Ադրբեջանական հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում անհամաձայնություն հայտնեց տարածվող այն մտքին, թե վերևներից հատուկ հրահանգով՝ պատերազմի, պատերազմի զոհերի, ռազմագերիների, անհետ կորածների, տարածքային կորուստների մասին չխոսելու վերաբերյալ, իշխանությանը, կարծես, հաջողվում է այդ ամենը մոռացության տալ։
«Այդ ցավոտ թեմաները օրակարգից հանելու, չխոսելու, չլուսաբանելու, ծնողներին հարթակ չտրամադրելու քաղաքականությունը, իրոք, տեղի ունեցել է։ Ամեն դեպքում իշխանական հեռուստաալիքներով չտեսանք, ասենք, մեր 15 զինվորների ողջ-ողջ այրվելու հանգամանքների բազմակողմանի լուսաբանում։ Հատկապես, որ զոհված տղաների ծնողները կտրուկ հականիկոլական դիրքորոշում ունեն եւ նրանց հետ սրանք պայմանավորվելու հույս ու հնարավորություն չունեն։ Բայց, քանի որ անհետևողականությունը եւ անսկզբունքայնությունը սրանց երկրորդ անունն է, որքան էլ չուզենան, թեման ասպարեզ բերում են։ Նրանք ունեն ծնողների մի մերձավոր խումբ, որոնց տուն գնում, թեյ են խմում, նրանց են հրավիրում, իբրեւ թե ցույց տալու, որ պետությունը հոգում է նրանց հոգսերը։ Այդ խմբին իշխանությունը դարձրել է այցեքարտ։ Բայց մենք ունեցել ենք հազարավոր զոհեր, տարածքային եւ բարոյական կորուստներ եւ այդպես վարվելով՝ նրանք այդ թեման բերում են ասպարեզ, հիշողությունը տաք են պահում։ Հենց այս ամենը հաշվի առնելով՝ ես պնդում եմ, որ հիշողությունը մոռացության մատնել չի հաջողվել եւ չի էլ հաջողվելու։ Նման բան չի կարող լինել, որովհետեւ այդ ամենը արյունով է գրվել մեր պատմության մեջ»,-ասաց Արմինե Ադիբեկյանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ