Լրահոս
Օրվա լրահոսը

Պեղումները Շիրակում Ք.ա. IX-VIII դարերում տեղի ունեցած քաղաքական, ռազմական տեղաշարժերին հետևելու հնարավորություն են տալիս

Հունվար 30,2023 16:17

ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտաշխատողները Գերմանիայի Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի գործընկերների հետ պեղումներ են իրականացրել Ջրաձորի ամրոց-բնակավայրում: Արդյունքում բացահայտվել են որոշակի համադրելի իրողություններ Շիրակի՝ Ք.ա. IX-VIII դդ. իրարից հեռու տեղադրված բնակավայրերում: «Ջրաձորի N 5 կացարանի տափանված հատակի վրա բացվել են սաջ և աղորիքներ: Նույն տեղում հայտնաբերվել է հոր՝ լցված Ք.ա. IX-VIII դարերին բնորոշ առարկաներով:

Պատկերը նույնն է Ազատանի ամրոցի պարսպին հարող համաժամանակյա կացարանում և Շիրակավանի ամրոցում: Նման ընդհանրությունների առկայությունը տարբեր հուշարձաններում թույլ է տալիս եզրակացնել, որ Ք.ա. VIII դ. երկու ամրոցները և բնակավայրերը ենթարկվել են հարձակման: Եթե Ազատանի բնակավայրում այն արտահայտվել է խոշոր հրդեհով, ապա Ջրաձորի ամրոց-բնակավայրում և Շիրակավանի ամրոցում հայտնաբերվել են ուրարտական ջարդված և ծռված զենքեր, պարսպի մեջ մտած նետասլաքներ: Այս իրողությունների համադրումը Շիրակում գտնվող ուրարտական երկու արձանագրությունների տվյալների հետ թույլ է տալիս դիտարկել ուրարտական զորքերի հյուսիսից հարավ-արևելք և հարավ-արևմուտք, այնուհետև Ախուրյան գետի ավազանով դեպի Արարատյան դաշտ շարժման ուղղությունները»,- ասում է գիտական խմբի ղեկավար, ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Արմեն Հայրապետյանը:

Ըստ նրա՝ Ջրաձորի և Ազատանի պեղումներով հնարավորություն է ստեղծվել հետևել Շիրակում Ք.ա. IX-VIII դարերում տեղի ունեցած քաղաքական, ռազմական տեղաշարժերին։ Ուրարտուի արքա Արգիշտի Ա-ի օրոք դեպի Էրիախի երկիր կատարված ռազմական գործողությունների երթուղին ըստ գրավոր աղբյուրների նշմարվում էր, սակայն բացակայում էին դրանց հնագիտական հիմնավորումները։

«Շիրակի Ք.ա. 1-ին հազարամյակում տեղի ունեցած ռազմաքաղաքական իրադրության հետազոտությունը հնարավորություն է տալիս հետևել Ուրարտական պետության ընդարձակման տրամաբանությանը։ Այս առումով, բացի հնագիտական նշանակությունից տվյալներ են կուտակում նաև ուրարտագիտության համար»,- նշում է Արմեն Հայրապետյանը:

Ջրաձորի հուշարձանի հնագիտական հետազոտությունները սկսվել են «Շիրակի պաշտպանական կառույցների հետազոտություն» թեմատիկ ծրագրի շրջանակներում: Այնուհետև արշավախումբը գործել է Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի և Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանի արշավախմբի համատեղ ֆինանսավորմամբ։

Ջրաձորի և Ազատանի ամրոց-բնակավայրերի պեղումների արդյունքների մասին հոդվածներ, հաղորդումներ են տպագրվել հայկական և արտասահմանյան պարբերականներում։

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031