Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարձը դարձրեց 200 000 ու տնից հանեց․ ո՞ւր գնայինք»․ ՊՆ-ի նախկին շենքում ապաստանածներ

Հունվար 27,2023 15:54

Պռոշյան համայնքի Գեւորգ Չաուշի խճուղի 5 հասցեում տեղակայված ՊՆ նախկին վարչական շենքում ապաստանած ընտանիքներն անորոշության մեջ են․ մի շաբաթ է, որ էլեկտրամատակարարումն անջատվել է, ջեռուցում չունեն, իսկ շենքն ազատելու խոսակցությունները հանգիստ չեն տալիս․ մարդիկ չգիտեն՝ ինչ անեն, ո՞ւր գնան։ Նրանք պարբերաբար փակում էին Երեւան-Աշտարակ մայրուղին՝ ակնկալելով կառավարության ուշադրությունն ու պարզաբանումը։

Դեպքի վայր այցելած Aravot.am-ին բնակիչները պատմեցին, որ վերջին տարիներին տարբեր ժամանակահատվածներում այստեղ ապաստանել են պատերազմի մասնակիցների, տեղահանվածների ընտանիքներ, տարբեր այլ պատճառներով տունը կորցրած քաղաքացիներ․ սոցիալապես անապահով վիճակում են, այլեւս չեն կարող բարձր գներով տուն վարձակալել։ Բնակիչներն ասացին, որ վարչական շենքը, մինչեւ իրենց բնակություն հաստատելը քանիցս թալանվել է, եւ իրենք են եղած միջոցներով դուռ-լուսամուտ, վառարան ու մահճակալ դրել, որ կարողանան գոնե նվազագույն պայմաններում ապրել։

Վահան Մնացականյանն Aravot.am-ին պատմում է, որ այս տարածքում ապաստանածներն ընտանիքի պես են՝ ինչով հնարավոր է, իրար օգնում են։ Իր որդիներից մեկը պայմանագրային զինծառայող է։ Հիմա այստեղ են, որովհետեւ տան վարձակալը տնից հանել է․ «Մի քանի օր օրավարձով մեքենայի մեջ ենք քնել, որովհետեւ եկավ տան վարձի օրը, տերն ասաց՝ այսինչն ինձ 200 000 է առաջարկում, կամ տուր, կամ դուրս արի։ Վարձը 70 000-ից այդքան բարձրացրեց։ Կինս օրը երեք հազար դրամ է աշխատում, ես էլ վարորդ էի, բայց կաթված ունեցա։ Ո՞նց անեինք»,-հարցադրում է անում Վահան Մնացականյանը։ Նրա ընտանիքը, մինչեւ այստեղ գալը, 20 տարի վարձով է ապրել։

Աշիկյանների ընտանիքն էլ երկու ամիս է, որ տեղափոխվել է այստեղ։

«Որքան հնարավոր է սարքում ենք, որ նորմալ ապրենք։ Ամուսինս Սիրիայի պատերազմի ժամանակ է ՀՀ եկել եւ միշտ վարձով ենք մնացել։ Հիմա էլ հնարավոր չէ 200 000 դրամ վարձի փող տալ։ Այստեղ ամբողջը քանդված էր, մենք ենք կարգի բերել։ Մի շաբաթ է՝ լույս չունենք, երեխաներիցս մեկը հիվանդացավ, եղբորս տանն է բուժվում»,-մեզ հետ զրույցում ասաց ընտանիքի մայրը՝ Գոհար Աշիկյանը։

Հ․ Գ․ Համացանցային հասանելի աղբյուրներն ուսումնասիրելով՝ արձանագրում ենք, որ այս շենքը եւ հարակից շինությունները երկար տարիներ՝ մինչեւ 2008թ․-ը, ծառայել են որպես ՊՆ վարչական համալիր։ Այն տրամադրվել է ՊԵԿ-ին․ նախ, կառավարության 2022թ․-ի ապրիլի 15-ի որոշմամբ ՊՆ-ին պատկանող մի քանի տասնյակ գույք, այդ թվում՝ այս շենքը, ամրացվել են պետգույքի կառավարման կոմիտեին։ Հետո՝ կառավարության 2022թ․-ի մայիսի 5-ի որոշմամբ, այն անցել է ՊԵԿ-ին։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Գեւորգ ՄԿՐՏՉՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031