2022թ. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանի դեմ 31 դիմումների վերաբերյալ կայացրել է 21 վճիռ, բոլորում հայտնաբերվել է առնվազն մեկ խախտում: Դատարան ներկայացված 177 դիմում չի ընդունվել, իսկ 48-ը փոխանցվել է կառավարությանը: Այս մասին ասվում է ՄԻԵԴ տարեկան ամփոփիչ զեկույցում:
Ամենաշատ խախտված իրավունքը ազատության և անվտանգության իրավունքն է (7 վճիռ) և անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից պաշտպանված լինելու իրավունքը (6 վճիռ)։
Ըստ զեկույցի՝ Հայաստանը Եվրախորհրդի երկրների շարքում ամենաշատ ընթացքի մեջ գտնվող դիմումներ ունեցող երկրներից է (1250 դիմում կամ ընդհանուր դիմումների 1.7%-ը):
2022թ. ՄԻԵԴ-ը ստացել է Հայաստանի դեմ գործերով միջանկյալ միջոցների կիրառման 12 միջնորդություն։ Որևէ միջնորդություն չի բավարարվել. 7 դեպքում նման միջոցները մերժվել են և պարզվել է, որ 5 դիմում դուրս է Դատարանի կանոնակարգի՝ միջանկյալ միջոցներ կիրառելու մասին 39-րդ կանոնի շրջանակից:
Կարդացեք նաև
1959-2022թթ. Հայաստանի դեմ դիմումների հիման վրա ՄԻԵԴ-ը կայացրել է 174 վճիռ, որոնցից 163-ում հայտնաբերվել է առնվազն մեկ խախտում։ Ազատության և անվտանգության իրավունքը ամենաշատ խախտված իրավունքն է (60 վճիռ), որին հաջորդում են արդար դատաքննության իրավունքը (52 վճիռ) և սեփականության պաշտպանության իրավունքը (37 վճիռ):
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ