Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԽԽՎ-ում բոլորի համար ակնհայտ է, որ կա խնդիր, և խնդրի լուծման գնդակը Ադրբեջանի դաշտում է»․ Ռուբեն Ռուբինյան

Հունվար 27,2023 17:21

«Շատ լավ քննարկում էր։ ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերի ներկայացուցիչները արձանագրեցին, որ Լաչինի միջանցքը փակ է, դա արել է Ադրբեջանը և որ նա պետք է բացի այն, կա հումանիտար ճգնաժամ»,- Aravot.am-ի հետ զրույցում գնահատելով երեկ ԵԽԽՎ լիագումար նիստի ընթացքում Լաչինի միջանցքի թեմայով քննարկումը, կարծիք հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

Նա վստահեցրեց՝ ադրբեջանական հերքումները ոչ մեկը լուրջ չի ընդունում, ինչը կարևոր է։ Ըստ Ռուբեն Ռուբինյանի՝ սա միջազգային ճնշման մի մաս է։

Անդրադառնալով ԵԽԽՎ Բյուրոյի որոշմանը՝ այս թեմայով զեկույց պատրաստելու վերաբերյալ, Ռուբեն Ռուբինյանն ասաց․ «Սա նշանակում է, որ երեկ ոչ միայն քննարկում էր, այլև որոշակի արդյունքով քննարկում։ Մենք առաջ ենք մղում Լաչինի միջանցք ԵԽԽՎ փաստահավաք խումբ ուղարկելու գաղափարը։ Կարծես թե դա դրական արձագանք է այն ստանում միջազգային գործընկերների կողմից։ Երեկ էլ ԵԽԽՎ պատվիրակներն իրենց ելույթների մեծ մասում դա նշեցին։ Շարունակում ենք այս ուղղությամբ ճնշումը մեծացնել»։

Մեր փաստմանը՝ այս ամենով հանդերձ, Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ, Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Մենք ունենք այս իրավիճակում մի կարևոր անելիք։ Բոլոր միջազգային հարթակներում մեզ հասու մեխանիզմներով և գործիքներով ճնշումը մեծացնել Ադրբեջանի վրա։ Կարծում եմ՝ ակնհայտ է և երևում է, որ այդ ճնշումը մեծանում է: Եթե այս պահին միջանցքը բաց չէ, դա նշանակում է, որ դեռևս դա բավարար չէ, և պետք է շարունակենք մեծացնել ճնշումը»։

Հիշեցրինք՝ երեկ ադրբեջանական պատվիրակության անդամների կողմից «հարձակումներ» եղան Ռուբեն Վարդանյանի նկատմամբ, սա ինչպե՞ս կգնահատեք։ Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Դրանք խոսակցություններ են, որոնք բացարձակապես կապ չունեն Լաչինի միջանցքի փակման հետ։ Նպատակն է լղոզել իրավիճակը։ Բայց կա մի փաստ՝ կա նոյեմբերի 9-ի հայտարարություն, ըստ դրա՝ Լաչինի միջանցքը պետք է մնա ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո, այսինքն՝ ռուս խաղաղապահները պետք է իրականացնեն վերահսկողություն այդ տարածքում, և Ադրբեջանը երաշխավորի մարդկանց, բեռների, մեքենաների շարժը։ Հիմա այդ կետը խախտված է, և դա չի կարող խախտված մնալ։ Ադրբեջանցիներն ինչ ուզում է՝ ասեն, ինչ միտք արտահայտեն՝ իմ նշած փաստերն անհերքելի են»։

Փաստեցինք՝ անգամ ադրբեջանցիները ձեզ դիմեցին՝ ասելով «սիրելի գործընկերներ, Ռուբեն Վարդանյանն ուզում է Նիկոլ Փաշինյանին պաշտոնից հեռացնել», ինչպե՞ս սա հասկանալ, Ռուբեն  Ռուբինյանն ասաց․ «Դա հարցի լղոզման նպատակ է հետապնդում»։

Հարցին՝ որևէ հաղորդակցություն եղե՞լ է ադրբեջանական պատվիրակության հետ, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց՝ միջանցքներում երբ տեսնում ենք, բարևում ենք։

Նշեցինք, որ ԵԽԽՎ պատգամավորները հաճախ են ասում, որ պետք է երկու երկրները երկխոսեն, Ռուբեն Ռուբինյանն այս առնչությամբ ասաց․ «Նախկինում դա այդպես էր, բայց չէի ասի, որ այս անգամ շատ են նման կոչերը։ Բոլորի համար ակնհայտ է, որ կա խնդիր, և գնդակը խնդրի լուծման Ադրբեջանի դաշտում է։ Երեկ էլ եվրոպացի գործընկերներից մեկը հենց այդպես էլ ասաց, որովհետև իրենք են ապօրինաբար արգելափակել Լաչինի միջանցքը և իրենք էլ պիտի բացեն։ Այստեղ չկա թյուրըմբռնման, սրված հարաբերությունների հարց։ Կա կոնկրետ հարց՝ նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան կետը խախտված է, և Ադրբեջանը շրջափակել է Լեռնային Ղարաբաղը։ Եթե նկատել եք, ադրբեջանական փաստարկները հաճախ ինքնահակասող են։ Իրենք մի կողմից ասում են՝ չկա շրջափակում, մյուս կողմից սկսում են հիմնավորել, թե ինչու են այսպես կոչված «ակտիվիստները» փակել ճանապարհը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031