Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը. Քերեն Դոնֆրիդ. «Ամերիկայի ձայն»

Հունվար 28,2023 10:28

Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդը հարցազրույց է տվել «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը Լաչինի միջանցքի արգելափակման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վերաբերյալ:

Լաչինի միջանցքի շուրջ տիրող իրավիճակը խոչընդոտ է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի առաջխաղացմանը, «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Քերեն Դոնֆրիդը։ Բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ մարդասիրական իրավիճակի հետ մեկտեղ, այդ պատճառով է, որ Վաշինգտոնն ակտիվորեն ջանքեր է գործադրում՝ միջանցքի վերաբացման ուղղությամբ: Պետքարտուղարի տեղակալ Դոնֆրիդն ընդգծում է՝ Լաչինի միջանցքի արգելափակման հարցն առաջնային էր պետքարտուղար Բլինքենի՝ Ադրբեջանի ու Հայաստանի առաջնորդների հետ ունեցած վերջին հեռախոսազրույցներում:

«Պետքարտուղարը կոչ է արել անհապաղ վերաբացել միջանցքը և ընդգծել առևտրային և մասնավոր անխոչընդոտ երթևեկության կարևորության մասին։ Մենք շատ մտահոգված ենք Լեռնային Ղարաբաղում տեղի հայ բնակչության իրադրության կապակցությամբ: Մենք կշարունակենք լինել ներգրավված և ճնշում գործադրել այս իրավիճակի շուրջ»,- հայտնել է նա:

Բացի այդ, Դոնֆրիդի կարծիքով՝ հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում առկա են նաև այլ խոչընդոտներ:

«Դրանից զատ, իհարկե, առկա է տասնամյակների ցավալի պատմություն երկու երկրների հարաբերություններում: Այսպիսով, թե՛ հայկական, և թե՛ ադրբեջանական կողմերն ունեն հասկանալի մտահոգություններ, և մենք արձանագրում ենք այս երկու երկրների միջև վստահության բացակայություն»,- պնդում է Դոնֆրիդը:

Նա նկատում է՝ հայ-ադրբեջանականն բանակցային գործընթացը, որը ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի օրակարգային հարցերից է, ընդգրկում է բազմաթիվ բարդ խնդիրների շուրջ քննարկումներ, ներառյալ խաղաղության պայմանագիրը, սահմանների սահմանազատումը, երկրների միջև տրանսպորտային կապի վերաբացումը: ԱՄՆ-ն աջակցում է կողմերի միջև ուղիղ երկխոսությանը և ընդգծում դրա անհրաժեշտությունը, քանի որ միայն այս միջոցով, ըստ պետքարտուղարի տեղակալի, հնարավոր է հասնել վերոհիշյալ բարդ խնդիրների կարգավորմանը:

«Մենք գտնում ենք, որ ինչպես Հայաստանը, այնպես էլ Ադրբեջանը խորապես հանձնառու է այս գործընթացին։ Մենք պատրաստ ենք ամեն կերպ օգնել՝ գիտակցելով, որ այն ծանր որոշումները, որոնք պետք է կայացվեն խաղաղությանը հասնելու համար, պետք է կայացվեն Երևանում և Բաքվում»,- նշում է նա:

Ըստ բարձրաստիճան դիվանագետի՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խնդիրները չեն կարող ունենալ ռազմական լուծում, իսկ միակ ճանապարհը խաղաղ գործընթացի միջոցով դիվանագիտական կարգավորումն է: Մենք չէինք ցանկանա տեսնել իրավիճակի որևէ սրում, շեշտում է Դոնֆրիդը:

«Երկու երկրների միջև ստեղծված իրավիճակի ռազմական լուծում չենք տեսնում և կշարունակենք դիվանագիտորեն ներգրավված մնալ, ինչպես անում էինք՝ նախ վստահ լինելու համար, որ չկա էսկալացիա, և երկրորդը՝ օգնելու խրախուսել դրական առաջընթացը»,- ասում է նա:

Պետքարտուղարի տեղակալը երախտագիտություն է հայտնում ԵՄ-ը՝ Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանը մշտադիտարկելու նպատակով Հայաստանում քաղաքացիական առաքելություն տեղակայելու համար: Դա մի նախաձեռնություն է, որին մենք լիովին աջակցում ենք, նշում է նա:

Դրա հետ մեկտեղ, դիվանագետը մտահոգություն հայտնեց տարածաշրջանում Մոսկվայի ու Թեհրանի ակտիվության վերաբերյալ: Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում տեղակայված այսպես կոչված ռուս խաղաղապահները չունեն կառուցողական դերակատարում, իսկ Իրանը Հարավային Կովկասում ակտիվորեն փորձում է ընդլայնել իր քաղաքական, անվտանգային ու տնտեսական դերը:

Այս մտահոգություններն ավելացել են վերջին մեկ տարվա ընթացքում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի պատճառով, նկատում է Քերեն Դոնֆրիդը՝ շեշտելով՝ Ռուսաստանի և Իրանի տարածաշրջանային ակտիվությունը պետք է էլ ավելի մեծ հրատապություն հաղորդի հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացին:

Արամ ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031