Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Հովսեփյան․ «Ֆեդերացիայի նախագահ գործընկերներս ինձ հավաստիացրել են, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությանը Երեւան ժամանելու են մեծ կազմերով»

Հունվար 29,2023 23:35

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանն այսօր արտահերթ նիստից հետո լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում պատասխանելով ապրիլ ամսին Երեւանում կայանալիք Եվրոպայի երիտասարդական առաջնության նախապատրաստական աշխատանքների մասին հարցին, ասաց․ «Հիմա պլանավորում ենք, թե որ մարզադահլիճում անցկացնել։ Շատ էինք ուզում կրկին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կազմակերպել, սակայն այնտեղ անցկացվելու է Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը եւ, հավանաբար, չի ստացվի։ Ներկայումս քննարկվում է «Միկա» մարզադահլիճը։

Նախապատրաստական աշխատանքներն ընթանում են պլանավորվածի համաձայն։ Լսեցիք, որ ստեղծելու ենք ֆեդերացիայի կազմկոմիտե։ Դիմելու ենք նախարարությանը, որպեսզի ստեղծվի նաեւ կառավարական կազմկոմիտե, որովհետեւ կազմակերպչական հարցերով պետական աջակցության անհրաժեշտություն է լինելու։ Իսկ ֆինանսականը պատրաստ է հոգալ ֆեդերացիան»։

Պարոն Հովսեփյանը նշեց, որ Եվրոպայի երիտասարդական առաջնությունում ֆեդերացիայի նպատակը միայն առաջին տեղը զբաղեցնելն է։ «Սակայն եկեք նաեւ իրատեսորեն նայենք։ Այս տարի թույլատրված է նաեւ Ռուսաստանի ու Բելառուսի մասնակցությունը։ Նրանք ուժեղ հավաքականներ ունենք։ Քանի որ Եվրոպայի մեծահասակների առաջնությունը եւ IBA-ի համաժողովը մենք կազմակերպել էինք շատ բարձր մակարդակով, եւ այն շատ էր դուր եկել մասնակիցներին, գրեթե բոլորն էլ մեծ ցանկություն ունեն մասնակցելու, այն էլ՝ ուժեղ կազմերով։ Մասնավորապես, Սլովենիայի եւ Չերնոգորիայի թիմերը միշտ էլ փոքրակազմ են եղել, բայց իրենց ֆեդերացիաների նախագահներն ինձ արդեն հավաստիացրել են, որ ժամանելու են մեծ թիմերով»,-ասաց նա։

Հովհաննես Հովսեփյանը անդրադարձավ նաեւ Հայաստանի առաջնություններին եւ մրցավարությանը։ «Ես նիստի ժամանակ մեկ անգամ եւս հայտարարեցի, որ մեր համար ամենաառաջնայինը արդար մրցավարությունն է։ Դուք տեղյակ եք, որ իմ որդին էլ բռնցքամարտիկ է։ Բազմիցս ասել եմ ու այսօր էլ հիշեցրի, որ անգամ իմ որդու ձեռքը չպետք է բարձրացվի, եթե նա չի հաղթել։ Իսկ եթե հանկարծ նման բան լինի, ես անձամբ եմ դրա դեմ պայքարելու։ Բռնցքամարտում մրցավարությունը սուբյեկտիվ տարրեր ունի։ Բայց, միեւնույն է, անելու եմ ամեն հնարավոր բան դիտավորյալ կողմնապահությունն արմատախիլ անելու համար։ Այդ նպատակով հետեւողականորեն բարեփոխումներ ենք մշակում։ Այդ նորամուծությունները կիրառվելու են նաեւ երկու օրից մեկնարկող Հայաստանի ազգային եւ դրան հաջորդող երիտասարդական առաջնություններում»,-վստահեցրեց նա։

Հովհաննես Հովսեփյանը նաեւ տեղեկացրեց, որ մեր հավաքական թիմերի արտագնա կարեւորագույն մրցաշարերին մասնակցությունն ավելի բազմակողմանի ու ընդգրկուն լուսաբանելու նպատակով ինքը չի բացառում, որ ցանկություն ցուցաբերելու դեպքում ֆեդերացիայում կարելի է նաեւ հնարավոր առաջարկները քննարկել ու հնարավորության սահմաններում նաեւ փորձել օգտակար լինել։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031