Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սաֆրաստյան․ «Էրդողանի կոշտ հռետորաբանությունը Թուրքիային տեսանելի դարձնելու եւ մնացած պետություններին Թուրքիայի հետ հաշվի նստելու նպատակ է հետապնդում»

Հունվար 27,2023 23:23

Ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը «Փաստարկ» ակումբում իր տարեվերջյան ասուլիսում չէր բացառել, որ չնայած ներքին եւ արտաքին խնդիրների առատությանը, Թուրքիայի հռետորաբանությունը չի փոխվելու եւ մնալու է նույնքան հավակնոտ։

Գիտնականի կանխատեսումը իրականություն է դարձել եւ Թուրքիան հիմա արդեն Սկանդինավյան երկրների նկատմամբ է փորձում իր հավակնությունները հաստատել։ Նման կեցվածքի մասին, որ փոխանակ երկրների հետ խնդիրները քչացնելու, Թուրքիան նոր խնդիրների է պատրաստ եւ նույնքան ագրեսիվ եւ հավակնոտ դիրքերից է հանդես գալիս, պարոն Սաֆրաստյանն ասաց․«Էրդողանի կառավարման այս ուշ տարիներին Թուրքիայի քաղաքականությունը դարձել է եւ հավակնոտ եւ արկածախնդիր։ Եվ դա չի փոխվի, որովհետեւ այդ քաղաքականությունն է, որ Թուրքիային ապահովում է մեր աշխարհում տեղի ունեցող գործընթացներում բավականին տեսանելի դիրք։ Եվ դրան էլ ձգտում է Էրդողանը՝ Թուրքիային տեսանելի դարձնել եւ մնացած պետություններին ստիպել հաշվի նստել Թուրքիայի հետ։ Եվ դա արվում է ամենաագրեսիվ արտաքին քաղաքականության միջոցով, որը դժվար կանխատեսելի է։ Սա ընդհանուր գնահատականն է։ Իսկ ավելի կոնկրետ՝ կապված Թուրքիայում վերջին ամսվա զարգացումների հետ, կարեւոր է հասկանալ գործընթացների իմաստը, որոնք արտահայտվում են նաեւ արտաքին քաղաքականության բնագավառում։

Կարծում եմ՝ ամենակարեւոր խնդիրը, որ լուծում է Էրդողանը, մոտեցող ընտրություններն են։ Եվ Թուրքիայի ղեկավարության գործողությունները ներքին եւ արտաքին քաղաքականության բնագավառում զգալիորեն պայմանավորված են այդ հանգամանքով։ Կոնկրետ, երբ Շվեդիայում տեղի ունեցավ Ղուրանի հրկիզումը, Թուրքիայում եւ մահմեդական մի քանի երկրներում ցասումի ալիք բարձրացավ։ Եվ դա օգտագործվում է Էրդողանի կողմից ներքին քաղաքական պայքարում իր դիրքերը ամրապնդելու համար։ Այսինքն, օտար երկրում տեղի ունեցած գործողությունը օգտագործվում է ներքին քաղաքականության համար։ Դա արտահայտվում է նաեւ արտաքին քաղաքականության բնագավառում, երբ Թուրքիան հայտարարեց, որ գոնե ներկա փուլում ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին խոսք լինել չի կարող։։ Այսինքն, Էրդողանի արտաքին եւ ներքին քաղաքականության հիմքում դրված է իշխանությունը պահելու հիմնական նպատակը։ Եվ այդ հռետորաբանությունը միավորներ է բերում։ Էրդողանը կարողանում է խաղալ զանգվածների զգացմունքների վրա»։

Ռուբեն Սաֆրաստյանը կոշտ հռետորաբանությունը զենք է համարում Թուրքիայի իշխանության ձեռքին եւ հնարավոր համարում դրա օգտագործումը նաեւ մեր տարածաշրջանում, ինչը վտանգավոր է մասնավորապես Հայաստանի համար։ «Պետք է մենք հասկանանք, թե ինչ գործողություն կարող է իրականացնել մեր տարածաշրջանում։ Այն, որ այս տարի դեռ չեն ավարտվել ամենախոշոր ձմեռային զորավարժությունները Թուրքիայում՝ Հայաստանի սահմանների վրա, դա փաստ է։ Դրան 17 երկիր է մասնակցում, այդ թվում, Գերմանիան, Անգլիան։ Ձմեռային զորավարժությունների այսպիսի ծավալն աննախադեպ է։ Դա բացի կոնկրետ ռազմականից, նաեւ Թուրքիայի ռազմական ուժը իր սահմաններից դուրս ցուցադրելու նպատակ է հետապնդում։ Եվ սա Թուրքիայի քաղաքականության վերջին տարիների կարեւոր բաղադրիչներից է»,-ասաց նա։

Aravot.am-ը հետաքրքրվեց, եթե Շվեդիայում Ղուրանի հրկիզելը Էրդողանը ծառայեցնում է իր քաղաքական շահերին, դա չի՞ նշանակում, որ նրա համար իսլամը այնքան էլ կարեւոր չէ, որ Ղուրան այրելը նրան ձեռնտու է եւ որքան շատ նման բաներ լինեն, այնքան իր քաղաքական դիրքերը կամրանան, պարոն Սաֆրաստյանը պատասխանեց․ «Էրդողանն, ինչպես ասում են, ուղն ու ծուծով քաղաքական գործիչ է։ Իսկ քաղաքական գործչի համար նման դեպքերը, ասես, վերեւից եկած պարգեւ լինեն։ Իհարկե, նա դա օգտագործում է, այն էլ՝ ինչպե՜ս»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031