Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան․ «31 տարի առաջ Հանրապետության հրապարակում են շարք կանգել Հայոց առաջին կանոնավոր բանակի զորամիավորումները, կազմակերպվել բանակի, մեր զենքի եւ զորքի հաղթական ոգու ցուցադրության բոլոր զորահանդեսները»

Հունվար 27,2023 21:01

Հանրային գործիչ Էդգար Ղազարյանը Հայկական զինված ուժերի կազմավորման 31-րդ տարեդարձը արժանապատիվ նշելու նպատակով դիմել էր Երեւանի քաղաքապետարան, այդ օրը՝ հունվարի 28-ին, Հանրապետության հրապարակում հանրահավաք կազմակերպելու եւ Եռաբլուր փառքի պանթեոն երախտիքի քայլերթ անցկացնելու թույլտվություն ստանալու նպատակով։ Սակայն առաջնորդվելով ոստիկանության որոշումով՝ քաղաքապետարանը որոշակի սահմանափակումներ էր սահմանել, ինչը Էդգար Ղազարյանը վիճարկել էր ՀՀ վարչական դատարանում եւ երեկ ստացել իր հայցի պահանջների ամբողջական բավարարման մասին դատարանի վճիռը։

Այսօր Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում կոչով դիմեց հանրությանը։ Նշելով, որ հայկական կանոնավոր բանակը, որ կազմավորվել է արցախյան շարժման արդյունքում, տարել բազմաթիվ փառահեղ հաղթանակներ, եղել է եւ կա հայոց պետականության գլխավոր երաշխավորը, հայ ժողովրդի ամենամեծ եւ ամենասիրված հարստություններից մեկը, այսօր ենթարկվում է բարոյահոգեբանական ճնշումների։ Սակայն վստահություն հայտնեց, որ դա ժամանակավոր է եւ հայկական բանակն այսօր էլ ի վիճակի է ամբողջությամբ կատարել սահմանադրությամբ իր առջեւ դրված խնդիրները։ «Մենք պետք է կանգնեցնենք եւ շրջենք թափանիվը։ Եվ ո՞ր օրն է այդ օրը, եթե ոչ հունվարի 28-ը՝ հայկական բանակի կազմավորման օրը, որը պետական տոն է տոների եւ հիշատակի մասին օրենքով։

Մենք պետք է տոնենք հայկական բանակի օրը, մենք՝ բոլորս, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, անկախ բանակում մեզանից յուրաքանչյուրի ներգրավվածության աստիճանից։ Հարյուր հազարավոր մարդիկ ծառայել են հայոց բանակում իբրեւ ժամկետային եւ պայմանագրային զինծառայողներ, տասնյակ հազարավոր մարդիկ որպես երկրապահ կամավորներ մասնակցել են արցախյան ազատագրական եւ ապրիլյան  պատերազմներին, պաշտպանել են մեր հայրենիքը, տասնյակ հազարավորներ զոհել են իրենց կյանքը հանուն հայրենիքի։

Նրանք ունեն ընտանիքի անդամներ, ծնողներ, զավակներ, բարեկամներ, այրիացած կանայք,, որդեկորույս մայրեր։ Եվ մենք այս ամեն ինչը պետք է հանձնենք գետնի՞ն, դրա արժեքը մենք պիտի չզգա՞նք, այս ամեն ինչը պետք է մոռանա՞նք։ Մարդիկ այդքան հեշտ պետք է ընդունե՞ն իրենց զավակի, հարազատի կորուստը, այս ամենը պետք է անարժե՞ք մնա, չպե՞տք է գնահատվի։ Ո՞նց պետք է գնահատվի։ Կենացասածությա՞մբ, մանկապարտեզներում ու դպրոցներում հանդեսներո՞վ։ Ես իմ գիտակցական ողջ կյանքում երբեք չեմ եղել մի հարսանիքի, խնջույքի, միջոցառման, որտեղ հանդիսավարը կամ ներկաներից մեկը չի առաջարկել հոտնկայս խմել Հայոց հաղթական բանակի, հայ զինվորի կենացը։ Վաղը կերեւա, թե դա գաղափարական հե՞նք ունի, թե պարզապես խմելու առիթ է։

Ես վաղը ոչ մեկին չեմ հրավիրում Հանրապետության հրապարակ։ Իմ ծնունդը չէ, իմ երեխայի կնունքը չէ, որ հրավիրեմ։ Վաղը Հայոց բանակի ծնունդն է, որը բոլորինս է։ Վաղվա հանրահավաքը իմ միջոցառումը չէ։ Վաղվա հանրահավաքի տերը մեզանից յուրաքանչյուրն է։ Ես ընդամենը Հանրապետության հրապարակում օրինական հանրահավաք անցկացնելու հնարավորություն եմ ձեռք բերել դատարանի վճռով։ Ինչո՞ւ Հանրապետության հրապարակում։ Որովհետեւ այն ոչ միայն մեր երկրի գլխավոր հրապարակն է, այլ նաեւ այն վայրը, որտեղ 31 տարի առաջ շարք են կանգել առաջին կանոնավոր բանակի զորամիավորումները,ստացել Վազգեն առաջին Վեհափառ Հայրապետի օրհնությունը, այդ հրապարակում են կազմակերպվել մեր բանակի, մեր զենքի եւ զորքի հաղթական ոգու ցուցադրության բոլոր զորահանդեսները։ Եվ վաղվա հանրահավաքը պետք է տարբերվի մյուս հանրահավաքներից։ Կրկնում եմ, ես ոչ մեկին չեմ հրավիրում։ Պարզապես տեղեկացնում եմ, որ հունվարի 28-ի կեսօրին Հանրապետության հրապարակում հանրահավաք է՝ նվիրված Հակական բանակի կազմավորման 31-րդ տարեդարձին։ Եվ վաղը այդ ժամին բոլորը հավաքվելու մեկ վայր պետք է ունենան՝ Հանրապետությանը հրապարակը, որտեղից խոնարhումի ու հարգանքի քայլերթ է լինելու Եռաբլուր փառքի պանթեոն»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031