Ինչպես հայտնի է, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում. վառվել է Mercedes ML մակնիշի ավտոմեքենան մասամբ և նրա մոտ կայանված Toyota մակնիշի ավտոմեքենան։
Ականատեսների խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել օդանավակայանի ավտոկայանատեղիի առաջին հարկում: Սկզբում այրվել է մեքենաներից մեկը, այնուհետեւ կրակը տարածվել է նաեւ կողքը կայանած մեքենաներին: Մյուս վարորդները արագ փորձել են հեռացնել իրենց մեքենաները՝ վախենալով, որ եթե հրդեհը չկարողանան մարել, կրակը կարող է տարածվել նաեւ ավտոկայանատեղիի երկրորդ հարկ, որտեղ նույնպես բազմաթիվ մեքենաներ են կայանված եղել: Ականատեսներից մեկի խոսքով․ «Ես անձամբ շատ չմոտիկացա, որովհետեւ վտանգավոր էր ու կարող էր պայթել բենզինի բաքը, բայց չկարողացան պաժառնիի շլանգներով արագ հրդեհը մարել՝ բաց էր, փակ էր, թե չէր աշխատում՝ չգիտեմ, վերջում նոր պաժառնին եկավ, հանգցրեց: Վնասվել էր 3 ավտո, մեկը մեկից կպել էր»:
«Զվարթնոց» միջազգային օդանավակայան ՓԲԸ-ի մամուլի խոսնակը Aravot.am-ի հետ զրույցում հարցին՝ մի՞թե օդանավակայանում հրդեհամարիչ սարքեր, տեխնիկական միջոցներ չեն եղել ու ինչո՞ւ դրանք չեն աշխատել՝ պատասխանեց. «Մեր հակահրդեհային ծառայությունը, որը կոչվում է օդանավակայանի հակահրդեհային եւ փրկարարական ծառայություն, գործում է միայն հատուկ վերահսկելի գոտում՝ ձեր իմացած полоса-ում եւ նախատեսված է օդանավերի նմանատիպ իրավիճակների համար, իսկ հանրային հատվածներում սովորաբար նման դեպքերում մենք դիմում ենք նախկին ԱԻՆ-ին, կամ, ըստ իրավիճակի՝ Քաղավիացիան է որոշում կայացնում՝ ում դիմի»:
ՆԳՆ-ից մեզ առայժմ չհաջողվեց պարզաբանում ստանալ՝ ստեղծված իրավիճակի հետ կապված:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Կարեն ԳՐԻԳՈՐՅԱՆԻ