74 տարեկան հասակում այսօր կյանքից հեռացել է Շիրակի Նախկին փոխմարզպետ Սեյրան Պետրոսյանը։
Նա Շիրակի մարզի ակտիվ դերակատարներից էր․ տարբեր պաշտոններ է զբաղեցրել այս մարզում՝ երկու անգամ նշանակվելով փոխմարզպետ, մի ընթացք էլ՝ 1999-2000թթ․-ին Շիրակի մարզպետի պաշտոնակատար։
Սովետական Միության տարիներին եղել է Ղուկասյանի շրջկոմի նախ երկրորդ, այնուհետ առաջին քարտուղարը։ Նա ծնունդով Ղուկասյանից է։
Սեյրան Պետրոսյանը 1996-1999 թթ. եղել է մարզպետ Արարատ Գոմցյանի տեղակալը, 2010 թվականից էլ՝ գեներալ Աշոտ Գիզիրյանի։ Աշոտ Գիզիրյանը, Շիրակի մարզպետ նշանակվելուն պես, նրան հրավիրեց այդ պաշտոնին։
Կարդացեք նաև
Սեյրան Պետրոսյանը պաշտոնից ազատվեց Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո։
Նա այն բացառիկ պաշտոնյաներից էր, որն ուղնուծուծով գիտեր մարզը` բոլոր գերդաստաններով ու ընտանիքներով, տիրապետում էր բոլոր խնդիրներին։ Ինչպես երբեմն կատակում էին նրա գործընկերները՝ մարզի ամեն մի քարի ու թփի տեղը գիտի։
Սեյրան Պետրոսյանը զուսպ, համեստագույն պաշտոնյաներից մեկն էր, որի խոսքն ազդեցիկ էր, նա շուտ էր լեզու գտնում թե՛ բնակիչների և թե՛ տեղի պաշտոնյաների հետ։
Նրա նախկին գործընկերների փոխանցմամբ, Սեյրան Պետրոսյանը մահացել է նրա մոտ վերջերս հայտնաբերված հիվանդությունից։ Նա դեկտեմբերին մեկնել էր Ֆրանսիա՝ բուժման, որտեղ էլ մահացել է։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ