Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայրենիքը գոմ չէ». Արցախի գրողները` շրջափակման մասին. մաս 2

Հունվար 28,2023 11:45

Այսօր Արցախի շրջափակման 48-րդ օրն է։ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

Aravot.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է Արցախի գրական ընտանիքի անդամների հետ։

«Արցախում ապրող ու ստեղծագործող գրողը, ով հանրության մի մասնիկն է հանդիսանում, հավասարապես կրում է շրջափակման հետևանքով առաջացած այն դժվարություններն ու զրկանքները, որ վիճակվել են մեր ժողովրդին`պայքարի հերթական փուլում։ Նրա տողն այսօր ցավից և տառապանքից է ծնվում, բայց թեկուզև վիրավոր, թախծոտ՝ այն լուսախառն է, լավատեսությամբ շաղախված… Ադրբեջանը փորձում է ահաբեկչական տարբեր միջոցներով վախի մթնոլորտ ստեղծել ու իրեն ենթարկեցնել հայերին` նպատակ հետապնդելով տեղահանել պատմական հայրենիքից։ Սակայն արցախցին անդրդվելի է իր համոզմունքներում, վճռական, ու երբեք չի կարող հայտնվել թշնամու որոգայթում։ Որքան էլ որ ծանր, անասելի դժվար լինի իրավիճակը, որ ահա մեկուկես ամսից էլ ավել է ձգվում, ժողովուրդը մտադրություն չունի հետդարձի քայլ անել և հրաժարվել իր անկախությունից։ Ոչ տևական ցուրտն ու խավարը, ոչ էլ` թշնամու սպառնալիքներն ի զորու չեն ընկճելու արցախցու ոգին։ Նա շարունակում է լավատես մնալ և խավարի մեջ անգամ լույս որոնել և վստահաբար գնալ իր երազանքի հետևից, համոզված լինելով, որ արդարությունն անպայման հաղթանակելու է ու իր երկրի օրինավոր տերն ու տիրակալն է լինելու». բանաստեղծ Դավիթ Միքայելյան։

 

«48 օր է շրջափակված Արցախում 120 000 մարդ, այդ թվում՝ 30 000 երեխա, օրացույցի էջերը շրջում ենք՝ սպասելով աշխարհի հետ կապող միակ կյանքի ճանապարհի բացվելուն, որը փակել է Ադրբեջանը՝ 21-րդ դարում Արցախը կանգնեցնելով հումանիտար աղետի առջև։

Հումանիտար աղետը ուղեկցվում է սննդի, դեղորայքի, էլեկտրաէներգիայի, գազի սղությամբ ու բացակայությամբ։ Ձմեռային ցուրտ եղանակային պայմաններում ջեռուցման բացակայության պատճառով փակ են նախադպրոցական և հանրակրթական հաստատությունները, ինչը նշանակում է, որ քաղաքակիրթ աշխարհում, ի թիվս ազատ տեղաշարժվելու, սնունդ, բուժօգնություն ստանալու իրավունքների, ոտնահարվում են նաև մեր երեխաների կրթություն ստանալու իրավունքները, ինչը անասելի ցավոտ է։

Բայց մենք, նաև մեր երեխաները, գիտակցում ենք այս բոլոր զրկանքները հանուն ինչի են, ուստի անտրտունջ շարունակում ենք դիմակայել բոլոր դժվարություններին՝ հույսով լի սպասելով, որ խավարից հետո պիտի արևածագ լինի։

Օգտվելով առիթից՝ ուզում եմ մեկ անգամ ևս խնդրել մեր ընթերցողներին՝ յուրաքանչյուրը յուրովի իր հնարավորությունների սահմանում ձայն բարձրացնի հանուն Արցախի և հանուն մեզ՝ այն 120 000 մարդու, ովքեր այսօր շրջափակման մեջ են։ Սա մեզ համար գոյաբանական պայքար է, որտեղ մեր դիմադրությունն այլընտրանք չունի, եթե ուզում ենք ապրի Արցախը, ապրի հայկական, ու ապրենք մենք։

Ես գիտեմ, որ այսօր յուրաքանչյուր սրտացավ հայ մտահոգ է Արցախի ճակատագրով և ձգտում է իր նպաստը բերել մեր խնդրի լուծմանը։ Երախտագիտությունս Արցախի խնդրով մտահոգ մեր բոլոր հայրենակիցներին, ինչպես նաև մարդու իրավունքները հարգող ու պաշտպանող այն օտարերկրացիներին, կառույցներին, ովքեր կանգնած են Արցախի կողքին և իրենց սատարող ձայնն են բարձրացնում ի նպաստ խնդրի լուծման։ Հավատում եմ, որ այս դժվարությունն էլ կհաղթահարենք, որքան էլ դժվար, մենք ավելի ծանր ժամանակներ ենք ապրել ու կարողացել ենք դիմակայել։ Կդիմանանք, ու կգա այն պայծառ առավոտը, որը կբացվի «հայոց լեռներում, կանաչ լեռներում», որի մասին երազում էր նաև մեր Մեծ Լոռեցին». բանաստեղծուհի, ԱրՊՀ-ի դասախոս, բ.գ.թ., դոցենտ Զարինե Սառաջյան։

 

«Ձեր հարցին չէի կարողանում պատասխանել, որովհետև… Ամենաճիշտ պատասխանն այս բանաստեղծությամբ եմ փորձում տալ, ուրիշ ոչինչ չեմ կարող ավելացնել:

ՇՐՋԱՓԱԿՈՒՄ

Լուսնաբեր գիշեր…

հենց հիմա, այժմ՝

կախված պարանոցից

երկինքն արտադրողի…

Խելագար ծառեր են,

ստվերներ են, մարդիկ,

որ սրսփում են, ճկվում են,

ապրում…

Դիմադարձ անորոշություն

փակ ճանապարհների

կենսագրությունից ներս,

իսկ մարդը ճգնում է:

Հայրենիքը գոմ չէ,

քաղաքական գործիչներն էլ

ախոռապետներ չեն,

բայց ցավը սկսել է ճկվել:

Մարդը մտածում է,

ցուցամատը ձգվում է ձգանին,

հետո ուղեղ է ծորում փողոցով.

վենդետա՛, դու ինչքա՜ն գեղեցիկ ես:

Ու՞ր ես, Սողոմո՛ն,

թարթի՛ր հոգուդ ակնակապիճները,

որ հայը լցվի քենով

և գենետիկայով՝ ժամանակը լվացող:

հիմա մոգերը լափում են

անճամփա ժամանակս». բանաստեղծ, մանկավարժ Վիտալի Պետրոսյան։

Պատրաստեց ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

1-ին մասն՝ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031