Լրահոս
Օրվա լրահոսը

«Սփոփանքի մեկ բառը, մեկ խոսքն անգամ ուժ է տալիս մեզ` հաղթահարել անհաղթահարելին». Զոհված զինվորի մայր

Հունվար 28,2023 14:00

2021 թվականի հուլիսի 12-ին Սիսիանի զինկոմիսարիատից ծնողներն ու հարազատները բանակ ճանապարհեցին իրենց անչափ ժիր, շարժուն, ակտիվ, կենսախինդ Վախթանգին: Արթուրը նոր էր վերադարձել ծառայությունից, ավելի ստույգ` հենց Հադրութից վերադարձավ, սկսվեց 2020-ի պատերազմը, ու ծնողները հույս ունեին, որ Վախթանգը խաղաղ կծառայի եւ փառքով ու պատվով տուն կգա, Արթուրի հարսանիքի եւ նրա զորացրվելու խնջույքը միասին կանեն: Եղբայրները նվիրված էին իրար, անբաժան իրարից, այնքան էլ նման, որ թվում էր՝ զույգ են: Ծառայությունը Մեղրիի զորամասում էր: Մայրն ասում է, որ Վախթանգը ողնաշարի խնդիր ուներ, առաջարկել էին տարկետում վերցնել, հետաձգել ծառայությունը, բայց տղան էնքան հայրենասեր էր, էնքան խանդավառ, էնքան տրամադրված, որ մերժել էր տարկետման հնարավորությունը, պնդելով, որ պիտի ծառայի հանուն իր հայրենիքի, հանուն իր երկրի:

«Վախթանգս մեզ համար համ վախ էր, համ էլ՝ թանկ: Այդ երկու իրարամերժ զգացողությունները միշտ ուղեկցեցին մեզ, սրտիս մի գաղտնի անկյունում, հպարտությանս, ուրախությանս հետ միաժամանակ, միշտ վախ ու տագնապ եմ ունեցել եւ նրա, եւ մեծ տղայիս` Արթուրի համար»,-ասում է 2022-ի սեպտեմբերյան ռազմական ագրեսիայի ժամանակ Մեղրիի դիրքերում թշնամու հարձակման հետեւանքով նահատակված Վախթանգ Ստեփանյանի մայրը` Հեղինե Ստեփանյանը:

Պատմում է, որ թե Վախթանգը, թե Արթուրը մեծացել են ջերմ ու համերաշխ ընտանիքում, ինքն այնքան երջանիկ էր, որ ուներ Հրաչի նման ամուսին, Արթուրի եւ Վախթանգի նման զավակներ, ու երբեմն ցանկություն է ունեցել ամբողջ ձայնով գոռալ իր երջանկության, աշխարհի ամենաերջանիկ մայրն ու կինը լինելու մասին: Դարբասից Սպանդարյան հարս գնացած Հեղինեն պատմում է, որ գյուղի միջնակարգ դպրոցում սովորող Վախթանգը ուսման հետ սեր չուներ, բայց շատ ընդունակ էր, բոլոր առարկաներից կարող էր հաջողության հասնել, սակայն չէր սիրում սովորել: Դրան հակառակ` սիրում էր աշխատել: Նա փոքր տարիքից աշխատել է, օգնել ծնողներին, նրանց օգնել է անգամ Մոսկվայում, ուր ծնողները գնացել էին օրվա հացը վաստակելու: Իրենց պահելու, մեծացնելու` ծնողների չարչարանքը գնահատող տղան երազում էր մեծ բիզնես հիմնել, առեւտուր անել, օգնել նրանց, սեփական տուն գնել, որովհետեւ թե Սպանդարյանում, թե Երեւանում, ուր տեղափոխվել էին մի քանի տարի առաջ, վարձով էին բնակվում: «Ասում էր` դուք շատ եք տանջվել, շատ եք չարչարվել, չեմ թողնելու աշխատեք, ամեն ինչ ես եմ անելու, որ դուք հանգիստ նստեք-վայելեք»,-պատմում է մայրը, ապա հավելում, որ բանակ գնալուց առաջ Վախթանգը որոշել էր մի փոքրիկ առեւտրակետ բացել, բանջարեղեն վաճառել, բայց արցախյան առաջին պատերազմի մասնակից, 6 տարի Սիսիանի զորամասում պայմանագրով ծառայած, Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատում աշխատած հայրը` Հրաչ Մասումյանը չէր խրախուսել որդուն, ասելով` կգնաս բանակ-կգաս, հետո…

Սիրում էր հաճելի անակնկալներ անել: Սիրում էր ուրախացնել բոլոր նրանց, ովքեր սրտամոտ էին իրեն: Կողքինին ուրախացնելը իրեն ուրախություն էր պարգեւում: «Երբ առաջին արձակուրդին տուն եկավ, դռների միջով չէր անցնում, այնքան էր բոյովացել, հաղթանդամ դարձել` իսկական Վախթանգ…»,- պատմում է մայրը, ապա հավելում, որ իր ծննդյան օրը նախապես ծաղկեփունջն էր ուղարկել, հետո գիշերը ինքը անակնկալ եկել, որ իրեն ուրախացնի, հարազատներին ուրախություն պարգեւելը իր տարերքն էր: 2021թ. հոկտեմբերի 14-ին ծառայակիցների հետ ծննդյան շնորհավորական ուղերձ էր հղել հորը, գրել, որ թեեւ մեկ տարի է` հետը չէ, բայց հոգով-սրտով կողքին է, որ հոր համար ոչ միայն զավակ է, այլեւ` ընկեր, ու հավաստիացրել, որ հոր նպատակներն օդում չի թողնելու… Ինչ իմանար, սակայն, որ նենգաբարո թշնամին ոչ միայն հոր, մոր, եղբոր, այլեւ` իր ամենապայծառ երազանքներն ու նպատակներն է օդում թողնելու` Ներքին Հանդի դիրքերի վրա 2022-ի սեպտեմբերի 12-ի հարձակմամբ:

Վախթանգը դիրքերում էր, իր հերթափոխն էր, երբ գիշերը թշնամին հրետակոծեց դիրքերը: Հրամանատարի` «թաքնվիր» հրահանգից շփոթվել է, չի կարողացել կողմնորոշվել, բայց հավաքել է իրեն, թաքնվել, հետո դուրս է եկել թաքստոցից ու գոռացել` «հո վիրավոր չունե՞նք», «հո զոհված չունե՞նք»… Սեպտեմբերի 13-ին, երբ փորձել է երկրորդ անգամ դուրս գալ թաքստոցից, արկի բեկորը քունքի ուղղությամբ հասել է գլխուղեղին եւ … Ծանր վիրավորում ստացած Վախթանգին հասցրել են Կապանի, ապա` Երեւանի «Էրեբունի» հիվանդանոց, բայց նրա վիրավորումը անհամատեղելի էր կյանքի հետ, եւ սեպտեմբերի 17-ին 19-ամյա Վախթանգ Հրաչի Ստեփանյան-Մասումյանը կնքեց իր մահկանացուն: Սեպտեմբերի 19-ին հուղարկավորվել է Եռաբլուրում: Վախթանգ Ստեփանյան-Մասումյանը Մեղրիի դիրքերի միակ զոհն էր:

«Վախթանգս, որ տուն էր մտնում, տան պատերն էլ էին ծիծաղում: Տանս աչքաուլունքն էր, ձեռքներիցս թռավ… Վախթանգս էնքան չափած-ձեւած էր, խելոք, հավասարակշիռ, ընկերական մեծ շրջապատով, ամեն ինչից գաղափար ուներ, հինգ րոպեում տասը բան էր երազում, իրենից մեծերի հետ էր ընկերություն անում, իր տարիքի համեմատ շատ հասուն էր, մեծերն էլ էին զարմանում, որ էդ տարիքում մեծի պես էր դատում, բանում, գործում, ապրում, երազում: Չէ բառը չուներ: Եթե որեւէ մեկին ինքը չկարողանար օգնել, ասում էր` մի բան կանենք, ու անում էր, թեկուզ` ուրիշի օգնությամբ…»,- ասում է մայրը:

Տիկին Հեղինեն պատմում է, որ Վախթանգի կորուստը իրենց պես եւ իրենց հետ հավասարապես սգացել են բոլորը, ովքեր ճանաչել են նրան: Ասում է` 2020-ի պատերազմից հետո երբեք չի կարողացել Եռաբլուր գնալ, մտածել է` սիրտը չի դիմանա, ճանապարհին կուշաթափվի-կընկնի: Բայց հիմա Եռաբլուրը դարձել է իր հիմնական ճանապարհը… Թե ոնց Վախթանգը փշուր-փշուր արեց իրենց սիրտը, ոնց ջարդեց իրենց մեջքը, ոնց կոտրեց իրենց թեւերը, իրենք էլ չգիտեն… Չիրականացավ ավագ որդու` Արթուրի հարսանիքն ու Վախթանգի զորացրման խնջույքը միասին անելու իղձը, բայց տիկին Հեղինեն չի կարող ապրել առանց Վախթանգի, ու երազում է այն օրը, որ Արթուր որդին նոր Վախթանգ կպարգեւի իրենց, նոր Վախթանգ կծնվի ու կվազվզի իրենց տանը, իրենց աչքի առաջ, որ շարունակեն ապրել նրանով, շարունակեն տանը հնչեցնել Վախթանգ անունը ու այդպես դիմանալ անդիմանալիին:

Տիկին Հեղինեն մեկ էլ մխիթարվում է, որ չենք մոռացել որդուն, որ մեր կողմից գնահատվում է նահատակների թանկ արյունը, որ տղային հիշում ենք, նրա մասին գրում-հավերժացնում: «Սփոփանքի մեկ բառը, մեկ խոսքն անգամ ուժ է տալիս մեզ` հաղթահարել անհաղթահարելին»,- տխուր, բայց անչափ երախտապարտ ձայնով ասում է Հեղինեն:

Արևհատ ԱՄԻՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031