«Մենք խաղաղություն կունենանք, եթե ի վիճակի լինենք հանդուրժող հարաբերություններ հաստատել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, որոշակի համաձայնությունների դաշտ ձեւավորել եւ զարգացնել մեր հարաբերությունները Իրանի Իսլամական Հանրապետության եւ Վրաստանի հետ։ Այս է խաղաղության բանաձեւը»,-հունվարի տասին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Թեմայի շուրջ «Առավոտ»-ը զրուցել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ։
-Պարոն Գեղամյան, նշյալ պնդման վերաբերյալ ո՞րն է ձեր մասնագիտական գնահատականը։
-Որեւէ կողմի հետ հարաբերությունների հաստատման համար անհրաժեշտ են երկու կողմի ցանկությունը, նպատակները։ Հայաստանի եւ Թուրքիայի եւ Հայաստանի ու Ադրբեջանի պարագայում ունենք իրականություն, որ ՀՀ-ն անկախության հռչակման օրվանից հանդես է եկել խաղաղ գոյակցության տրամաբանությամբ։ Ի տարբերություն Թուրքիայի եւ Ադրբեջանի, Հայաստանը մշտապես կողմ է եղել խաղաղ հարաբերություններին։ Բայց ցանկության բացակայությունը մյուս կողմում հնարավորություն չի տվել դա իրականացնել։ Հետեւաբար, մի կողմը միշտ պատրաստ է եղել դրան, մյուսը՝ չէ։ Տեսել եք չէ՞, որ արցախյան հիմնահարցի լուծման այն ձեւաչափը, որն Ադրբեջանն ու Թուրքիան էին առաջարկում, իրականություն դարձավ։ Հիմա տեսնում ենք հավակնություններ Սյունիքի, Ջերմուկի, Երեւանի նկատմամբ։ Հետեւաբար, խնդիրը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ փաստացի որդեգրված նվաճողական քաղաքականությունն է, որը մշտապես է եղել եւ որը պատճառն է այն միջավայրի չձեւավորման, որը հնարավորություն կտար խաղաղ գոյակցելու։ ՀՀ-ն այստեղ անելիք չունի։ ՀՀ-ն չի փակել Թուրքիայի հետ սահմանը։
-Այնուամենայնիվ, Փաշինյանը նաեւ հետեւյալ պնդումն է արել. «Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը հավատում եմ մի պատճառով՝ որովհետեւ որեւէ բան անելուց առաջ պետք է ինչ-որ ձեւով հավատալ նրան: Եթե չենք հավատում՝ ինչո՞ւ ենք բանակցում, ձեւ՞ ենք անում»։
Կարդացեք նաև
-Դե ֆակտո վարչապետը չի տիրապետում իրականությանը եւ տեղյակ չէ։ Իսկ եթե տեղյակ է, ապա փաստացի կրկնում է ՀՀ-ի հանդեպ թշնամական տրամադրված երկրների քարոզչությունը, ոչ այլ բան։ Հետեւաբար, իր հռետորաբանությունը, տեքստերն ու մտքերը չեն բխում ՀՀ-ի, Արցախի, հայ ժողովրդի շահերից։
-Եւ, ձեր գնահատմամբ, իրականության հետ որքանո՞վ կապ ունի ՔՊ-ական պատգամավորներից մեկի պնդումը, թե Թուրքիան չի սպառնացել ՀՀ-ին։
-Տարրական գիտելիքներ ունեցող մարդը կարող է հեշտությամբ միայն վերջին երկու տարում արձանագրել առնվազն հռետորաբանության մակարդակում առկա տասնյակ, հարյուրավոր հայտարարություններ Թուրքիայի եւ Ադրբեջանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարության կողմից, որոնք ոչ թե պարունակում են սպառնալիք, այլեւ ամբողջությամբ սպառնալիք են ՀՀ-ի հանդեպ։ Էլ չասած, որ նոյեմբերի իննի կապիտուլյացիայից հետո ՀՀ սուվերեն տարածքը նվաճվել է Ադրբեջանի կողմից, որին լիակատար աջակցում է Թուրքիան՝ ոչ միայն հռետորաբանության մակարդակում, այլեւ ռազմական օգնության, հետախուզության եւ այլ բաղադրիչներում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.01.2023