Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թեհրանում Ադրբեջանի դեսպանության դեպքը բացահայտված է

Հունվար 29,2023 22:40

Ուրբաթ 27 հունվարի առավոտյան ժամը 8։32-ին զինված հարձակում կատարվեց Թեհրանում Ադրբեջանի դեսպանության շենքի վրա, որի հետևանքով սպանվեց դեսպանատան ներքին անվտանգությունը հսկող մեկ ադրբեջանցի պաշտոնյա և վիրավորվեց երկու աշխատակից։ Հարձակվողը հենց դեսպանության տարածքում կալանվեց Իրանի Իսլամական Հանրապետության ոստիկանության կողմից։

Ոստիկանությունն ընդամենը երեք ժամ հետո բացահայտեց դեպքը և հայտնեց, որ հարձակվողը՝ Յասին Սաֆար Հոսեյն Զադեն, եղել է Իրանի քաղաքացի՝ Ատրպատականի Խոյ գավառի Վերին Յեքան գյուղից (այս շրջանում ապրում են Իրանի թյուրքախոս քաղաքացիներ)․ դրդապատճառը եղել է ընտանեկան։ Յասինի կինը եղել է բաքվեցի, որը իրանցու հետ ամուսնանալու համար հավանաբար կորցրել է Ադրբեջանի քաղաքացիությունը, և տաս ամիս առաջ դիմել է Ադրբեջանի դեսպանություն, խնդրել է վերադառնալ  Բաքու։ Առերևույթ կատարվել է նրա խնդրանքը, նրան նորից Ադրբեջանի ճամփորդական անձնագիր է տրվել, և նա մեկնել է Իրանից։

Հիմա ամուսինը երկու անչափահաս երեխաների հետ, Կալաշնիկով տեսակի ավտոմատով զինված, եկել է Բաքվի դեսպանությունից հաշիվ պահանջելու։ Ատրպատական նահանգի դատախազը ևս փաստեց, որ տղամարդը իրանական առաջին ամսվա 29-ին (19 ապրիլի 2022 թվականին), Ուրմիայի իրավապահ մարմինների մոտ հայտարարություն է տվել իր կնոջ կորելու մասին։ Իրավապահներն ամիսներ հետո պարզել են, որ կինը հատել է Իրանի սահմանը և այդ մասին հայտնել են ամուսնուն։

Ընդամենն այս երեք ժամվա ընթացքում Ադրբեջանը տարբեր տեսակի հերյուրանքներ հորինեց՝ թե կատարվածն ահաբեկչություն է, և հայերն են կատարել, «27 հունվարի օրը Հոլոքաստի հիշատակի օրն է», « Հայերը տարիներ առաջ 27 հունվարին հարձակվել են Լոս Անջելեսի թյուրքական հյուպատոսության վրա», «Այսօր հայերը Թեհրանում հանրահավաք ունեն» և նման մտացածին բաներ։ Բաքվում երբ իմացան, որ հարձակվողը Իրանի թյուրքախոս քաղաքացի է և դրդապատճառն ընտանեկան է, իրենց քարոզչության շեշտը փոխեցին և հիմա էլ խոսում են դեսպանությունների պահպանման իրանցի պատասխանատուների թերի աշխատանքի մասին։ Ադրբեջանի կառավարության որոշումով իրենց դեսպանության ամբողջ անձնակազմը տարհանվել է Իրանից։

Իրանի ԶԼՄ-ների հաղորդման համաձայն նախագահ պրն Ռայիսին շաբաթ երեկոյան զանգել է իր ադրբեջանցի պաշտոնակցին և ցավակցել է դեպքի համար։ Իմ կարծիքով Իրանն իր բազում խնդիրների, ադրբեջանա-թուրքական տանդեմի հետ ունեցած հարցերի և արտասահմանյան երկրների ներկայացուցչությունների շենքերի վատ պահպանման ֆոնին (հիշենք ԱՄՆ, Խորհրդային Միություն, Մեծ Բրիտանիա, Դանիա, Ավստրիա, Սաուդական Արաբիա, Քուվեյթ և Պակիստան երկրների դեսպանությունների վրա կատարված հարձակումները), չէր ուզենա, որ նման նոր բարդության առջև կանգնել։ Ցավոք Իրանում ևս ռազմաճակատից զենք տուն բերելու օրինակները շատ են և այս դեպքը ևս երևի բացառություն չէ։

Ադրբեջանի ԱԳՆ-ի կողմից հրապարակված տեսագրություններից երևում է, որ Բաքվի դեսպանության շենքը դրսից հսկող իրանցի ոստիկանը ավտոմատավոր տեսնելիս հանկարծակի է գալիս և հազիվ հասցնում է հեռախոսով ահազանգ հնչեցնել։ Օրը ոչ աշխատանքային է (ուրբաթը Իրանում ոչ աշխատանքային օր է), և հարձակվողը փորձում է մուրճի օգնությամբ և դռան վրա կրակելով՝ ջարդել գլխավոր դուռը և ներս խուժել․ դեսպանության շենքի միջի տեսագրությունից երևում է, որ հարձակվողը հաջողում է մտնել դեսպանության տարածք և կրակ բացել պահակախմբի վրա և վերջում ձեռնամարտի է բռնվում աշխատողներից մեկի հետ և զինաթափվում է։

Խառն ամուսնությունների մասին․ այս թեման ինձ ծանոթ է հենց Հայաստանից և Իրանի Ոստիկանության բացատրությունը հավաստի է թվում։ Իսլամական Իրանի օրենքների համաձայն իրանցու հետ ամուսնացող օտարացին պետք է Իրանի քաղաքացիություն ընդունի, որպեսզի նրանց ամուսնությունը գրանցվի։ Իրանցի կինը ճամփորդական անձնագիր ստանալու համար պետք է ունենա իր ամուսնու նոտարական համաձայնությունը․ բացառություն է եթե կնոջ այդ իրավունքը նախապես գրանցված լինի ամուսնության վկայականում, որն, ըստ երևույթին, այս դեպքում չի եղել։ Արտասահմանցիները և հատկապես տարածաշրջանի համեստ խավերի ներկայացուցիչները, չտիրապետելով այդ օրենքին, Իրան հարս գնալուց հետո, երբեմն խնդիր են ունենում իրենց ամուսինների հետ։ Սա այն դեպքերից է, երբ ադրբեջանուհին իր իրանցի ամուսնուց թաքուն, վերականգնել է իր ադրբեջանական քաղաքացիությունը և լքելով ընտանիքին որպես Ադրբեջանի քաղաքացի վերադարձել է Բաքու։ Իրավունքի ոլորտի իրանցի մասնագետների կարծիքով այստեղ առերևույթ կա նաև կեղծիքի տարր։ Իրանի սահմանապահները պետք է իմանային կնոջ իրանական քաղաքացիություն ունենալու հանգամանքը և ըստ այդմ արգելեին նրա ելքը․ չի բացառվում նաև, որ Թեհրանի Ադրբեջանի դեսպանությունում կատարել են բաքվեցի կնոջ անձնական տվյալների կեղծում և իրանցի սահմանապահների համար շփոթ են ստեղծել։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031