ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրակրթական ուսումնական հաստատություններ է ուղարկել «Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» ՀԿ-ի կողմից գրված «Խաղաղաշինական կրթություն» անվանումով ուսումնաօժանդակ ձեռնարկը` «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների համար նախատեսված։
Ձեռնարկը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ և երաշխավորված է ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։
Ինձ համար որպես պատմության մասնագետ, որը իրավունք ունի ցանկացած հանրակրթական ուսումնական հաստատությունում աշխատելու որպես «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչ, մտահոգում է ոչ միայն այս ուսումնաօժանդակ ձեռնարկի բովանդակային մասը, այլ նաև այն կարևորագույն հանգամանքը թե ի՞նչ գիտամանկավարժական կամ ուսումնամեթոդական հենք ունի «Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» հասարակական կազմակերպությունը, որն իրեն թույլ է տվել գրել նմանօրինակ ձեռնարկ` հանրակրթական ուսումնական հաստատությունների «Հասարակագիտություն» առարկայի ուսուցիչների համար։
Ձեռնարկը ուսումնասիրողը 1-ինը կմտածի, թե այն ուղղակի գրված է թուրք-ադրբեջանական հասարակության նման հասարակություն ունեցող դպրոցահասակ երեխաների համար, այսինքն` մի հասարակության համար, որը չի հանդուրժում այլ էթնիկական հանրույթների կամ ազգային փոքրամասնությունների գոյությունը իր երկրում և ցանկանում է բնաջնջել իր հարևան ժողովուրդներին և չի ուզում խաղաղ ապրել իր հարևան երկրների հետ։
Կարդացեք նաև
«Խաղաղաշինական կրթություն» անվանումով ուսումնաօժանդակ ձեռնարկը կոնցեպտուալ առումով չի արտացոլում և չի տալիս այն էքզիստենցիալ (գոյաբանական) անվտանգային մարտահրավերներից դուրս գալու ելքերը, որոնց առջև մեր երկիրը կանգնած է 2020 թվականի նոյեմբերի 9-ից մինչ օրս։
Ձեռնարկի ներածական բաժնում գրված է. «Խաղաղաշինական կրթության նպատակն է սովորեցնել, թե ինչպես լուծել կոնֆլիկտն (հակամարտություն) առանց բռնության, հարգել կյանքի և իրավունքների բոլոր ձևերը և ներգրավվել խաղաղության կառուցման մեջ քաղաքացիական գործունեությամբ: Այն նաև օգնում է սովորողներին գնահատել միջմշակութային բազմազանությունը, յուրացնել խաղաղ մասնակցության հմտություններ և պատկերացնել ապագան առանց պատերազմի»։
Ձեռնարկի 26-րդ էջում գրված է. «Նորվեգացի սոցիոլոգ Յոհան Գալթունը խաղաղաշինությունը սահմանել է որպես ինքնակարգավորվող հասարակարգերի ստեղծման գործընթաց, որը «վերացնում է պատերազմի պատճառները և առաջարկում այլընտրանքներ այն պարագայում, երբ պատերազմը դեռևս սպառնալիք է»։ Կոնֆլիկտի հաղթահարման մեխանիզմները պետք է «ներկառուցվեն հասարակարգի մեջ և ներկա գտնվեն այնտեղ՝ որպես ջրամբար, որից կարող է օգտվել համակարգը, ճիշտ այնպես, ինչպես առողջ մարմինն ունի սեփական հակամարմիններ ստեղծելու ունակություն և կարիք չունի ժամանակավոր բժշկական միջամտությունների»։ Այսինքն ռեալ ցեղասպանության վտանգի առջև կանգնած հասարակության մատաղ սերնդին փորձում են հրամցնել կեղծ երևակայական հիպոթեզեր, որոնց օգնությամբ հնարավոր է կանխել պատերազմները, դպրոցական երեխան պետք է իմանա, որ պատերազմներին հակազդում են քաղաքացիական գործունեությամբ, այլ ոչ թե համարժեք պատասխան ռազմական գործողությամբ։
Այսպիսով` ուսումնաօժանդակ ձեռնարկում առաջ քաշված ձևակերպումները միտված են «բթացնելու» նոր սերնդի ինքնապաշտպանական բնազդը։
Ու ամենամեծ զավեշտը նա է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը նմանօրինակ կեղծ հիպոթեզերից կազմված ուսումնաօժանդակ ձեռնարկները երաշխավորում և բաժանում է հանրակրթական դպրոցների ուսուցիչներին։
Մեր այսօրվա կրթական համակարգը առավել քան երբևէ պետք է խարսխված լինի «Ռազմահայրենասիրական» կրթության վրա, այլ ոչ թե կեղծ «Խաղաղաշինական» կրթության վրա։ Հանրակրթական դպրոցն ավարտած ցանկացած աշակերտ շատ հստակ պետք է իմանա և գիտակցի, որ իր երկրի խաղաղության միակ հիմքը ուժեղ և մարտունակ բանակ ունենալու մեջ է։
Ամփոփում
Ստացվում է, որ ադրբեջանական դպրոցներում 4-րդ դասարանից սովորեցնում են թե ինչպես կարելի է կացինով մորթել հայերին, իսկ մեր դպրոցներում ԵՄ-ի աջակցությամբ ուսումնաօժանդակ ձեռնարկների միջոցով քարոզում են «Խաղաղաշինություն»` ՀԿ-ական տրամաբանությամբ։
Ու որևէ պատահականություն չկա Նիկոլ Փաշինյանի որդեգրած «Խաղաղության օրակարգի» և «Սահմանաբնակ երիտասարդների ներուժի բացահայտում» ՀԿ-ի կողմից գրված «Խաղաղաշինական կրթություն» անունը կրող ուսումնաօժանդակ ձեռնարկի միջև։
Վանո ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կրթության հարցերով անկախ փորձագետ