Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հունվարի 27-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է, որ Մոսկվան նպատակ ունի շարունակել «3+3» ձևաչափը, նաև անդրադարձել է հայ-թուրքական կարգավորմանը:
«Նպատակադրված ենք առաջ տանել 2021թ. դեկտեմբերին մեկնարկած «3+3» (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) խորհրդատվական տարածաշրջանային հարթակի աշխատանքները: Մենք արդյունավետ և ժամանակին ենք համարում այդ հարթակը, որտեղ նախատեսվում է կենտրոնանալ համագործակցության կառավարման գործնական հարցերի վրա՝ ի շահ տարածաշրջանային խաղացողների: Ինչ վերաբերում է Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ապա հենց ռուսական հովանու ներքո է սկիզբ տրվել այդ առաքելությանը 2022թ. հունվարին, երբ Մոսկվայում առաջին անգամ հանդիպեցին Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներ Ռուբինյանն ու Քըլըչը: Երկուսի հետ էլ մենք հիմա էլ շարունակում ենք սերտ շփումները: Ողջունում ենք վերջին տեղաշարժերը, որոնք հեռանկարներ են բացում հայ-թուրքական կապերի վերականգնման համար, ինչը կնպաստի տարածաշրջանային մթնոլորտի հետագա առողջացմանը»,- ասել է Զախարովան:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ