Լրահոս
Օրվա լրահոսը

Հրեայ ծայրայեղականները հարձակվել են Երուսաղէմի հայերի և Հայոց Պատրիարքարանի վրայ

Հունվար 29,2023 21:58

Երուսաղէմի Սրբոց Յակոբեանց Միաբանութեան դիւանապետ Հայր Աղան Գոգչեանի ֆեյսբուքյան գրառումը

Յունուարի 28-ի ուշ երեկոյեան, երկու հրեայ ծայրայեղականներ Հայոց Պատրիարքարանի փողոցով «Լացի պատ» գնալիս Հայոց Վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթեւեկութեանը, ապա դուրս գալով ճանապարհից՝ հարուածել են աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների աւտոմեքենային:

Հայ երիտասարդները մեքենայից իջնելով քաղաքաւարի խօսել եւ հարցրել են. «Ինչո՞ւ էք հարուածում մեքենային, սա մեր թաղամասն է, մենք աշխատանքից տուն ենք վերադառնում: Մենք յարգում ենք հրեաներին ինչո՞ւ էք էսպիսի բաներ անում, մենք ձեզ ի՞նչ ենք արել»:

Հրեայ ծայրայեղականներից մէկը սկսել է բղաւել. «Դուք այստեղ թաղամաս չունէ՛ք: Սա մե՛ր երկիրն է, գնացէք մեր երկրից»:
Եւ երբ հայ երիտասարդները ասել են. «Սա նաեւ մե՛ր երկիրն է, մեր տունը այստե՛ղ է, մենք այստե՛ղ ենք ծնուել, ուրիշ տեղ չունենք գնալու», միւս ծայրայեղականը արցունքաբեր գազ է փչել հայ երիտասարդի աչքերին եւ երկուսով փախուստի են դիմել: Հայ երիտասարդները փորձել են հետապնդել վերջիններիս, որպէսզի ոստիկաններին յանձնեն, սակայն արցունքաբեր գազի ազդեցութիւնը թոյլ չի տուել եւ հայ երիտասարդին, ընկերը տեղափոխել է հիւանդանոց:

Հիւանդանոցից վերադառնալուց յետոյ, հայ երիտասարդները բողոք են ներկայացրել ոստիկանութիւն: Ոստիկանները յայնտաբերել են երկու հրեայ ծայրայեղականներին եւ ձերբակալել նրանց: Նրանցից մէկին լուսաբացին ազատ են արձակել, իսկ արցունքաբեր գազ փչողը դեռ ձերբակալուած է:

Այս դէպքից մէկ ժամ անց, հրեայ ծայրայեղականների մի ուրիշ խումբ «Լացի պատ» գնալիս, անցնելով Պատրիարքարանի փողոցով՝ փորձել են մագլցելով բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք եւ հանել պատրիարքարանի խաչակիր եւ Հայաստանի Հանրապետութեան դրօշները: Այդ պահին վանքի դիմաց կանգնած հայ երիտասարդները նկատելով այդ՝ մօտեցել և արգելել են հրեայ ծայրայեղականների գործողութիւնները, վերջիններս փախել են և շուտով վերադարձել աւելի փոքր խմբով, այս անգամ դիմակաւրուած:

Դիմակաւոր ծայրայեղականները նորից փորձել են կռիւ հրահրել, հայ երիտասարդների ուղղութեամբ օդում արցունքաբեր գազ են փչել, հայհոյել հայերին եւ փախել ոստիկանութեան ուղղութեամբ: Հայ երիտասարդները հետապնդել են նրանց, եւ երբ վերջիններս տեսել են, որ հայերը հետապնդում են իրենց՝ բղաւել են. «Տեռորիստական յարձակո՜ւմ, տեռորիստական յարձակո՜ւմ»:
Ոստիկանները կարծելով, որ հրեայ ծայրայեղականների բղաւոցները ճիշտ են՝ փակել են հայ երիտասարդների ճանապարհը, զէնքերը պահելով նրանց վրայ՝ ծեծի են ենթարկել մի քանիսին, եւ նրանցից Գևորգ Քահկէճեանին ձերբակալելով՝ տարել են ոստիկանութիւն, այն մեղադրանքով թէ վերջինս յարձակուել է ոստիկանի վրայ, որը իրականութեան հետ աղերս չունի:

Գէորգ Քահկէճեանին մի գիշեր պահել են ոստիկանութիւնում, յաջորդ օրը՝ Յունուարի 29-ին, կէսօրից յետոյ, Նորին Ամենապատուութիւն Տ. Նուրհան Արքեպիսկոպոս Մանուկեան Պատրիարք Սրբազան Հօր անմիջական միջամտութեամբ եւ դատարանի որոշմամբ Գէորգ Քահկէճեանը ազատ է արձակուել եւ տրուել է 20-օրեայ տնային կալանք: Եւ քանի որ Գէորգ Քահկէճեանը ունի մարմնական վնասուածքներ, վանքի փաստաբանի միջնորդութեամբ ոստիկանութիւնը թոյլ է տուել, որ վերջինս բժշկական հետազօտութիւն անցնի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031