«Այստեղ՝ այս դատարանում հանդես եմ գալիս որպես վերջին միջոց։ Եթե դատարանն անհապաղ միջոցներ չձեռնարկի, ԼՂ հայերն անհնարին ընտրության առաջ կկանգնեն՝ թողնել իրենց պապենական տները, կամ մնալ այնտեղ և սովամահ լինել»,- ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ICJ) Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով բանավոր լսումների ժամանակ ահազանգեց ՄԱԿ-ի դատարանում ՀՀ-ի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
Նա, դիմելով դատարանին, ասաց․ «Մենք ձեզ մոտ թեթև սրտով չենք գալիս և հույս ունենք, որ մեր խնդրանքում արծարծված հարցերը վաղուց պետք է, որ լուծված լինեին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջամտությամբ՝ 2022-ի դեկտեմբերի 20-ին, ինչպես նաև երկկողմ փոխանակումների և նամակների միջոցով»։
Եղիշե Կիրակոսյանի վստահեցմամբ՝ Ադրբեջանի գործողությունները ցույց են տալիս, որ նա հաստատակամ է ԼՂ հայերին ոչնչացնելու՝ իր մտադրության հարցում։ Նա հիշեցրեց, որ արդեն մեկ հոգի մահացել է բուժօգնության բացակայության պատճառով, շատ այլ մարդիկ այդ բախտին արժանանալու ռիսկի տակ են, խանութների դարակները դատարկ են, սնունդը քարտերով է բաշխվում, կա դեղամիջոցների և բժշկական պարագաների պակաս, գազամատակարարումն ամբողջովին դադարեցվում է, էլցանցի բեռնվածությունը հանգեցնում է կրկնվող և երկարաժամկետ անջատումների, դպրոցներն ու մանկապարտեզներն ամբողջովին փակ են, երեխաները բաժանվել են իրենց ընտանիքներից հիսուն օր շարունակ։
Սակայն ցավով նշեց, որ ի հեճուկս այս ճգնաժամի՝ Ադրբեջանը փորձում է արդարացնել իր շրջափակումը բնապահպանական հորինվածքներով՝ չկատարելով նաև նոյեմբերի 9-ի հայտարարությամբ իր ստանձնած պարտավորությունները անգամ միասնական միջազգային դատապարտման լույսի ներքո։
Կարդացեք նաև
Եղիշե Կիրակոսյանը փաստեց, որ Ադրբեջանը նաև անտեսում է ՄԻԵԴ-ի որոշումը՝ հանգեցնելով նրան, որ ՄԻԵԴ-ն արտակարգ քայլեր ձեռնարկի Ադրբեջանի անհամապատասխանությունը զեկուցել ԵԽ նախարարների կոմիտեին։
Ուստի Եղիշե Կիրակոսյանը փաստեց՝ այս դատարանում ՀՀ-ն հանդես է գալիս որպես վերջին միջոց։ Եղիշե Կիրակոսյանը, հիշեցնելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, վստահեցրեց՝ Ադրբեջանի հիմնական նպատակը հայերին ԼՂ-ից վտարելն է։ Եղիշե Կիրակոսյանը նշեց․ «Գազամատակարարման և էլեկտրաէներգիայի դադարեցումները հենց այդ արդյունքին են հանգեցնելու։ Ըստ Ալիևի խոսքերի՝ եթե ինչ-որ մեկը չի ցանկանում իրենց քաղաքացին դառնալ, կարող է գնալ կամ կարող է ինքնուրույն մեկնել․ ոչ մեկը նրան չի կանգնեցնի։ Այլ կերպ ասած՝ ծագումով հայերը չեն կարող մուտք գործել ԼՂ, բայց կարող են դուրս գալ այստեղից։ Այսօրինակ աղաղակող էթնիկ զտման գործողությունները մեր օրերում տեղ չունեն, և այս դատարանը մեր վերջին հույսն է ԼՂ-ի հայերի համար»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ