպքում մանկավարժական աշխատողն արդյունքների հրապարակմանը հաջորդող օրը՝ ժամը 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, կարող է բողոքարկման դիմումը էլեկտրոնային եղանակով ուղարկել մասնագիտացված բուհի մասնագիտական հանձնաժողովին։ Բողոքարկման արդյունքում ընդունվում է որոշում գրավոր աշխատանքի միավորի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին: 

Ատեստավորման արդյունքով մանկավարժական աշխատողի լրավճարի  տրամադրում

Լրավճար տրվում է միայն հաստատությունում աշխատող մանկավարժական աշխատողին: Մեկ  հաստատությունից այլ  հաստատություն  տեղափոխման արդյունքում լրավճարը պահպանվում է:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արտադպրոցական ուսումնական հաստատություններում դրույքաչափերը խիստ տարբեր են՝ ըստ տարբեր համայնքների՝ կախված համայնքների բյուջեներից, սահմանվում է ամրագրված լրավճար՝ մեկ դրույք ծանրաբեռնվածության համար․

  • Ատեստավորման 90-100 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝300 դրամ լրավճար։
  • Ատեստավորման 80-89 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝500 դրամ լրավճար:
  • Ատեստավորման 70-79 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում՝600 դրամ լրավճար:

Լրավճարները ներառում են հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները։

Վերոնշյալ արդյունքների դեպքում մանկավարժական աշխատողը կարող է իր նախաձեռնությամբ երկրորդ անգամ դիմել և մասնակցել ատեստավորման գործընթացին`

  • նախորդ արդյունքին հավասար արդյունք ցուցաբերելու դեպքում մանկավարժական աշխատողի լրավճարի չափը պահպանվում է, որի համար սահմանվում է հնգամյա նոր ժամկետ,
  • 70-79 և 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած արդյունքի համեմատ ավելի բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում մանկավարժական աշխատողը լրավճար է ստանում վերջին արդյունքի հիման վրա, որի համար սահմանվում է լրավճար ստանալու հնգամյա նոր ժամկետ,
  • նախորդ արդյունքի համեմատ ավելի ցածր արդյունք ցուցաբերելու դեպքում լրավճարը պահպանվում է արդեն սահմանված ժամկետով։

Ատեստավորում անցած մանկավարժական աշխատողն այլ հաստատությունում ատեստավորում անցած ուղղությամբ համատեղությամբ աշխատելու դեպքում հավելավճար ստանում է և՛ հիմնական, և՛ համատեղությամբ աշխատավայրից, իսկ ատեստավորում անցած ուղղությունից տարբերվող ուղղությամբ համատեղությամբ աշխատելու դեպքում՝ միայն հիմնական աշխատավայրից։

Միաժամանակ, հանրային քննարկման ներկայացված՝ ՀՀ կառավարության 2007 թվականի փետրվարի 1-ի թիվ 201-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին որոշման նախագծով առաջարկվում է արտադպրոցական ուսհաստատություններում աշխատաժամանակի տևողությունը սահմանել շաբաթական 20 ժամ՝ մանկավարժական աշխատանքի 1 դրույքաչափի համար՝ բացառությամբ մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների, որոնց դրույքաչափի հաշվարկման և վճարման կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի թիվ 798-Ն որոշմամբ: Նախագծի ընդունման արդյունքում համապատասխան կարգի գործարկմամբ արտադպրոցական ուսհաստատության մանկավարժական աշխատողների շաբաթական ծանրաբեռնվածությունը 1 դրույքաչափի համար (անկախ կազմակերպաիրավական կարգավիճակից) կլինի միասնական և կունենա պետության կողմից կազմակերպական ու ֆինանսական հստակ հիմքեր։

Քաղաքացիները և շահառու խմբերը մինչև փետրվարի 12-ը կարող են նախագծերի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները ներկայացնել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031