Գյումրու կայարանում թաղամասում թմրանյութ պահելու ու օգտագործելու կասկածանքով ձերբակալել են 24-ամյա երիտասարդի։
Գյումրիում ուժեղացված հսկողություն իրականացնող պարեկային ծառայության աշխատակիցները Խրիմյան Հայրիկի փողոցում կանգնեցրել են մի ավտոմեքենա, խուզարկություն իրականացնելով՝ ձերբակալել են 24-ամյա ուղևորին։ Նույն տեղանքից 25-ամյա մի երիտասարդի վարած մեքենան էլ տարել բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից։
Ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները ձերբակալված երիտասարդի մոտ հայտնաբերել են չորացված զանգվածով պոլիէթիլենային տոպրակ, կանեփի սերմեր, ապակե 3 սրվակ։ Սրվակներից 2-ի մեջ եղել է հեղուկ, մյուսի մեջ՝ մոխրացած հետքեր:
Կարդացեք նաև
Երիտասարդը ոստիկաններին հայտնել է, որ այդ զանգվածները թմրանյութ են, որոնք անձամբ ինքն է պատրաստել վայրաճ կանեփից, իսկ սրվակների հեղուկը ցավազրկող է:
Կանեփը գրպանում շրջող երիտասարդը նաև դանակ է պահել, որքան էլ զարմանալի է, իրավապահները գաղտնի փականով ծալովի դանակ են հայտնաբերել նրա կոշիկի միջից։
Կազմված փաստաթղթերն ուղարկել են տարածքային քննչական մարմնին։
Հիշեցնենք, որ զբոսաշրջային հետաքրքիր քաղաքի վերածված Գյումրիում վերջին շրջանում անհաշվելի է դարձել թմրանյութ պահող ու օգտագործող երիտասարդների թիվը։ Որքան էլ ցավալի է՝ նրանց մեջ կան նաև անչափահասներ։
Հիմնական թմրանյութը մարիխուանան է, որը թմրամոլները մեծ մասամբ պատրաստում են իրենց իսկ աճեցրած կանեփից։ Երբեմն նաև ավելի թանկ թմրանյութ՝ կրիստալ են օգտագործում՝ ձեռք բերելով թելեգրամյան ալիքներով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ