Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյան․ «Կացարանի հրդեհը իշխանությունների՝  բանակի նկատմամբ անտարբերության, անպատասխանատու վերաբերմունքի հետեւանք է»

Հունվար 28,2023 14:10

Ազատ գյուղում տեղակայված զինվորների կացարանի հրդեհը, որի հետեւանքով 15 զինծառայող է մահացել,  իշխանությունների՝  բանակի նկատմամբ անտարբերության, անպատասխանատու վերաբերմունքի հետեւանք է։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «ԱրԱրա» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման անդամ  Ավետիք Չալաբյանը, որը Ազգային բանակի օրվա առթիվ այցելել էր «Եռաբլուր»։

Նրա խոսքով՝ այդ հրդեհը պետք է տեղի չունենար, խախտված էին հակահրդեհային եւ անվտանգության կանոնները, սա վկայում է իշխանության ՝ բանակի նկատմամբ անպատասխանատվության մասին։

«Հույս ունեմ, որ բանակը շարունակելու է զարգանալ, վերականգնվել, բանակում բազմաթիվ նվիրյալներ կան, ու անկախ նրանից, թե իշխանություններն ինչպես են վերաբերվում բանակին, այդ նվիրյալներն իրենց գործն անում են ու շարունակելու են անել»,-ասաց Չալաբյանը։

Նա ասաց, որ  երկու տարում հնարավոր չէ բանակի բոլոր կորուստները վերականգնել, սակայն  այդ կորուստների զգալի մասն այս իշխանության գործունեության հետեւանք է․«Մասնավորապես մեր տարածքները, դիրքերը, զորամասերը հանձնելը․․․ ուստի իրենց արդարացումներն անհիմն են։ Երկու տարում ամեն ինչ հնարավոր չէր անել, բայց հնարավոր էր անել շատ ավելին, քան արվում է։ Մինչեւ անցյալ տարվա սեպտեմբերյան դեպքերը, երբ Ադրբեջանը ցույց տվեց իր հրեշավոր դեմքը, նկրտումները ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ, իշխանությունները գտնվում էին բացարձակ պարալիզացված պայմաններում եւ ոչինչ չէին անում։ Անընդհատ ԳՇ պետ էին փոխում, պաշտպանության նախարար էին փոխում, եւ իրականում որեւէ գործունեություն չէին անում։ Խոսում էին բարեփոխումների մասին, բայց դրանք միայն թղթի վրա են»։

Չալաբյանն ասաց, որ հույս ունի առաջիկա երկու տարում ի վերջո բանկում իսկապես մի բան կարվի․«Եթե չարվի, ապա այս իշխանություններին հնարավոր բոլոր ձեւերով պետք է հրաժեշտ տալ, որովհետեւ հնարավոր չէ անընդհատ սպառնալիքի տակ ապրել»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031