Լրահոս
Օրվա լրահոսը

Անշարժ գույքի շուկայում սպասողական վիճակ է. ակտիվությունը նվազել է, գները՝ պահպանվել

Հունվար 27,2023 16:27

Անշարժ գույքի շուկայում իրավիճակը հասկանալու համար Aravot.am-ը զրուցեց շուկայում գործող մի քանի գործակալությունների ներկայացուցիչների հետ, մեր բոլոր զրուցակիցները միանշանակ նշեցին, որ այս պահին շուկայում սպասողական վիճակ է, պակասել է նախկին ագրեսիվությունն ու ակտիվությունը, սակայն գները, հատկապես՝ առքուվաճառքի կայուն պահպանել են աճի ցուցանիշը, որոշակի նվազում է արձանագրվել վարձակալական շուկայում:

Այս պահին անշարժ գույքի շուկայում սպասողական վիճակ է՝ նախորդ ամիսների ակտիվությունն ու ագրեսիվությունը նվազել է. սա պայմանավորված է մեր երկրի շուրջ տեղի ունեցող գործընթացներով, ասաց Cost Consult անշարժ գույքի գործակալության նախագահ Լևոն Կոստանյանը: Նրա խոսքով, առքուվաճառքի շուկայում պահպանվում են բարձր գները, որոնք առաջիկայում աճի միտում ունեն:

Անշարժ գույքի շուկայի այսօրվա վիճակի մասին գրեթե նույնպիսի գնահատական տվեց նաև «Կենտրոն» անշարժ գույքի գործակալության տնօրեն Վահե Դանիելյանը: Նրա կարծիքով, առքուվաճառքի շուկայում գներն այս պահին պահպանում են նախկին ցուցանիշը, իսկ վարձակալության գներն արդեն 2 ամիս է՝ որոշակի նվազել են:

«Առքուվաճառքի աճը պահպանվում է, բայց իջել է ինտենսիվությունը՝ պայմանավորված արտաքին քաղաքական իրավիճակով: Վարձակալության գները մեծ մասամբ, պայմանավորված են ռուս ռելոկանտներով, նրանց մեծ մասը գնացել է Հայաստանից, և բավականին մեծ քանակով վարձակալված տներ են ազատվում: Ամեն օր առաջարկները մեծանում են. սեփականատերերը դիմում են մեզ, որպեսզի իրենց գույքը վարձով տանք, իսկ ցանկացողներն ավելի քիչ են, քան նախկինում»:

Վահե Դանիելյանի խոսքով, 2 ամսվա կտրվածքով վարձակալության շուկայում գները նվազել են 25-30 տոկոսով: Այդուհանդերձ, 2022թ. հունվարի համեմատ, 2023թ. հունվարին արձանագրված վարձակալության գները բավականաչափ բարձր են: Վարձակալության գները դարձյալ աճ կգրանցեն, եթե կրկին Ռուսաստանից ռելոկանտների հոսքը արձանագրվի:

«Անշարժ գույքի շուկայում փոքր ինչ դանդաղում կա, այսինքն` այն ագրեսիվությունը, որ կար ամռանը, այս պահին ավելի հանգիստ է, բայց հատկապես առքուվաճառքի շուկայում գների լուրջ փոփոխություն չկա, վարձակալության շուկայում գնային որոշակի փոփոխություններ կան: Ընդհանրապես վարձակալական շուկան փոքր ինչ ավելի դինամիկ է, քան առքուվաճառքինը, քանի որ վարձակալական շուկան ավելի արագ է արձագանքում եղած իրավիճակներին և շատ արագ՝ օրերի ընթացքում հարմարվում է եղած իրականության հետ: Առքուվաճառքի շուկան շատ ավելի կայուն է և որոշակի ժամանակ նույնիսկ սպասելու հնարավորություն և ունակություն ունի: Առքուվաճառքի շուկայում այս պահին աճ չկա, բայց և նվազում չկա, վարձակալության շուկայում թեև փոքր ինչ նվազում կա, բայց և սպասում կա Ռուսաստանից ժամանողների հետ կապված»,- ասաց Zaqaryan construction solutions-ի գլխավոր տնօրեն Էդգար Զաքարյանը:

Անշարժ գույքի մասնագետները չեն հասկանում, չեն ընդունում տարածված այն կարծիքը, թե արհեստականորեն են բարձրացվում անշարժ գույքի գները: Գները ձևավորվում են շուկայում, այն չի կարող արհեստական լինել, դա բնական գործընթաց է, գինն այն է, ինչ ձևավորվում է առքուվաճառքի արդյունքում, պնդում են մասնագետները:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031