Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախցի 18 երեխա Երեւանից վերադարձան Ստեփանակերտ․ նրանք շրջափակման պատճառով 47 օր էր՝ չէին կարողանում վերադառնալ տուն

Հունվար 27,2023 19:15

Արցախցի երեխաները, որոնք Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի շրջափակման պատճառով չէին կարողանում վերադառնալ Արցախ, 47 օր անց հայկական Կարմիր Խաչի աջակցությամբ այսօր վերադարձան տուն։

Արցախում գործող երաժշտական, մշակութային դպրոցների 18 սաները Երեւան էին եկել մանկական «Եվրատեսիլը» դիտելու, սակայն ադրբեջանցի բնապահպան ներկայացողները  երեխաների այցի հաջորդ օրը փակել էին Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։

Երեխաների խմբի ղեկավար Անահիտ Գաբուզյանն Aravot.am-ին երեկ ասաց, որ պատրաստվում են վերադառնալ, զգուշացրել էին՝ իրերը հավաքեք, պատրաստ սպասեք։ Երեկ այս լուրը չէինք հայտնել անվտանգության նկատառումներով՝ հաշվի առնելով արցախցի երեխաների մեկ այլ խմբի հետ պատահած միջադեպը։ Հիշեցնենք, որ Գորիսում ապաստանած արցախցի երեխաները հունվարի 19-ին ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ տուն վերադառնալիս «էկոակտիվիստ» ներկայացող ադրբեջանցիներն ու լրագրողները կանգնեցրել էին մեքենան, սադրիչ գործողություններ արել, նկարահանել մեքենայում գտնվող երեխաներին, որոնցից մեկն ուշաթափ է եղել։

Այսօր Արցախ վերադարձած երեխաների խմբի ղեկավար Անահիտ Գաբուզյանը մեզ պատմեց, որ չնայած Երեւանում իրենց հյուրընկալել էին, կարիքները հոգում էին, զվարճանքի վայրեր էին տանում երեխաներին, սակայն նրանք ծանր հոգեբանական վիճակում էին, այլեւս չէին դիմանում, տուն էին ուզում վերադառնալ․«Քանի օր է՝ էրեխեքը դպրոց չէին գնում, սիրտ չունեին։ Չայկովսկու անվան դպրոց էին ժամանակավոր տեղավորվել։ Բոլորն անտրամադիր, տխուր, էլ ո՛չ ուզում էին խաղային, ոչ խոսեին։ Դժվար էր, միջավայր են փոխել, նոր մարդիկ ու էրեխեք, ծնողներից հեռու։ Սթրեսի մեջ են»։

Տիկին Անահիտն ասաց, որ հենց տեղեկացել են, որ պետք է վերադառնան Արցախ, երեխաները ոգեւորությամբ սկսել են իրերը հավաքել, բայց նաեւ կասկած ունեին՝ իսկ եթե չստացվի՞։ Արդեն մոտ մեկ ժամ է՝ երեխաները վերադարձել են Ստեփանակերտ։

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031