Հունվարի 27-ին «Գիտուժ» նախաձեռնության անդամները հանդիպել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ գիտության քաղաքականության մեջ ընթացող գործընթացները, պետական պատվերի ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման անհրաժեշտությունը և Հայաստանում գիտության շաբաթ անցկացնելու հարցերը քննարկելու համար։
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարության Գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և Լուսինե Գրիգորյանը՝ Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետը:
Քննարկումը սկսելուց առաջ «Գիտուժ» նախաձեռնության անդամները շնորհավորեցին Ժաննա Անդրեասյանին ԿԳՄՍ նախարար դառնալու կապակցությամբ՝ հաջողություն մաղթելով իր պատասխանատու և չափազանց կարևոր գործում։
Հայաստանում գիտությանը վերաբերող արմատական փոփոխություններ իրականացնելու նախագծերը պետք է քննարկվեն շահագրգիռ կողմերի հետ
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը և Գիտության կոմիտեի նախագահը «Գիտուժ» նախաձեռնության ակտիվ անդամներին ներկայացրին Հայաստանի գիտության քաղաքականության մեջ ընթացող գործընթացները։
«Գիտուժ»ի անդամները հատուկ ընդգծեցին, որ գիտությանն առնչվող ցանկացած արմատական որոշում պետք է կայացնել շահագրգիռ կողմերի, այդ թվում նաև Սփյուռքի ակտիվ գիտական շրջանակների հետ քննարկելով, որոշման էությունը և կարևորությունը գիտական համայնքին կառուցողական մթնոլորտում և ճիշտ ձևաչափով հաղորդակցելով։
Շահագրգիռ կողմերի հետ կառուցողական աշխատելաոճ և գործընթացների թափանցիկության ու հաշվետվողականության միջավայր ստեղծելով է միայն հնարավոր ապահովել Հայաստանում գիտական քաղաքականության նպատակային փոփոխությունների արդյունավետ ընթացքը՝ ոչ մի դեպքում չվնասելով գիտական առանց այն էլ փխրուն համակարգին։
Այս առումով ողջունում ենք ԿԳՄՍ նախարարի, Գիտության կոմիտեի նախագահի ու Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի՝ մեր համայնքի հետ համագործակցելու և գործընթացների թափանցիկությունը ապահովելու պատրաստակամությունը։
Հայաստանում գիտական էկոհամակարգը պետք է զարգացնել այն սկզբունքով, որ այն կարողանա լուծել երկրի առջև ծառացած խնդիրները և մարտահրավերները
ԿԳՄՍ նախարարի հետ հանդիպման ընթացքում «Գիտուժ»ի ակտիվ անդամները, պատմելով նախաձեռնության առաջացման և առաքելության մասին, նշեցին, որ «Գիտուժ»ի գլխավոր նպատակն է Հայաստանի Հանրապետության կարիքների բավարարման նպատակով ԳՀՓԿ աշխատանքների պատվերի համակարգի ստեղծումը։
Նախաձեռնության անդամները նախարարի հետ կիսվեցին, որ իրենց համար խիստ մտահոգիչ է հետևել գիտության կառավարման մեջ կառուցվածքային փոփոխությունների մասին քննարկումներին, երբ բուն բովանդակության մասին ոչինչ չի խոսվում։ Մինչդեռ Հայաստանում գիտությունը պետք է նպաստի երկրի առջև ծառացած խնդիրների և մարտահրավերների լուծմանը, իսկ առանց պետական պատվերի համակարգի ներդրման գիտական էկոհամակարգը չի կարողանալու նման խնդիրներ լուծել՝ դրանով իսկ անարդյունավետ դարձնելով այդ համակարգի և համակարգի կառուցվածքային փոփոխությունների վրա ծախսվող պետական միջոցները։
Հանդիպման ընթացքում ԿԳՄՍ նախարարը և ԳԿ նախագահը նշեցին, որ պետական պատվերի համակարգի ձևավորումը միայն ԿԳՄՍ նախարարության լիազորության դաշտում չի։ Ամեն դեպքում նախարարը նախաձեռնության անդամներին առաջարկեց գրավոր ներկայացնել պետական պատվերի համակարգի ստեղծմանը նպաստող առաջարկները։
«Գիտության շաբաթ» Հայաստանում
Գիտության հանրայնացումն ինքնանպատակ չի, այն Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի՝ ապագայում գիտության արժեքն իմացող և գիտությամբ զբաղվել ցանկացող քննադատական մտածողությամբ զինված սերունդ ունենալու համար։
Հայաստանում գիտության հանրայնացման շարունակականությունը և մասշտաբայնությունն ապահովելու համար «Գիտուժ» նախաձեռնությունն առաջարկեց ԿԳՄՍ նախարարին երկրում ներդնել տարին մեկ տեղի ունեցող «Գիտության շաբաթ» միջոցառումը, ինչպես դա համազգային մակարդակով արվում է աշխարհի բազմաթիվ երկրներում՝ Անգլիա, Ավստրալիա, Իռլանդիա, Հնդկաստան, Նորվեգիա, Չինաստան և այլն։
ԿԳՄՍ նախարարը նշեց, որ «մեզ համար առաջնահերթ է գիտության նկատմամբ հետաքրքրության զարգացումը՝ սկսած դպրոցից» և առաջարկեց «Գիտուժ» նախաձեռնության անդամներից և ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչներից աշխատանքային խումբ կազմել՝ «Գիտության շաբաթ» միջոցառման ձևաչափը և բովանդակությունը մշակելու համար։
«Գիտուժ» նախաձեռնություն