Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ տարվա ընթացքում ունեցել ենք 9 առաջնախաղ. Կարո Շահբազյան

Հունվար 27,2023 14:09

«2022 թվականը համարում եմ հաջողված թատրոնի համար: Երբեւէ չի եղել, որ մեկ տարվա մեջ 9 առաջնախաղ լինի: Մի խոսքով, ունեցել ենք 9 առաջնախաղ, 196 ներկայացում տարվա ընթացքում, ավելի քանի 60 հազար հանդիսատես: Սա նաեւ այն պայմաններում, որ մեր թատրոնը ժանրային առումով երաժշտական կոմեդիայի թատրոն լինելով՝ 2022թ ունեցել է շրջան, երբ նույնիսկ մտածում էինք ներկայացումներ հանելու մասին»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի տնօրեն Կարո Շահբազյանը:

Տնօրենի խոսքով, 2022թ համար կառավարությունը հատկացել էր ավելի քան 350 մլն դրամ՝ թատրոնի տեխնիկական վերազինման համար. «Մոտ 70 մլն դրամի ձեռքբերումներն արդեն եղել են, եւ թատրոնն այժմ ունի գովազդային LED էկրաններ, ժամանակակից թատերական պրոեկտոր եւ էկրան: Ձայնային, լուսային սարքավորումների համար 4 մրցույթ էր անցկացվել, բայց մասնակիցներ չեն եղել: Տարեվերջին հինգերորդ մրցույթն անցկացրեց թատրոնը, եւ վերջապես հաղթող գտնվեց 280 մլն դրամի ձայնային, լուսային տեխնիկայի ձեռքբերման հարցով: Կառավարությունը փոխանցել է թատրոնին գումարը, եւ ըստ պայմանագրի՝ մինչեւ այս տարեվերջ ձայնալուսային սարքավորումները ձեռք կբերվեն եւ կմոնտաժվեն»:

Նա կարևորեց միջազգային կապերը, միջազգային թատերական փառատոներին ավելի լուրջ վերաբերվելը, մասնակցությունը. «Մարքեթինգի մասով ունենք որոշակի բացեր, ինչը կփորձենք այս տարվա ընթացքում բարելավել: Կան խնդիրներ՝ ընդհուպ աշխատավարձերի մասով: Հնարավորությունների սահմաններում պետք է փորձենք՝ պետությունն իր հերթին, մենք էլ մեր հերթին՝ միջոցներ հայթայթենք, որպեսզի կարողանանք աշխատավարձերը բարձրացնել: Մի խոսքով, կան խնդիրներ, եւ եթե աշխատում ես, պարտավոր ես դրանք հաղթահարել»:

Կարո Շահբազյանը թատրոնի խաղացանկին էլ անդրադարձավ. «Նախորդ տարի նախատեսել էինք 4 առաջնախաղ, բայց ստացվեց այնպես, որ կարողացանք 9-ը ունենալ: Այս տարվա համար նշաձողը բարձրացրել ենք, նախատեսել ենք 8 առաջնախաղ նախորդ տարվա 4-ի փոխարեն, բայց վստահ եմ, որ ավելին է լինելու»:

Տնօրենը հավելեց, որ զուգահեռ 5 ներկայացման փորձեր են ընթանում, փետրվարի 25-26-ին արդեն նախատեսվել է պրեմիերա ՝ «Բանալի երկուսի համար»՝ ըստ Ջոն Չեպմենի եւ Դեյվ Ֆրիմենի: Բեմադրիչը Անուշ Սարգսյանն է: Փետրվարի 28-ին էլ հանդիսատեսի դատին կհանձնվի Ռիչարդ Կալինսկու «Հրեշը լուսնի վրա» ներկայացումը՝ Երվանդ Ղազանչյան թատերասրահում, բեմադրիչը Հակոբ Ղազանչյանն է: Նա նշեց. որ փորձեր են ընթանում մարտ ամսվա երկրորդ կեսին ցուցադրվելիք ներկայացման համար, Սամսոն Ստեփանյանը բեմադրում է Կարինե Խոդիկյանի «Երկու օր դրախտում» պիեսը: Նախորդ տարվա սեպտեմբեր ամսից ընթանում են «Վեսթսայդյան պատմություններ» ներկայացման փորձերը, որը մեծակտավ գործ է, եւ կհանձնվի այս տարվա սեպտեմբերին:

Կարո Շահբազյանն ի թիվս այլնի նշեց, որ կրկին հրավիրել են ռեժիսոր Արթուր Սարիբեկյանին, որը կբեմադրի «Կապույտ մորուքի յոթ կանայք» գործը: Իսկ աշնանը պատրաստ կլինի Էդուարդո դե Ֆիլիպոյի «Ցիլինդր» ներկայացումը եւ այլն:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031