Լրահոս
Օրվա լրահոսը

«Փաշինյանը, որ երեւում ա՝ կամա, թե ակամա մենք խելագարվում ենք, չենք ուզում նրան տեսնենք այստեղ»․ զոհված զինվորների ծնողները վաղ առավոտից «Եռաբլուր»-ում էին

Հունվար 28,2023 11:55

Վաղ առավոտից՝ ժամը 5-ից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում են գտնվում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ, որոնք մտադիր էին այսօր թույլ չտալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ իշխող թիմի այլ պաշտոնյաների մուտքը «Եռաբլուր»։ Սակայն պանթեոնում եւ դրա հարակից տարածքում վաղ առավոտից նաեւ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացված, տեղակայված էին կարմիր բերետավորներ։ Նրանք պահպանում էին Փաշինյանի անվտանգությունը։

Այսօր Ազգային բանակի օրն է․ Փաշինյանը, մի շարք նախարարներ, իշխող ուժի պատգամավորները այցելեցին «Եռաբլուր»․ զոհված զինծառայողների ծնողները նրանց տեսնելուն պես բացականչեցին՝ թուրք, դավաճան, հայասպան։

«Ով դավաճանել է երկիրը, հողերը հանձնել, չպետք է մտնի «Եռաբլուր»,-հայտարարում էին ծնողները։ Ծնողները վիրավորական արտահայտություններ էին հնչեցնում պաշտոնյաների եւ Փաշինյանի հասցեին։

Ոստիկաները փորձեցին խոչընդոտել ծնողներից մեկի տեղաշարժը։ Նա լրագրողներին պատմեց, որ ցանկանում էր մոտենալ իր ընկերոջ որդու շիրիմին, ապա՝ իր որդու շիրիմին, սակայն ոստիկանները փորձել են նրա ճանապարհը փակել։

«Նիկոլ Փաշինյանը աշխարհի ամենավախկոտ մարդն է, ինքն իր շողքից վախենում է։ Փաշինյանը հայտարարում էր՝ կեցցե՛ ՀՀ ժողովրդավարությունը, բայց այսօր Հայաստանը դարձել է բռնապետություն։ Փաշինյանի ներկայությունը ոչ միայն այստեղ՝ Եռաբլուրում, այլ առհասարակ մեր ժողովրդի, որդեկորույս ծնողների համար դարձել է զզվելի, չենք ուզում, որ այստեղ երեւա։ Էդ մարդը, որ երեւում ա՝ կամա թե ակամա մենք խելագարվում ենք, չենք ուզում նրան տեսնել։ Ես շրջվում էի, որ գնայի մեր մյուս շիրիմների մոտ ու գնամ տղայիս մոտ՝ ոստիկանը վախից հետևիցս եկավ։ Տեսեք, թե ինչ վախեցած են, ինչ հրահանգ են ստացել», – պատմեց ծնողներից մեկը։

Մեկ այլ ծնող էլ ասաց՝ հայ ազգի դժբախտության անունը Նիկոլ Փաշինյան է, ոստիկանությունն աշխատում է ծնողների դեմ։

Ծնողներից մեկը վրդովված ասաց՝ Փաշինյանը «Եռաբլուր»-ում իրավունք չունի արարողակարգ անել, հայտնվել, եւ ընդհանրապես, կառավարել Հայաստանը, քանի ամեն օր զինվոր է զոհվում։

Նշենք, որ «Եռաբլուր»-ում բանակի օրվան նվիրված միջոցառումը լրագրողների համար փակ է։

Ոստիկանները թույլ չեն տվել ծնողներին մոտենալ պաշտոնյաներին։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031