Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ադրբեջանը փորձում է հասնել նրան, ինչն Ալիևը համարել է իր հիմնական պարտքը՝ հայերին վտարել ԼՂ-ից»․ Լորենս Մարտին

Հունվար 30,2023 16:35

«Եկել ենք խնդրելու, որպեսզի հրատապ միջամտեք, որ վերջ տրվի շարունակվող մարդասիրական աղետին»,-ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Հայաստանն՝ ընդդեմ Ադրբեջանի գործով բանավոր լսման ժամանակ հայտարարեց Հայաստանի իրավախորհրդատու Լորենս Մարտինը։

Նա փաստեց՝ ԼՂ հայազգի բնակչությունը գրեթե ամբողջովին կտրված է արտաքին աշխարհից ու ահազանգեց․«Եթե դատարանն արագ քայլեր չձեռնարկի, նրանց կյանքը կլինի վտանգված»։

Լորենս Մարտինը թվարկեց այն փաստերը, որոնք դրված են միջանկյալ միջոցի վերաբերյալ ՀՀ-ի դիմումի հիմքում․ «Տասնյակ հազարավոր էթնիկ հայեր հարկադրաբար տեղահանվեցին այն տարածքներից, որոնք Ադրբեջանը նվաճեց 44-օրյա պատերազմի ընթացքում։ Մեկ հոգի անգամ չի կարողացել իր տուն վերադառնալ, պատերազմի ավարտից հետո ՌԴ-ն խաղաղապահ առաքելություն ուղարկեց տարածաշրջան, որպեսզի կանխվի ԼՂ քաղաքացիական բնակչության զանգվածային մահը։ Նույնիսկ այդ պարագայում Ադրբեջանն իրենից կախված ամեն ինչ արել է, որ այնտեղ մնացած էթնիկ հայերի կյանքը դարձնի անտանելի»։

ՀՀ իրավախորհրդատուն, հիշեցնելով Իլհամ Ալիևի խոսքերն, ասաց․ «Ալիևն ասում է՝ մեր հիմնական պարտքն է վտարել հայերին մեր հողերից, ընդ որում, սա մարդ է, որը սիրում է հայերին անվանել շներ, վանդալներ, վայրենիներ, բարբարոսներ»։

Նա ցուցադրեց նաև Ադրբեջանի կողմից թողարկված դրոշմանիշը, որում թունավոր նյութերի համար նախատեսված համազգեստով անձը հականեխում է ԼՂ-ն։ Նա մեկնաբանեց, որ այդպիսով Ադրբեջանը համարում է, որ հայերը վերացման ենթակա են և դա անհրաժեշտ է համարում։

Անդրադառնալով Լաչինի միջանցքի շրջափակմանն ու այսպես կոչված բնապահպանական ակտիվիստների գործողություններին, նա ասաց․ «Դա ի սկզբանե վատ հորինված պատմություն էր։ Ոչ մեկը չհավատաց, որ ցուցարարներին իսկապես հուզում է շրջակա միջավայրը ԼՂ-ում։ Ադրբեջանցի մի բնապահպան Ֆեյսբուքում նույն այդ օրը գրեց՝ երկնքից էլ պարզ է, որ Ղարաբաղում բնապահպանական ակտիվիստների բողոքի ցույցը հորինված պատմություն է, որ մինչև այժմ մեկ հոգու չեն տեսել, որ կհոգար բնապահպանական հարցերի մասին։ Նրանք հարմարեցված թատրոնում դեր խաղացողներ են։ Ըստ այդ անձի՝ քչերն են իրոք բնապահպանական կառույցների ներկայացուցիչներ։ Շատերն այնպիսի ՀԿ-ների ներկայացուցիչներ են, որոնք կամ ֆինանսավորվում են Ադրբեջանի կառավարության, կամ Հեյդար Ալիևի հիմնադրամի կողմից։ Նաև նշվում է, որ ռազմական համազգեստներով ցուցարարներ են»։

Լորենս Մարտինը հայտարարեց՝ ակնհայտ է՝ Ադրբեջանը  փորձում է հասնել նրան, ինչն Ալիևը համարել է իր հիմնական պարտքը՝ հայերին վտարել այդ հողերից։ Նախագահ Ալիևը ինքն է դա ասել։

Նա հիշեցրեց՝ այսպես կոչված ցուցարարները հակահայկականություն և ատելության խոսք են տարածում՝ օգտագործելով գորշ գայլերի նշանները։

Իր ելույթի երկրորդ հատվածում Լորենս Մարտինը խոսեց հումանիտար հետևանքների մասին։ Նա զուգահեռ անցկացնելով՝ ասաց․ «ԼՂ բնակչությունը Լեյդեն ուսանողական քաղաքի չափ է։ Ի՞նչ տեղի կունենար այնտեղ, եթե այն արտաքին աշխարհից կտրվեր հիսուն օրով, գազամատակարարումն ու էլեկտրականությունն ընդհատվեր։ Մեծ երևակայություն պետք չէ այդ հարցին պատասխանելու համար»։

Նա փաստեց՝ Ադրբեջանին ողջ միջազգային հանրությունն է կոչ արել դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը, մինչդեռ նա շարունակում է արգելափակված պահել ԼՂ-ն Հայաստանին կապող միակ ճանապարհը։

Լորենս Մարտինը, փաստելով այն, որ Լաչինի միջանցքը ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո է 2020-ի նոյեմբերից, նշեց, որ նրանց առօրյա հրապարակումներից ոչ մեկում չի նշվել զենքի, ցամաքային ականների կամ  հանքանյութի տեղափոխման մասին։

Ըստ Լորենս Մարտինի՝ Լաչինի միջանցքը փակող անձանց միավորում է մի բան ու ասաց․ «Կառավարության կողմից ֆինանսավորվող քաղաքացիներ են, պետական ծառայողներ ու զինվորներ, որոնց բոլորին միավորում է իրենց խորը ատելությունն առ հայերը։ Նրանք այնտեղ են կառավարության աջակցությամբ և կառավարության օրակարգը առաջ տանելու համար, որ ԼՂ-ում հայերի համար կյանքն անտանելի դարձնեն։ Եթե ուզեր Ադրբեջանի կառավարությունը՝ կվերացներ արգելափակումը։ Ուստի դատարանի որոշումը հրատապ անհրաժեշտություն է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031