«Հունվարի 28-ը չի տարբերվում մնացած օրերից։ Զինվորական մեր սովորական առօրյան է, իհարկե, կարեւորում ենք օրվա խորհուրդը, ցանկանում ուժ ու կորով մեր բանակին»,-ասում է Սյունիքում տեղակայված դիրքերից մեկի վաշտի հրամանատար, լեյտենանտ Սեւակ Մկրտչյանը։ Առաջինը խնկարկում են իրենց զոհված մարտական ընկերների հիշատակը, շնորհավորում նրանց տոնը։ «Միշտ դժվարանում եմ խոսել իրենց մասին, մտածում եմ՝ ինչքան էլ մենք անենք, միեւնույն է՝ քիչ է, իրենց արածին երբեք չենք հասնի»,-անմահացած ընկերների մասին ասում է Սեւակը։
Գյումրիից է, 2017 թ.-ին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանը, 2021թ ․-ին՝ ավարտել։ 6 տարի է, ինչ ծառայության մեջ է ու դեռ 14 տարի ծառայելու է Զինված ուժերում։ Խոստովանում է՝ զինվորական դառնալը երազանք չի եղել։ Ֆուտբոլիստ էր ուզում դառնալ, սիրում է այդ սպորտաձեւը։ Սիրած թիմը «Արսենալ»-ն է, հիմա էլ որ ժամանակ է ունենում՝ խաղում է ֆուտբոլ։ 7-րդ դասարանից հետաքրքրվել է, ուսումնասիրել զինվորական գործը՝ համոզվել, որ ռազմական մասնագիտություն պիտի ընտրի։ Իսկ ծնողները հեշտությա՞մբ են համաձայնվել՝ հարցնում եմ։ «Ծնողներս երբեք դեմ չեմ եղել իմ առաջարկներին, միշտ վստահել են, ընդունել իմ որոշումները»,-նշում է Սեւակ Մկրտչյանը։
Կարդացեք նաև
Այսօր Սեւակի ղեկավարած վաշտը առաջնագծում է, ասում է՝ չի վախենում։ «Բացարձակ վախ չկա, պատկերացնենք՝ եթե ես վախենամ ու անձնակազմը դա զգա, ինչ կստացվի՞»,-հարցիս հարցով է պատասխանում 22-ամյա լեյտենանտ Մկրտչյանը։ Շարունակում եմ՝ իսկ ներքին անհանգստությո՞ւն էլ չի զգում վտանգի դեպքում։
«Ներքին անհանգստություն միայն այն ժամանակ կունենաս, երբ զգաս, որ որպես հրամանատար հնարավոր է ձախողես մարտի ղեկավարումը, վախենալու ուրիշ առիթ հաստատ չկա»,-ասում է զրուցակիցս։
Դեռ չի հասցրել մարտական գործողություն ղեկավարել։ Ասում է՝ ցանկացած հրամանատար իր մտքում միշտ ունենում է իր գործողության ղեկավարման պլանը, ձեւն ու ռազմավարական քայլերը։
Թեւավոր խոսք է՝ լավ զինվորը միշտ ձգտում է դառնալ գեներալ։ Հարցնում եմ՝ եթե պաշտպանության նախարար լիներ՝ ի՞նչ կփոխեր բանակում։ «Շատ արտոնություններ կտայի սպայական կազմին։ Իրենք են ամենից շատը չարչարվում ծառայության մեջ»,-իր ցանկությունն է արտահայտում Սեւակ Մկրտչյանը։
Հավատո՞ւմ է Աստծուն։ «Այստեղ մեջբերեմ Գարեգին Նժդեհին։ Ասում էր՝ իմ հոգին զույգ հենարան ունի՝ Աստված ու Հայրենիք»,-զինվորականին հատուկ կեցվածքով պատասխանում է Սեւակ Մկրտչյանը։
Խոստովանում է՝ կարոտել ու կարոտում է իր ծննդավայրը՝ Գյումրին, բոլոր-բոլորին՝ հարազատներին, ընկերներին, բարեկամներին։ «Ամենքին նույն չափ եմ կարոտել։ Ինչպես սերն է անչափելի, այնպես էլ կարոտը»,-ասում է Սեւակը։ Իսկ օրվա մաղթանքն ամենից առաջ ու հետո՝ խաղաղությունն է։ «Խաղաղություն եթե լինի, ապա բոլոր մաղթանքներն ու ցանկությունները կիրականանան»,-ժպտալով ասում է լեյտենանտ, վաշտի հրամանատար Սեւակ Մկրտչյանը։
Հրաժեշտ տալով վաշտի հրամանատարին եւ բոլոր զինծառայողներին՝ նրանց մաղթում ենք անվտանգ, խաղաղ ծառայություն, տոկունություն, ուժեղ կամք ու բարի վերադարձ հարազատ օջախներ։
Շնորհավո՛ր տոնդ, Հայոց բանակ։
Հ․Գ․-Սեւակ Մկրտչյանի հետ զրուցել էինք Ամանորի օրերին, երբ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ այցելել էինք առաջնագիծ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ