Լրահոս
Օրվա լրահոսը

Արաբկիրի 51-րդ փողոցը կկրի դանիացի միսիոներ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Մարիա Յակոբսենի անունը

Հունվար 27,2023 18:27

Արաբկիրի 51-րդ փողոցն արդեն պաշտոնապես կկրի դանիացի միսիոներ, մեծ մարդասեր, Հայ ժողովրդի մեծ բարեկամ Մարիա Յակոբսենի անունը: Հենց նրա շնորհիվ էր, որ Ցեղասպանության տարիներին փրկվեցին հազարավոր հայ մանուկների կյանքեր, իսկ «Թռչնոց բույն» որբանոցը գաղթական ու ծնողազուրկ հայ երեխաների համար դարձավ նրանց երկրորդ տունը:

Փողոցի պաշտոնական անվանակոչումն ազդարարվեց Մարիա Յակոբսենի անունը կրող անվանատախտակով, որի հանդիսավոր բացման պատիվը վերապահվեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանին ու Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենին:

«Հայաստանի և հայ ժողովրդի պատմությանն անդրադառնալիս մենք հաճախ հիշում ենք այն փորձությունները, որ վիճակվել են մեզ և մեր նախնիներին: Սա բնական է և ճիշտ է, քանի որ այդ ամենը մեր պատմության անբաժան և կարևոր մասն է: Միևնույն ժամանակ մենք պետք է հիշենք այն անհատներին, ովքեր մեր ժողովրդի կողքին են եղել ամենադժվար ժամանակներում: Թերևս մեր ժողովրդի պատմության ամենածանր ժամանակաշրջանը Հայոց ցեղասպանության տարիներն են, և հենց այդ ժամանակ դանիացի միսիոներուհի Մարիա Յակոբսենը եկավ օգնելու հայ մանուկներին՝ իր կյանքն այդուհետ կապելով հայ ժողովրդի հետ, դառնալով մեզնից մեկը: Հազարավոր հայ մանուկների հույս դարձած Մամա Յակոբսենը, ինչպես նրան կոչում էին բոլորը, մեր պատմության լուսավոր կետերից է: Անվանակոչելով Երևանի փողոցներից մեկը Մարիա Յակոբսենի անունով՝ մենք ոչ միայն հարգանքի տուրք ենք մատուցում հայ ժողովրդի բարեկամին, այլև ամրագրում ենք նրան մեր պատմության էջերում: Կարծում եմ՝ շռայլություն է մեր քաղաքում ունենալ անանուն փողոցներ, երբ մեր պատմության մեջ ունենք այդքան նվիրյալ ազգակիցներ և բարեկամներ: Այս առումով Մարիա Յակոբսենի անվան փողոցը կլինի միայն սկիզբը: Աշխարհի ամենահայ դանիացի Մարիա Յակոբսենի ժառանգներն այսօր այստեղ են: Շնորհակալ եմ ձեզ՝ ներկա գտնվելու համար: Երևանը այսուհետ կապված է ձեզ հետ նաև այս փողոցով»,- նշել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Հայաստանում սա իմ առաջին պաշտոնական արարողությունն է, և ես շատ ուրախ եմ  գտնվել այստեղ: Երևանի ավագանու որոշումից հետո ես որոշեցի ուսումնասիրել Մարիա Յակոբսենի կենսագրությունը: Նա օգնել է շատ երեխաների ոչ միայն Հայաստանում, այլև Լիբանանում, շատ լավ տիրապետել է հայերենին, և «Թռչնոց բույն» որբանոցում նրա շնորհիվ երեխաները նաև լիարժեք կրթության հնարավորություն են ստացել:  Մարիա Յակոբսենի ժառանգության շնորհիվ է նաև, որ ես շատ հպարտ եմ, որ այստեղ եմ՝ որպես Դանիայի պաշտոնական ներկայացուցիչ»,-  նշել է Հայաստանում Դանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Անն Թովթ Սորենսենը:

Օրն այս սպասված ու կարևոր էր Մարիա Յակոբսենի ժառանգների համար: Սերնդեսերունդ փոխանցվող նրա ուղերձը հստակ էր՝ անկարելի է մոռանալ Մեծ եղեռնի տարիներին հայերի հետ կատարվածը։

Երևանի ավագանու նմանօրինակ որոշումներն ունեն մեկ նպատակ՝ հիշել այն անհատներին, ովքեր հայ ժողովրդի կողքին են եղել ամենադժվար ժամանակներում: Երևանյան այս անկյունը հասցեից բացի արդեն այլ խորհուրդ ունի:

 Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031