Այսօր Արցախի շրջափակման 47-րդ օրն է։ Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
Aravot.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցել է Արցախի գրական ընտանիքի անդամների հետ։
«Գրողներն անհաշտ են իրականության հետ, պայքարում են՝ ով ինչքան, ով ինչպես կարող է, թե գրական, թե հրապարակախոսական ելույթներով։ Մեր հողի սուրբ նահատակների, որոնց մեջ կան նաեւ գրողներ, հիշատակն ու երբեք չպարտվելու պատգամն է, որ առաջնորդում է մեզ։ Պաշարման մեջ անգամ առավել նոր իմաստ է ձեռք բերում արցախցու անկախության հասնելու ձգտումը։ Գրողները հավատում են, որ ի վերջո, Արցախը կհասնի իր նպատակին։ Այլ ելք չկա». Արցախի գրողների միության նախագահ, Գրիգոր Նարեկացի համալսարանի ռեկտոր, բ.գ.դ., պրոֆեսոր Վարդան Հակոբյան։
Կարդացեք նաև
«Շրջափակման մեջ գտնվելն ուղղակի անտանելի է (բոլոր առումներով), սակայն մենք հերոսական ժողովուրդ ենք, համբերատար սպասում ենք վերջնարդյունքին։ Ցանկացած դժվարություն կարելի է հաղթահարել, եթե գիտես` հանուն ինչի։
Արցախցին առաջին անգամ չէ, որ հայտնվում է նման իրավիճակում, սակայն միշտ էլ ընդվզել, պայքարել և հաղթել է. ես հավատում եմ ազգիս հաղթանակին։
Տարիներ առաջ ես իմ փոքր տղայի տարիքին էի, երբ ազգովի հայտնվել էինք նման իրավիճակում, առնչվել նմանատիպ խնդիրների, թեև այն ժամանակ ամեն ինչ այլ էր, այլ էին մեր հոգեկերտվածքն ու ընկալումները։ Դժբախտաբար, պատմությունը կրկնվելու հատկություն ունի։
Անընդունելի է 21-րդ դարում բախվել այնպիսի խնդիրների, ինչպիսիք են` դատարկ խանութները, անլույս ժամերն ու անգազ օրերը, երբ երեխաները զրկված են կրթություն ստանալու հնարավորությունից, երբ ծնողը չի կարողանում ուրախացնել երեխային` գնելով նրա սիրած միրգը, քաղցրավենիքը կամ մեկ այլ բան։
Մեղմ ասած` տխուր է առատ ճաշատեսակներով սեղանների սովոր տան կնոջ հոգեվիճակը, երբ լույսերի հովհարային անջատումների համաձայն՝ իր կազմած գրաֆիկի արդյունքում թեթև ճաշատեսակով մոմի լույսի տակ սեղան է բացում, որ ընտանիքի անդամները սոված չմնան:
Այսօր հարցերը շատ են, հատկապես` «երբ»-երն ու «չես կարող»-ները, սակայն հույսը, որ անձրևից հետո արևն ավելի ուժեղ է ջերմացնում, ստիպում է դիմանալ և սպասել լուսավոր ապագայի։ Այն ապագային, երբ Արցախը մեր երազած կարգավիճակում կլինի, և արցախցին իր սրբացած հողում կապրի ու կարարի` հույսի ու լույսի առատության մեջ։ Արցախցին Արցախի հանդեպ ունեցած սիրով ջերմանալուց զատ` կունենա լույս, գազ, խանութները լեփլեցուն կլինեն, աշխատատեղերը` շատ։ Արցախցի կինը տանը մոմեր կվառի միայն ռոմանտիկ ընթրիքներ կազմակերպելու ժամանակ, իսկ արցախցի ուսումնատենչ ու տաղանդավոր մանուկը երբեք անուսում չի մնա, կսովորի, լավ մասնագետ կդառնա, որ ավելի հզոր դարձնի մեր հայրենիքը». բանաստեղծուհի, Մեսրոպ Մաշտոց համալսարանի պրոռեկտոր, բ.գ.թ. Ալիսա Բաղդասարյան։
«Անհնարին է բացատրել ինչպես եմ զգում հայրենի հողում, արյան հոտը դեռ չանցած, չսահմանավորված ազատության մեջ բանտարկվելուց հետո:
Ամբողջ ուժերս կենտրոնացնում եմ, որ սովորական առօրյայով ապրեմ՝ գուցե յուրաքանչյուրիս հանգիստ, չհուսալքված դիմադրությունը կարողանա փոխել իրավիճակը դեպի դրականը:
Դաժան է տեսնել կիլոմետրեր ձգվող մեքենաների հերթեր՝ ընդամենը 2 օրվա գազի լիցքավորման համար, 5 ժամանոց ձվի հերթեր՝ ընդամենը 1 օրվա նախաճաշ բավարարելու համար… իմ կշեռքի մյուս նժարն էլ կա՝ այս ամենն ավելի դաժան չէ 2020 թվականի աշնանային պատերազմի օրերից: Նաև խորհելու օրեր են, վերագնահատելու… Սա անզեն գոյապայքար է, սա հերթական չհայտարարված պատերազմն է հայ ժողովրդի կյանքում…
Ես ինձ հպարտ ու զորեղ եմ զգում, քանի որ մեկն եմ այն հարյուր հազարից, ովքեր զոհաբերում են իրենց «այսօր»-ը հանուն գալիք օրերի, մեկն եմ այն կենդանի սյուներից, որոնք կանգնած են ցեղասպանության համար ածիլված թրի դեմ: Որովհետև Արցախում այսօր որոշվում է հայ ժողովրդի հայրենապահպանման, լինելիության և աշխարհում դեր ունենալու հարցը: Ես և իմ ընտանիքը պատրաստ ենք անհայրենիք, անարմատ չթողնել հայությանը: Այսպես եմ դիմանում միրգ ու բանջարեղեն չուտելու, չջեռուցվող ննջարանում քնելու, բաժակով ջրվելով լողանալու, երեխայիս կրթական իրավունքը խախտվելու, աշխատավարձ չստացող ընկերներիս հուսադրելու, քառակի վճարելու դաժանություններին…
Արցախն իմ տունն է, ես նրան սիրում եմ իր բոլոր շինություններով ու ավերակներով…». բանաստեղծուհի, ԳՆՀ դասախոս Սոնա Համբարձում։
Պատրաստեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ