Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Շարունակելու ենք ճնշումը, որ թույլ տան մեզ գնալ այդ տարածք»․ ԵԽԽՎ նախագահը՝ Լաչինի միջանցք փաստահավաք խումբ ուղարկելու մասին

Հունվար 27,2023 15:45

«Դա կախված է ներգրավված կառավարությունների կամքից՝ արդյոք այդ փաստահավաք առաքելությունը կկայանա՞, թե՞ ոչ, կլինի հաջողվա՞ծ , թե ոչ»,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ կարծիք ունեք Լաչինի միջանցք փաստահավաք խումբ ուղարկելու վերաբերյալ, մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Թինի Կոքսը։

Նա հիշեցրեց՝ երեկ Լաչինի միջանցքի շրջափակման թեմայով քննարկման ժամանակ հնչեցին բազմաթիվ կոչեր  թույլ տալ ԵԽԽՎ դիտորդներին այցելել այդ տարածք։ Այս առիթով նշեց․ «Կա հստակ վեճ ադրբեջանցի և հայ պատվիրակների միջև։ Նրանց մի մասն ասում է, որ կա շրջափակում և մարդկային ողբերգություն, մյուս մասն ասում է, որ խնդիր չկա․ միջանցքով հանգիստ կարելի է անցնել։ Այս կապակցությամբ ԵԽԽՎ-ում մեր գործընկերներից շատերը ասացին, եթե այդպես է, ուրեմն եկեք գնանք այնտեղ և տեղում տեսնենք, թե ինչ է կատարվում։ Հայաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողներն էլ իրենց հերթին հայտարարեցին, որ իրենք պատրաստ են գնալ այնտեղ և դիտարկել։ Եթե մեր զեկուցողներն այցելեն, նրանք իրենք են որոշելու, թե ինչ է անհրաժեշտ անել, այլ ոչ թե երկու երկրների կառավարությունները։ Մենք մեր անձնական աչքերով և ականջներով ենք հետևելու իրավիճակին»։

Հետաքրքրվեցինք՝ ադրբեջանական պատվիրակության հետ այս առիթով հաղորդակցություն եղե՞լ է, ո՞րն է նրանց դիրքորոշումը, քանի որ հայ պատվիրակները ևս կարևորում են փաստահավաք խմբի մուտքը Լաչինի միջանցք, ադրբեջանցիները հրաժարվո՞ւմ են թույլ տալ փաստահավաք առաքելություն, Թինի Կոքսը պատասխանեց․ «Երեկ մենք ունեցանք ընթացիկ հարցերի քննարկում, մենք ունենք համազեկուցողներ։ Պետք է շարունակենք ճնշում գործադրել բոլոր ներգրավված կողմերի կառավարությունների վրա, որ թույլ տան մեզ գնալ այդ տարածք և մեր աչքերով տեսնել, թե ինչ է տեղի ունենում այնտեղ։ Հետո մեր խորհուրդը կտանք երկու կառավարություններին ու խորհրդարաններին։ Սա է մեր աշխատաոճը։ Մենք չունենք բանակ, չունենք տնտեսական պատժամիջոցներ, մենք մեր աջակցությունն ենք տրամադրում մեր անդամ երկրներին։ Որպես անդամ երկրներ՝ դուք ունեք շատ հնարավորություններ, ինչպես նաև ունեք շատ պարտավորություններ։ Բայց եթե՝ որպես անդամ երկիր չեք կատարում ձեր պարտավորությունները, դուք ռիսկի եք գնում, որը որպես անդամ երկիր չպետք է անեք»։

Հետաքրքրվեցինք՝ որո՞նք կլինեն ԵԽ-ի՝ որպես կազմակերպության քայլերը, եթե հանկարծ պատերազմը նորից վերսկսվի Հարավային Կովկասում, Թինի Կոքսը պատասխանեց․ «Եկեք աղոթենք, որ դա չի լինի, որովհետև արդեն չափից շատ մարդիկ են մահացել ՀՀ-ի և Ադրբեջանի անկախությունից ի վեր։ Երեկ պատգամավորներից մեկն ասաց, որ դա մի տարածք է, որտեղ մարդիկ իրար կողք դարերով ապրել են։ Բայց վերջին շրջանում երիտասարդ մարդիկ են սպանվում, զինվորներ, մարդիկ բարձր գին են վճարում։ Այնպես որ, թույլ տվեք ասել երկու կառավարություններին, որ նրանք իրավունք չունենք նորից պատերազմ սկսել, դա նաև ԵԽ-ի կանոնադրությանն է դեմ։ Պետք է հավատարիմ մնալ ԵԽ հանձնառություններին և կանոնադրությանը»։

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031