Լրահոս
Օրվա լրահոսը

Այս քրեական գործով էլ տուժող չկա

Հունվար 28,2023 13:30

Հրաչ Ջաբրայանի արդարացման դատավճռի դեմ դատախազ Ասատրյանի բողոքի քննությունը նշանակվել է հունվարի 31-ին:

Մեղադրողը միջնորդել է բեկանել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Մ. Շահվերդյան) 2022թ. սեպտեմբերի 16.-ի դատավճիռը եւ Ջաբրայանին մեղավոր ճանաչել 01.07.2022թ. ուժը կորցրած ՀՀ քրեական օրենսգրքի 226.2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ, դատապարտել տուգանքի՝ 100.000 ՀՀ դրամի չափով: Ջաբրայանի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Գործն ուշագրավ է նրանով, որ առնչվում է գրավոր խոսքին, սոցիալական ցանցում արված գրառմանը: Երկհատորանոց քրգործի նյութերում կա այսպիսի արձանագրում. «Քրեական գործին կցված եւ ապացույց են ճանաչված՝ այլ փաստաթուղթ հանդիսացող՝ «Facebook» սոցիալական ցանցի «Hrach Jabrayan» օգտատիրոջ անհատական էջի՝ ընդհանուր 13 թերթից բաղկացած գրառումները, մեկնաբանություններն ու օգտատերերի միջեւ երկխոսությունը եւ Հրաչ Ջաբրայանի հրապարակման հիման վրա նախապատրաստված եւ քրեական գործի հարուցումը մերժած նյութերի պատճենները, ինչպես նաեւ գործով ձեռք բերված այլ փաստական տվյալները»:

Կանադայի քաղաքացի, ազգությամբ հայ Հ. Ջաբրայանը, ըստ առաջադրված մեղադրանքի՝ «Անձի՝ ՀՀ վարչապետի նկատմամբ, քաղաքական եւ այլ հայացքներով պայմանավորված, ՀՀ-ում հետպատերազմյան իրադրությամբ պայմանավորված՝ հասարակության մոտ առկա տրամադրությունները եւ սոցիալ-հոգեբանական խոցելի իրավիճակն օգտագործելով, հրապարակային՝ իր հետեւորդների, ընկերների եւ կայքէջ մուտք գործած այլ օգտատերերի համար անմիջականորեն տեսանելի եղանակով, դիտավորությամբ հնչեցրել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր եւ արդարացրել նման բռնությունը, մասնավորապես՝ 11.01.2021թ. իր՝ հիշյալ կայքէջում կատարելով հետեւյալը՝ «գրել եմ նոյեմբեր 10-ին…մնում եմ նույն կարծիքին… ահաբեկել դավաճաններին…»…

Հրաչ Ջաբրայանն իրեն մեղավոր չի ճանաչել, հրաժարվել է դատաքննությամբ ցուցմունք տալուց: Սակայն նա հայտնել է. «Որպես սփյուռքում ծնված հայ, չի ունեցել այն առավելությունները, ինչ ունեն Հայաստանում ծնված եւ ապրող հայերը, մասնավորապես՝ ծնվել ու ապրել հայրենիքում եւ վայելել հայրենիքի բարիքները: Սփյուռքում իրեն դաստիարակել են ապրել հայրենիքով, քանի որ սփյուռքահայերի համար հայրենիքը միայն ապրելու տեղ չէ, այն սրբություն է: Իր հայրենիքին ու ազգին ծառայելու համար ինքն առաջին անգամ Հայաստան եկել է 1991 թվականին, երբ 17 տարեկան է եղել՝ առանց իմանալու, թե հայրենիքն ի՞նչ է: Այդ ժամանակվանից մինչ օրս ինքը կանգնած է հայ ժողովրդի կողքին: Ինքը նաեւ ՀՅԴ կուսակցության անդամ է, որի համար շատ հպարտ է եւ շարունակելու է անդամակցել այդ կուսակցությանն ու դրա միջոցով ծառայել իր ազգին: Իր միջոցով Հայաստանում 226.000.000 ԱՄՆ դոլարի չափով ներդրումներ են կատարվել, ավելին՝ ինքն անձամբ 12.000.000 ԱՄՆ դոլարի չափով ներդրում է կատարել Հայաստանում եւ Արցախում: Իսկ այսօր ինքը կորցրել է ամեն ինչ, այդ թվում նաեւ՝ իր եղբորն ու ընկերներին… Ինքը որպես մարդ պոռթկալու իրավունք ունի: Այսինքն, խոսքի ազատության իրավունքի հիման վրա ինքը խոսել՝ պոռթկացել է, քանի որ պաշտում է իր հայրենիքն ու իր ժողովրդին»:

Ըստ դատարանի՝ Հ. Ջաբրայանի կողմից հրապարակային՝ իր հետեւորդների, ընկերների եւ կայքէջ մուտք գործած այլ օգտատերերի համար «անմիջականորեն տեսանելի եղանակով, դիտավորությամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու եւ նման բռնությունն արդարացնելու վերաբերյալ մեղադրանքի կողմի հետեւությունները ենթադրություն է, վարկած, գնահատողական դատողություն, կարծիք, քանի որ այն չի հաստատվում գործում առկա եւ դատարանում օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի հետազոտված, փոխկապակցված, թույլատրելի, վերաբերելի եւ հավաստի ապացույցների բավարար համակցությամբ»: Այդ հանգամանքների վերաբերյալ դատարանի մոտ առկա էր չփարատված կասկած, ուստի՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի հիման վրա եւ «չփարատված կասկածները հօգուտ մեղադրյալի մեկնաբանելու» (in dubio pro reo) կանոնի կիրառմամբ այն պետք է մեկնաբանվի հօգուտ ամբաստանյալ Հ. Ջաբրայանի:

Նկատեմ, որ արդեն որերորդ քրեական գործն է, որտեղ տուժող չկա, անհասկանալի է, ինչու է մեղադրանք առաջադրող մարմինն իրեն վերագրում տուժողի կարգավիճակ, որը, որպես այդպիսին՝ չկա:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.01.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031