ՔՊ պատգամավորներն առաջարկում են բանկերին, վարկային կազմակերպություններին արգելել ՀՀ ռեզիդենտ քաղաքացիներին վարկեր տալ արտարժույթով:
Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ համահեղինակ Գեւորգ Պապոյանն (լուսանկարում) ասաց, որ մեր հասարակությունը շատ դոլարիզացված է, մեքենա, տուն, ինչի գին հարցնում են, առաջինը դոլարով են ընկալում ու ֆիքսում. «Մենք պիտի այդ մտածողությունից հրաժարվենք: Ոչ մի երկրում այդքան շատ իրար չեն խառնվում փոխարժեքի տատանումներից, որքան Հայաստանում: Դրամային եկամուտ ունեցող մարդը ինչի՞ պիտի մտածի փոխարժեքի տատանումների մասին: Դա բերում է հավելյալ բաների, որովհետեւ երբ մարդիկ դոլարային ավանդներ են ունենում, դոլարային վարկեր են ունենում, իրենք փոխարժեքի փոքր տատանումների ժամանակ սկսում են ոչ մասնագիտական, հաճախ անկանոն ֆինանսական շարժումներ անել, որոնք է՛լ ավելի մեծ ու վատթար հետեւանքների են բերում: Երբ մարդը չունի եվրոյով կամ դոլարով վարկ, ինքը չի անի այդ անկանոն գործողությունները եւ իրենց ազդեցությունն էլ փոխարժեքի վրա այդքան մեծ չի լինելու: Այդ տրամաբանությամբ օրենքի նախագիծը բերել ենք»:
Պապոյանը հորդորեց. «Ես մեր քաղաքացիներին կոչ կանեմ հատկապես մեծ տատանողականություն ունեցող արտարժույթներով, օրինակ, եվրոյով վարկեր չվերցնել, որովհետեւ 400 դրամ եղավ եվրոն մոտ 2 ամիս առաջ ու այդ պահին վերցրած վարկերը արդեն իսկ մոտ 5%-ով թանկացել են: Սա շատ վտանգավոր տենդենց է, վաղը կարող է եւս 5%-ով թանկանալ: Մեր նախագիծն ուղղված է կայունությանը եւ արտարժութային ցնցումների ժամանակ, այսպես ասած, այնպիսի իրավիճակներին, որ մենք չունենանք տնտեսական ճգնաժամեր: Եթե հազարավոր քաղաքացիներ կանգնեն իրենց վարկերը փակելու խնդրի առաջ, դա կբերի տնտեսական ճգնաժամերի՝ իրենից բխող հետեւանքներով»:
Պապոյանն ասաց, որ մի քանի կառուցապատողների հետ են խոսել. «Նրանք նշել են, որ նախկինում շատ մեծ սխալ են արել պայմանագրում դոլարով գինը նշելով: Պայմանագրում նշած են եղել՝ այսքան դոլարին համարժեք դրամ: Այդ ընկերությունները մեծ խնդիրների առաջ են կանգնել ֆինանսավորման մեջ, միշտ մտածել են, թե փոխարժեքը լինելու է մոտավորապես 480 դրամ: Կյանքը ցույց տվեց, որ դա սխալ է, դոլարով մտածելը բիզնեսի համար վնաս է: Հիմա պայմանագրում նշում են՝ 1 քմ-ն արժե, օրինակ, 780 հազար դրամ: Երբ մարդը արտարժույթով հիփոթեքային վարկ է վերցնում, դոլարը դառնում է 300, քաղաքացիներն ուրախանում են, որովհետեւ իրենց համար հեշտ է, ամեն ինչ լավ է, բայց երբ դառնա 600 այդ մարդիկ տներ կկորցնեն, պետությունն էլ կհայտնվի տնտեսական ճգնաժամի առաջ: Մենք արդյոք իրավունք ունե՞նք այդ ռիսկի գնալ, դա կազինոյի մեխանիզմ է: Պետությունը չի կարող այդ մեխանիզմով կառավարել, գնում ենք կայունության: Եթե մեր եկամուտները դրամով են, մենք ի՞նչ գործ ունենք այլ երկրի արժույթով վարկեր վերցնելու հետ»:
Կարդացեք նաև
ՔՊ պատգամավոր Միքայել Թումասյանն ասաց, որ կարող է ամուսինը խոպանում աշխատում է, դրսից տրանսֆերտներ է ուղարկում ու դրանով վարկը փակում են: Պապոյանն արձագանքեց. «Դրանք նույնպես ռիսկային իրավիճակներ են: Լավ, դրսից 50$ կամ 1000$ ասենք փոխանցեցին, արդյոք դա հի՞մք է»:
Նախագծում պատգամավորներն առաջարկում են ամրագրել «Բանկերը եւ վարկային կազմակերպությունները սպառողական փոխառություններն ու վարկերը, բնակարանային հիփոթեքային կրեդիտները տրամադրում են միայն Հայաստանի Հանրապետության դրամով: Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց (բացառությամբ ՀՀ ռեզիդենտ համավարկառու ունենալու դեպքի) բնակարանային հիփոթեքային կրեդիտները կարող են տրամադրվել նաեւ արտարժույթով»:
Կենտրոնական բանկի կարծիքը դրական եզրակացություն է տվել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ