Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուբլին որ վերացավ, ես հիշում եմ՝ Փակ շուկայում մալականի թթուն դոլարով էին ծախում, 93 թվից տես ինչքան է անցել». Արթուր Խաչատրյան

Հունվար 30,2023 12:56

«Եթե եկամուտներդ դրամով է, դոլարով վարկ վերցնելը «մահ իմացյալ» է»,- այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը եւ պատմեց. «Ժամանակին ինձ առաջարկում էին հիփոթեք 3%-ով ավելի էժան, բայց՝ դոլարով, ասեցի՝ չէ, ես ապրել եմ ուզում: Հետո դոլարը 400 դրամից դարձավ 550, շատերի մոտ ինֆարկտ էր: Հիմա, երբ 550 դարձավ 400, շատերն ասում են, որ ես հնարավորություն կորցրեցի, բայց դա հենց արտարժութային ռիսկն է»:

Ինչպես տեղեկացրել ենք, հանձնաժողովի նիստում քննարկվում է ՔՊ պատգամավորների ներկայացրած «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագիծը, որով առաջարկվում է բանկերին, վարկային կազմակերպություններին արգելել ՀՀ ռեզիդենտ քաղաքացիներին վարկեր տալ արտարժույթով:

Արթուր Խաչատրյանը հետաքրքրվեց՝ ներկայումս քանի՞ տոկոս են կազմում դոլարային վարկերը:

Համահեղինակ Գեւորգ Պապոյանն ասաց. «Չաշխատող վարկերի տոկոսներն ունենք, մոտ 1,5% դրամայինն է, 4,5-6% արտարժութայինն է»:

Արթուր Խաչատրյանը նաեւ հարցրեց՝ բանկերի ներկայացուցիչների հետ քննարկե՞լ են նախագիծը, որովհետեւ կարող են դեմ լինել. «Մարդը կարող է արտարժույթով օրինական եկամուտ ունենա, դրսից փող ստանա: Բանկերը գնահատում են արտարժութային ռիսկը ու մերժում են, եթե ռիսկը մեծ է: Բանկերը, որոնք ներգրավել են արտարժութային դեպոզիտներ, ի՞նչ են անելու այդ փողը՝ սպառողական կրեդիտավորման վարկ տալ չեն կարող, օրենքն արգելում է, իրենց հույսը հիփոթեքն էր, հիմա հիփոթեքն էլ ենք փակում ու գուցե այստեղ է օրենքի ստեղծման ակունքը: 2 տարի հետո գալու է հսկայական արտաքին պարտքերը մարելու ժամանակ ու արտարժութային վարկերը պետք է մարվեն, միգուցե սա է պատճառը,որ այս օրենքը ծնվեց: Եթե դա է, դա էլ վատ պատճառ չի, բայց սա բանկերի շահերին կարող է կպնել: Ես հասկանում եմ, որ բանկերը ուզուրպացրել են Հայաստանի ֆինանսական համակարգը ու դրանով խոչընդոտում են համակարգի կայացմանը եւ մեգառեգուլյատորի ձեռքից որոշ լծակներ պետք է վերցնել ու խթանել, որ ոչ բանկային ֆինանսական կազմակերպություններ զարգանան, բայց պետք է բանկերի հետ քննարկել: 17% արտարժութային հիփոթեքն է, մենք էական մեծ կտորի մասին ենք խոսում, ես չգիտեմ՝ միտումը ոնց է եղել ժամանակի ընթացքում, բայց բանկերի հետ պետք է քննարկենք: Ժամանակին ամեն ինչն էր դոլարով, ռուբլին որ վերացավ, ես հիշում եմ՝ Փակ շուկայում մալականի թթուն դոլարով էին ծախում, հիմա հո դրա մասի՞ն չի խոսքը, 93 թվից տես ինչքան է անցել»:

Պապոյանը պատասխանեց, որ բանկերը տարբեր կարծիքներ ունեն ու եթե ընդդիմանային, իրենք կնախաձեռնեին քննարկում, հանդիպում, իսկ Խաչատրյանի ասած տարբերակի մասին չէին էլ մտածել, որ բանկերի արտարժութային միջոցները կարող են պետք գալ պետությանը՝ արտաքին պարտքը մարելիս:

Նախագիծն 5«կողմ», 1 «ձեռնպահ» ձայնով ստացավ դրական եզրակացություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031