Լրահոս
Օրվա լրահոսը

«Անցանկալի անձ» հռչակվում են իշխանության քմահաճույքով, հստակ խաղի կանոններ չկան. Նինա Կարապետյանց

Հունվար 30,2023 15:58

Հայաստանում «անցանկալի անձանց» ցուցակը երեկ համալրվեց. պարզ դարձավ, որ Հայաստանում այլեւս «անցանկալի անձ» է նաեւ Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանը: «Անցանկալի անձ» «պատվին» արժանանալու Նժդեհ Գարագավորյանի բացատրությունը հետեւյալն է. «Մենք չենք կիսում Նիկոլ Փաշինյանի առաջարկած տեսլականը՝ Հայաստանի ապագայի վերաբերյալ, չենք կիսում Արցախը Ադրբեջանի կազմում տեսնելու հեռանկարը: Մեզ համար Արցախի անկախության հարցը գերագույն եւ էական հարց է, որի վրա երբեք զիջման չենք գնա: Արցախը կարմիր գիծ է, Հայաստանը կարմիր գիծ է, եւ մենք ՀՅԴ երիտասարդական ամբողջ կառույցով պետք է պայքարենք Արցախի ու Հայաստանի անկախության համար, թեկուզ այսօր պարզ է արդեն, որ Երեւանի, ԱԱԾ-ի կողմնորոշումները այնքան էլ հայանպաստ եւ պետականանպաստ չեն»: Պաշտոնական վարկածը՝ հայտնի չէ:

Հիշեցնենք, ամիսներ առաջ, դարձյալ առանց պատճառաբանության, արգելվել էր ՀՅԴ-ական Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան: Այդ ընթացքում Հայաստանի համար «անցանկալի անձանց» ցուցակում էին հայտնվել նաեւ ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը, ռուսական RT հեռուստաընկերության, «Ռուսաստանն այսօր» միջազգային լրատվական գործակալության և «Սպուտնիկ» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը եւ այլք:

Այս առիթով Aravot.am-ը զրուցել է «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նինա Կարապետյանցի հետ:

-Հայաստանում կարծես, վատ ավանդույթներ են ձեւավորվում. ինչպե՞ս եք վերաբերվում Հայաստանում «անցանկալի անձանց» ցուցակի իրողությանը:

-Գիտեք, պետությունը կարող է ունենալ «անցանկալի անձանց» ցուցակ, դա նորմալ է նորմալ պետությունների համար, բայց դրա համար պետք է լինի որոշակի սկզբունք: Այսինքն, այդ ցուցակի մեջ ներառվելու սկզբունքները պետք է հասկանալի լինեն՝ նախ ցուցակում ընդգրկվողների համար, ապա նաեւ, որ ամենակարեւորն է՝ հասարակության համար: Հասարակությունը պետք է հասկանա, որ եթե իշխանությունները ինչ-որ մի մարդու կամ մի խումբ մարդկանց ճանաչում է «անցանկալի անձանց», ի՞նչն է դրված դրա հիմքում: Իսկ հիմքում, պետք է նորմալ բացատրություն դրվի, այլ ոչ թե ինչ-որ մեկի քմահաճույքը կամ ցանկությունը: Խաղի կանոնները բոլորի համար պետք է հասկանալի լինեն: Ես այդպիսի սկզբունք չեմ տեսնում: Եթե լինեն այդ սկզբունքները, առնվազն այսքան հարցեր չէին ծագի հասարակությունում:

-Մի օրինաչափություն, կարծես ուրվագծվում է, որոշ դեպքերում, քանի որ այդ ցանկում նաեւ ՀՅԴ-ականներ են եւ ազգային գաղափարախոսության կրողներ:

-Եթե իշխանությունը հենց ՀՅԴ-ի հետ խնդիր ունի, ես կարծում եմ, որ շատ ավելի ազնիվ ու ողջամիտ կլիներ, եթե քննարկվեր, ասենք, տվյալ կուսակցության լյուստրացիայի հարցը, կամ՝ ինչ-որ պահանջներ ներկայացնեն, որոնց արդյունքում հասկանալի կդառնային նաեւ ՀՅԴ-ականների համար խաղի կանոնները: Բոլոր ՀՅԴ-ականները չեն, որոնց մուտքը Հայաստան արգելվում է եւ այս պայմաններում այդքան էլ հասկանալի չէ, թե ի՞նչ սկզբունքով է ընտրվում: Այսինքն, դա կուսակցության նկատմամբ չի իրականացվում եւ էլի շատ մարդիկ կան, ովքեր ազգային գաղափարախոսության կրողներ են, բայց նրանց մուտքը չի արգելվում Հայաստան: Այսինքն, կոնկրետ ինձ համար խաղի կանոնները, շատ մեղմ ասած, հասկանալի չեն:

-Այսինքն, խնդիրը պետությա՞ն տիրույթում է:

-Իրականում, պետության չէի ասի, կասեի՝ իշխանության տիրույթում է, ավելի ճիշտ՝ իշխանության քմահաճույքով՝ կուզե՞ն՝ կթողնեն, չե՞ն ուզի՝ չեն թողնի: Մի տեսակ, ժողովրդական խոսքով ասած՝ «դուքյանի» տպավորություն է թողնում. իշխանության եղող որոշ մարդիկ կարծես ենթադրում են, որ իրենց իշխանությունը տվել են՝ սեփական ցանկություններով կամ նախասիրություններով ինչ-որ գործողություններ իրականացնելու կամ չիրականացնելու համար: Պետությունն այդպես չի աշխատում, այդպես չի գործում, համակարգը պետք է հասկանալի լինի բոլորի համար:

Ես, օրինակ, չեմ կարծում, որ Կոնստանտին Զատուլինին արգելել էին, քանի որ նա ազգային գաղափարախոսության կրող էր. հաստատ՝ չէ, ուղիղ հակառակը: Բայց եթե Զատուլինի կամ որոշ այլ անձանց պարագայում, ինչ-որ չափով կարելի էր հասկանալ, այս դեպքերում (նկատի ունի Մուրադ Փափազյանի եւ Նժդեհ Գարագավորյանի-Ն. Գ.) մի քիչ դժվարանում եմ հասկանալ, քանի որ պատճառաբանությունները նորմալ չեն:

Գիտեք, կարեւորն այն է, որ իշխանությունները սովորեն վերջապես հաշվետվողականության, քանի որ այդ իշխանությունն իրենց չեն տվել վայելելու կամ ինքնիրավչությամբ զբաղվելու համար, այդ իշխանությունը տվել են բոլորի համար հասկանալի կանոններով՝ երկիրը կառավարելու համար, իսկ երկրի մեջ մտնում է նաեւ Սփյուռքը, որն անբաժանելի մասն է մեր էության, մենք առանց Սփյուռքի չենք կարող լինել: Այնպես որ, ինչպես ներսում, այնպես էլ դրսում՝ Սփյուռքի համար, խաղի կանոնները պետք է հասկանալի լինեն:

-Կարելի՞ է ենթադրել, որ իշխանության նման քայլերը միտված են Հայաստան-Սփյուռք կապերը խարխլելուն:

-Ես չգիտեմ՝ ինչի՞ն են միտված, որովհետեւ այս իշխանությունների գործողությունների տրամաբանությունը ոչ մի ոլորտում ինձ հասկանալի չի, բայց որ կոնկրետ այս տիպի գործողությունները ավելի մեծ խզում են մտցնելու մեր հարաբերությունների մեջ, դա միանշանակ է: Սփյուռքի մի զգալի մասը ՀՅԴ համակիրներ են, անդամներ են, ամեն դեպքում, իրենք ունեն իրենց տեսակետը եւ այնպես չէ, որ ներհայաստանյան եւ Սփյուռքի Դաշնակցությունը բացարձակ միատարր է, միատեսակ է, այնտեղ էլ կան շատ տարբեր մարդիկ եւ մոտեցումներ, բայց որ այս տեսակ գործողությունները խարխլելու են մեր հարաբերությունները, դա ակնհայտ է:

-Կոնստանտին Զատուլինի պարագայում, ասացիք, որ ինչ-չափով հասկանալի էր, ի՞նչը նկատի ունեք, ի՞նչն էր հասկանալի:

-Թե Կոնստանտին Զատուլինը, թե Մարգարիտա Սիմոնյանը եւ էլի մի խումբ անձինք, որոնց անունները հնչեցվեցին, իրենք ակնհայտորեն, Հայաստանի հանրապետության պետականությանը դեմ հայտարարություններ են արել, որի պարագայում, կարծում եմ, նորմալ է անցանկալի անձ ճանաչելը, ոչ մի խնդիր այդտեղ չկա։ Մենք ունենք մեր հետաքրքրությունները, մեր պատկերացումները պետականության մասին, եթե իշխանությունների պարագայում դա չկա, ժողովուրդը հաստատ ունի պատկերացում, թե ի՞նչ է ուզում եւ մեր տեսակետները չեն համընկնում: Ավելին ասեմ, այդ արգելափակումներից հետո, իմ խորին համոզմամբ, հաջորդ քայլը պետք է լիներ ռուսական հեռուստաալիքների փակումը, ինչի արդյունքում, այն աղբը, որը լցվում է եթերից՝ Հայաստանի հասցեին, ուղղակի պիտի արգելափակվեր, ինչը չեղավ: Դա էլ այդ տրամաբանական գծի խեղումն է, երբ չես հասկանում, եթե ինչ-որ մի մարդու մուտքը Հայաստան դու արգելափակում ես, ինչ-որ հայտարարություններ անելու համար, ո՞րն է տրամաբանությունը, որ դու բազմաթիվ այլ անձանց չես արգելափակում: Կան բազմաթիվ այլ քաղաքական գործիչներ, այլ քաղաքագետներ, վերլուծաբաններ, ովքեր նմանատիպ կամ ավելի կոպիտ արտահայտություններ են արել, ելույթներ են ունեցել, բայց իրենց մուտքը Հայաստան չի արգելափակվել, ավելին, իրենք խոսում են Հայաստան գալու, Հայաստանում բնակություն հաստատելու մասին: Այս պարագայում, տրամաբանական կապը ուղղակի խախտվում է, երբ չկա համակարգային մոտեցում:

-Տեսակետ կա, որ Կոնստանտին Զատուլինը եզակի ռուս քաղաքական գործիչներից է, որը մշտապես աչքի է ընկել իր հայամետ դիրքորոշումներով:

-Անկեղծ ասած, ես այդպես չեմ համարում, ես խորին համոզմունք ունեմ, որ ՌԴ քաղաքական գործիչների, այդ թվում նաեւ պառլամենտական, թե լրագրողների միջեւ շատ հստակ դերաբաշխում է եղել այս ընթացքում. մի մասին հանձնարարվել էր սիրել Հայաստանը, մի մասին հանձնարարվել էր սատարել Ադրբեջանին եւ իրենք շատ լավ կատարել են այդ գործառույթը: Չեմ բացառում, որ Զատուլինը Հայաստանի նկատմամբ՝ հաշվի առնելով նաեւ Հայաստանում նրա ընդունելությունը, վերաբերմունքն իր նկատմամբ ու հարաբերությունները, դրական վերաբերմունք ուներ, բայց ինձ համար միանշանակ է, որ բոլորին հանձնարարվել էր՝ սիրել կամ չսիրել ինչ-որ մի կողմը, ինչ-որ մի հարթության մեջ, եւ իրենք կատարել են իրենց հանձնարարությունը: Այս տրամաբանության մեջ, Սոլովյովին հանձնարարվել էր սիրել հայերին, մյուս հայտնի բլոգերին, հանձնարարվել էր սիրել ադրբեջանցիներին. այսպիսի դերաբաշխում է տեղի ունեցել:

Առհասարակ, մեզ ոչ ոք պարտավոր չէ սիրել, մենք պետք է ունենանք մեր շահերը եւ ատամներով պաշտպանենք մեր շահերը բոլորից՝ Զատուլինից, Սոլովյովից, անկախ նրանից, թե ո՞ր երկրի ներկայացուցիչ է: Մենք պետք է աշխատենք մեր շահերի վրա, մեզ սիրել-չսիրելով հարց չի լուծվում:

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031