Այսօր «Այսօրվա եւ վաղվա Հայաստանը. ինչ ունենք եւ ինչին պետք է հասնել» թեմայով քննարկման ժամանակ «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանն ասաց. «Մեզ խաբում են, չի բացառվում, որ մենք ինքներս ենք մեզ խաբում: Մեզ խաբում են, թե մեր ընտրությունը ՌԴ-ի կամ Արեւմուտքի մեջ է, խաբում են, թե ընտրությունը խաղաղության կամ պատերազմի մեջ է, խաբում են, թե կա՛մ Հայաստան, կա՛մ Արցախ ընտրության թեման է: Իրականում հասարակությունն ապրում է այս նարատիվի մեջ: Ամեն մեկը, ըստ իր ինտելեկտի, դաստիարակության, ընտրություն է կատարում: Եթե անկեղծ ենք խոսում, այն վիճակը, որը կա, ընտրությունը շատ պարզ է՝ ապրելու եւ չապրելու մեջ է: Հայ ժողովրդի առաջ շատ պարզ խնդիր է դրված»:
Ըստ Վահե Հովհաննիսյանի, իշխանությունը երբեք չի ասելու ճշմարտություն, օբյեկտիվ վտանգները, որովհետեւ դա իր համար մահացու վտանգ է. «Իշխանությունը մեզ բաժանելու է արեւմտամետների, ռուսամետների, ղարաբաղապաշտների, հայաստանապաշտների, խաղաղության եւ պատերազմի կողմնակիցների, որ ասի՝ բոլորն էլ սուտ են: Բայց իշխանությունները պետք է ոչ թե աղետի սպասեն, այլ աղետը կասեցնեն: Մենք մեզ չենք հարցնում՝ ի՞նչ է ուզում անի Ադրբեջանը: Մեր հասարակությունը մինչեւ վերջ չի հասկանում, որ Ղարաբաղը խեղդելուց հետո շատ արագ կարող են էկոակտիվիստներին փոխարինել փախստական ակտիվիստներով, որոնք կգան եւ «Արեւմտյան Ադրբեջանի» իրենց տները կպահանջեն: «Արեւմտյան Ադրբեջանը» մեր Հայաստանն է՝ նրանց պատկերացմամբ: Հետո 5-6 հազար փախստական կարող է մի օր փակեն Հայաստանի ներպետական ճանապարհները, հետո պահանջեն իրենց գյուղը, հետո կարող է պարզվի Երեւանի ամբիոններից, որ մենք դա պահելու ռեսուրս չունենք»:
Վահե Հովհաննիսյանն ասաց, որ Ղարաբաղում այսօր ձեթի, բրնձի հարցը չի, այդ մարդիկ այսօր փորձում են լուծել հայկականության հարցը: Ու պետք է մտահոգ շերտը մարդկանց արթնացնի անտարբերներին, որ աղետը կանխվի, ընդդիմությունը ոչ մի բան չի անում. «15 զինվոր այրվում է, ընդդիմությունը ոչ մի քայլ չի անում, բա հետո մենք էս ժողովրդից ինչ ենք պահանջում»:
Կարդացեք նաև
ԱԺ նախկին պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր խմբի» անդամ Էլինար Վարդանյանը համաձայնեց Վահե Հովհաննիսյանի հետ, որ բոլորը մեզ խաբում են: Նրա խոսքով, միակ մարդը, որ չի խաբում, Ալիեւն է, պարզ ասում է ինչ է ուզում. «Երեւի թե մենք ինքներս մեզ խաբում ենք, որ չենք ուզում հավատալ Ալիեւին»:
Վահե Հովհաննիսյանն արձագանքեց, որ ոչ իշխանությունն է ազնիվ, ոչ ընդդիմությունը. «Օրինակ, երեկ ՌԴ ԱԳ նախարարությունից հայտարարություն եղավ, անցել է մեկ օր ու Հայաստանից ոչ մի արձագանք չկա: Լավ, իշխանությունը ձենները կտրել, նստած են, այդ հայտարարությունը պարունակում է ռիսկեր, միջին վիճակագրական քաղաքացին իր հոգսերով է, ոչ մեկը այդ մարդկանց չի բացատրում՝ ի՞նչ ասեց ՌԴ ԱԳՆ-ն: Ա՛յն Ռուսաստանի, որի խաղաղապահ զորքը այսօր կանգնած է Ղարաբաղում, որ ցեղասպանություն չլինի, ա՛յն ՌԴ-ի, որի զորքը կանգնած է Գյումրիում, որ Թուրքիային զսպող ազդեցություն ունենա, մենք չենք լսում: Այ սա է ամենավառ օրինակը առաջնորդության ճգնաժամի: Լավ, իշխանությունը վատն է, հակառակը չկա, տեղերը դատարկ են: Այսօր Երեւանի փողոցներում՝ Ռուսաստանի ԱԳՆ-ն ի՞նչ ասեց, 10-ից 9-ը չի իմանա, էն մեկն էլ սխալ հասկացած կլինի»:
«Համախմբում» շարժման անդամ Ավետիք Չալաբյանն արձագանքեց. «Մենք բոլորս բողոքում ենք, թե ընդդիմությունը չի միավորվում, կան բազմաթիվ կարող անձինք, բայց իրար հետ չեն համագործակցում: Եկեք ամեն մեկս դրա համար պատասխանատվություն ստանձնենք: Ես անձամբ դրա համար պատասխանատվություն եմ ստանձնում, ձեզ էլ challenge եմ անում, դուք էլ փորձեք ստեղծել այնպիսի հարթակներ, որ կարողանանք միասին աշխատել ու դառնալ այն այլընտրանքը, որը ի վերջո կարող է այս իշխանությանը հեռացնել»: Ըստ նրա, քանի դեռ ամեն մեկը եսակենտրոն է ու մնալու է իր «կճեպի» մեջ, արդյունքի չեն հասնելու:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ