Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանի փողոցներում երգողների, նկարող-պարողների, աճպարարությամբ զբաղվողների աշխատանքը կկանոնակարգվի

Հունվար 27,2023 13:48

Երեւանի զբոսաշրջային հատվածների փողոցներում, մայթերին նկարչությամբ, աճպարարությամբ, երգ ու պարով զբաղվող մարդկանց գործողությունները շուտով օրենքով են կարգավորվելու։ Կառավարության հեղինակած՝ «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը հենց այսպիսի գործունեություն ծավալող անձանց եւ խմբերին է վերաբերում եւ կարգավորման առաջին քայլն է։

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում ներկայացնելով նախագիծը՝ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն ասաց, որ նշյալ տեսակի գործունեությունը հատկապես նկատելի է Երեւանի կենտրոնում եւ անհարմարություն է պատճառում հարակից շենքերի բնակիչներին ու ոչ միայն։

«Այդպես մթնոլորտ, ճաշակ է ձեւավորվում հատկապես քաղաքի որոշ հատվածներում։ Առաջարկում ենք, որ Երեւանում եւ համայնքներում այսուհետեւ այդ գործունեության պայմանները եւ պահանջները սահմանեն համայնքների ավագանիները։ Կախված բնակավայրի առանձնահատկություններից՝ կսահմանվեն կանոններ եւ վարչական իրավախախտումների համար նախատեսված տույժեր՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի, իսկ կրկնելու դեպքում՝ 200-ապատիկի չափով։ Նախատեսվում է նաեւ անձնական սեփականության գործիքների բռնագանձում»։

Ըստ Վաչե Տերտերյանի՝ այս խնդիրը միշտ եղել է, բայց վերջերս, կապված տուրիստական ակտիվ հոսքի հետ, գործունեություն են ծավալում մարդիկ, որոնց աշխատանքը չի կանոնակարգվում․ «Հյուսիսային պողոտա, Հանրապետության հրապարակ, Գառնիի տաճար, Գեղարդի տաճարի մուտք, Գյումրիի հրապարակի հարակից տարածքներ։ Ականատես ենք մինչեւ ուշ գիշեր անհասկանալի տպավորություն ձեւավորող բաների, էլ չասած՝ ճաշակի»։

ՔՊ խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը նախագիծը ողջունեց՝ հատկապես հաշվի առնելով ուշ ժամերի տեղի ունեցող գործողությունները․ «Բայց ճաշակի մասին երբ խոսում ենք, դա սուբյեկտիվ ընկալում է։ Երբ համայնքի ավագանուն լիազորում ենք որոշում կայացնել, ի՞նչ տրամաբանություն ենք դնում դրա տակ։ Հստակ սահմանումներ կա՞ն»։

Վաչե Տերտերյանն արձագանքեց, որ մշակույթի հանդեպ վերաբերմունքը տարբեր մեկնաբանություններ ունի․ «Գնահատելն անշնորհակալ գործ կլինի։ Ավագանու որոշումը սուբյեկտիվ չէ, այն ներկայացուցչական է։ Այլ բան է, որ ավագանին մի պատկերացում կունենա կոնկրետ գործունեության հանդեպ։ Բայց հարցը շատ ենք քննարկել։ Սա ոչ թե լավագույն, այլ լավ լուծումն է, որովհետեւ այլ բան հիմա հնարավոր չէ անել։ Ավագանին որոշելու է, օրինակ, որ այսինչ տեղում եւ այսինչ ժամերին կարելի է զբաղվել նկարչությամբ։ Կամ որ Հյուսիսային պողոտայում չի կարելի լարախաղացությամբ զբաղվել՝ բացառությամբ տոները եւ փառատոնները։ Կամ, չի կարելի մինչեւ երեկոյան տասը մետրոյի մուտքի մոտ՝ նախարարության պատուհանների տակ, երգել ու նվագել»։

Արեն Մկրտչյանը շեշտեց, որ այս հարցի վերաբերյալ միջազգային փորձը հաջողված է․ «Անհատները եւ կառույցները դիմում են պետությանը եւ ստանում գործունեության լիցենզիա։ Համայնքի ավագանին համոզված է լինում, որ խոսքը գոնե կոնկրետ աստիճանի պրոֆեսիոնալիզմի մասին է։ Տեղում ստուգում են՝ եթե լիցենզիա կա, ուրեմն ոչ մի խնդիր»։

Վաչե Տերտերյանն ի պատասխան վստահեցեց, որ հաջորդ քայլը հենց դա է լինելու, որպեսզի կանոնակարգումը հստակ լինի․ «Հիմա չենք ուզում անել, որովհետեւ չենք ուզում խիստ ձեւով դաշտը փակել։ Եթե երաժշտական համույթն ուզում է ելույթ ունենալ Հյուսիսային պողոտայում, պետք է դիմի համայնքապետարան։ Եվ այնպես չէ, որ մինչեւ գիշեր ելույթ է ունենալու»։

Ապա Վաչե Տերտերյանը Հյուսիսային պողոտայում նկարողների օրինակով բացատրեց, որ նկարչին չի թույլատրվելու մի ամբողջ օր զբաղեցնել այն նստարանը, որը կարող էր ծառայել քաղաքացիներին եւ զբոսաշրջիկներին․ «Այդ նստարանը չի կարող նրա աշխատասեղանը լինել, պետք է առանձին հարմարանք ունենա, տեսքը՝ կոկիկ, շուրջը չպետք է ներկեր թափված լինեն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031