Երգչուհին փափագում է, որ վաղն իսկ վերջ դրվի պատերազմներին
Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի (ղեկավար՝ Լեւոն Ջավադյան) գործունեությունը միշտ եղել է «Առավոտի» ուշադրության կենտրոնում։ Քանիցս փաստել ենք ծրագրի մասնակից երգիչների հաջողությունների մասին միջազգային մրցույթներում, փառատոներում, նրանցից ոմանք էլ համալրել են թատրոնի մեներգիչների խումբը։ Վերջին շրջանում ծրագրի շահառուներից են նաեւ Սփյուռքի մեր հայրենակիցները։ Օրինակ՝ 2022թ. վերջերին Վրաստանից ծրագրի մասնակից Անի Ղուշչյանը հաղթող դարձավ Նյու Յորքում անցկացված երիտասարդ վոկալիստների Premier-opera մրցույթում, Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Կատարինա Ֆարսադյանը իր վոկալն է կատարելագործում այստեղ։ Հինգ օր առաջ էլ ծրագրի մասնակից է դարձել սիրիահայ մեցցո սոպրանո Քրիստին Ասթուրօղլյանը։ Մեզ հետ հանդիպման ժամանակ երգչուհին տեղեկացրեց, որ ծնունդով Հալեպից է, հանրակրթությունը սկսել է Հայկազյան վարժարանում, հետո շարունակել Քարենեթե ճեմարանում, իսկ 12 տարվա պարտադիր ուսումնական ծրագիրն ավարտել Թեթել վարժարանում, ապա համալսարանում ստացել է կենսաբանի մասնագիտություն։ Նույն թվականին՝ 2016-ին, մեկնել է Ավստրալիա, սովորել Մոնաշի համալսարանում։ Այնուհետեւ ուսանել եւ 2022-ին ավարտել է Մելբուռնի համալսարանի օպերային երգեցողության բաժինը։
Հետաքրքրությանը՝ ինչո՞ւ ի սկզբանե երգչի մասնագիտությունը չի ընտրել, մեր զրուցակիցը ժպտալով պատասխանեց, թե դասական երաժշտությունը, մասնավորապես՝ վոկալ արվեստը, իրեն ձգել է մանկուց. «Ընտանիքիս բոլոր անդամները դասական երաժշտության սիրահար են, հիմնականում հետաքրքրված դաշնամուրային արվեստով։ Ես փոքրուց լսել էի մեծ մայրիկիս երգը. նա հիանալի ձայն ուներ։ Ի տարբերություն ընտանիքիս, ինձ մշտապես ձգել եւ ուղեկցել է վոկալ արվեստը։ Տարիների հետ ինձ համար երգելը դարձավ ուղղակի ապրելու իմաստ եւ այն հանդիսատեսին հրամցնելու անհրաժեշտություն»։
Անդրադառնալով Ավստրալիայում վոկալի ուսումնառությանը, ասաց, որ անցյալ տարի մասնակցել է Սիդնեյի երկու տարբեր՝ Նիկոլաս Միլթոնի ղեկավարած Willoughby եւ դիրիժոր Վլադիմիր Ֆենշիլի ղեկավարած օպերային թատրոնի նվագախմբերի հայտարարված մրցույթներին, որոնց նպատակն է խթանել երիտասարդ օպերային երգիչների ուսումը, կատարելագործումը եւ այլն։ «Արժանացա Սիդնեյի օպերային թատրոնի սահմանած մրցանակին, որը հնարավորություն է տալիս երեք տարվա ընթացքում, իմ նախընտրած ժամանակահատվածում մեկնել Կանադա, մասնակցել Մոնրեալի վոկալ ինստիտուտում վարպետության դասընթացների»,- հայտնեց երգչուհին։ Իսկ հիշյալ նվագախմբերի ընկերակցությամբ հանդես եկե՞լ է որեւէ հայ կոմպոզիտորի ստեղծագործության մեկնաբանմամբ, Քրիստինը հայցելով մեր ներողամտությունը, հավաստիացրեց, որ Մելբուռնի համալսարանում ինքն է առաջին անգամ հնչեցրել Կոմիտաս, որից հետո սովորողների եւ դասախոսների շրջանում «իրարանցում» է սկսվել, ավելին՝ բացի կոմիտասյան գոհարներից, նրանք սկսել են փնտրել հայ կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ։ Հարցին՝ մեծ հաշվով երազանքը հայրենիքում կարիերա սկսե՞լն է, երգչուհին հակիրճ պատասխանեց. «Երազանքս է իմ արվեստով դրական էմոցիաներ փոխանցել աշխարհի հանդիսատեսին»։ Հետո էլ հավելեց, թե մեծ է ցանկությունը իր երգի միջոցով գոնե ժամանակավոր մարդկանց կտրի հոգսերից, հատկապես այսօր աշխարհում տիրող ծանր վիճակը նկատի ունենալով։
Ռեպլիկին՝ նկատի ունի պատերազմնե՞րը, Քրիստին Ասթուրօղլյանը մինորային տրամադրությամբ արձագանքեց. «Պատերազմի միջով եմ անցել (Քրիստինը 16 տարեկան էր, երբ 2011-ին սկսվել է պատերազմը Սիրիայում- Ս. Դ.), տեսել, զգացել այդ աննկարագրելի ցավը, վիշտը… Փափագս է աշխարհում հենց վաղը վերջ դրվի պատերազմներին։ Մեկ կյանք է, թույլ տան ապրենք խաղաղ ու ստեղծագործենք»։
Կարդացեք նաև
Տեղեկացնենք, որ Քրիստին Ասթուրօղլյանն առաջին անգամ հայրենիքում է հայտնվել, իր խոսքով՝ համացանցի միջոցով իմացել է, որ Երեւանի օպերային թատրոնում գործում է Երիտասարդական օպերային ծրագիր, որի տարբեր տարիների բոլոր մասնակիցները հաջողությունների են հասել, որոշներն էլ ցանկալի հյուրեր են տարբեր թատրոններում ու նվագախմբերում։
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.01.2023